×


««Անտիկվար» Լեռնիկը» եւ Ջուլիետա Ստեփանյանի տարբերվող 70-ամյակը

«Բոհեմ» թատրոնում նոյեմբերի 7-ը տոնական էր․ հանդիսատեսն առիթ ուներ ներկա լինելու ոչ միայն նոր ներկայացման, այլեւ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի ծննդյան տարեդարձին։ Նարեկ Դուրյանի բեմադրած ««Անտիկվար» Լեռնիկ» կատակերգության պրեմիերայով թատրոնը նշում էր սիրելի դերասանուհու 70-ամյակը։ BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանը եւ հետնաբեմում զրուցել ներկայացման հեղինակների հետ՝ անկեղծ խոստովանություններ լսելով Ջուլիետա Ստեփանյանից իր տարեդարձի ու երիտասարդ մնալու գաղտնիքի մասին։

«Ներկայացումը դասական սիրային եռանկյունու վրա է հիմնված՝ ամուսին, կին, սիրուհի։ Բայց ես ուզեցի մի քիչ ոչ ստանդարտ ձեւով նայել այս նյութին, դիտարկել մի քիչ նորմալ իրավիճակում, որ ոչ մեկս ապահովված չենք մեկ այլ մարդու սիրահարվելուց, օրինակ, 30 տարվա ամուսնությունից հետո։ Մի քիչ կոմիկ ձեւով ենք ներկայացրել պատմությունը, որովհետեւ կյանքն այսպես է, ոչ մի նորություն չկա սրա մեջ։ Ուզեցի այս թեման այնպես ներկայացնել, որ երեքն էլ դրական կերպարներ լինեն, որովհետեւ մենք մեղավոր չենք մեր զգացմունքների համար»,- մեր զրույցում պատմեց ներկայացման բեմադրիչն ու գլխավոր դերակատարը՝ Նարեկ Դուրյանը։


Խոսելով կերպարների եւ դերասանների ընտրության մասին՝ Դուրյանը նկատեց, որ Լեռնիկի կինը՝ Կարինեն (նրան մարմնավորում է Ջուլիետա Ստեփանյանը), իր էությամբ շատ իրատես է, իմաստուն, բայց միաժամանակ շատ ռոմանտիկ, եւ նրա հումորի մեջ այնքա՜ն դառնություն կա. «Այս բոլոր հատկանիշներն ընդհանրացնելով, պատկերացնելով՝ մտքիս հենց Ջուլիան եկավ, նրան էլ առաջարկեցի դերը, եւ շատ ուրախ եմ, որ համաձայնեց։ Սա առաջին ներկայացումն է, որտեղ մենք միասին ենք խաղում, եւ շատ ուրախ ու հպարտ եմ այդ առիթով: Ջուլիան պարկեշտության մարմնացում է, անսահման աշխատասեր ու պարտաճանաչ։ Աստված տա՝ շատ երիտասարդներ այդպիսի էներգիա ունենան այս տարիքում»։

Նարինեի կերպարում թատրոնի երիտասարդ դերասանուհի Սիրանուշ Երիկյանն է խաղում։ Հանդիսատեսը նրան ծանոթ է «Մորաքույրը Փարիզից, «Մենք ենք, մեր ստերը», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Տիկնիկների խանութ» ,«Ճտերն աշնանն են հաշվում» «Օրագիր», «Օպերացիա Նեմեսիս» եւ այլ ներկայացումներից։


Ջուլիետա Ստեփանյանը փոքր-ինչ անհանգիստ այսուայնկողմ էր անում ետնաբեմում։ Խոստովանեց՝ լավ կլիներ՝ ոչ ոք չիմանար, որ իր ծննդյան օրն է, եւ ինքը կարողանար հանգիստ խաղալ․ «Հուզվիմ գը»,- կեսկատակ ասաց նա։ Անդրադառնալով մեր հարցին՝ նաեւ ժպիտով նկատեց․ «Իմ երիտասարդության գաղտնիքն իմ 70-ամյակն է»։


Դերասանների հետ զրույցում նաեւ պարզեցինք, որ շուտով նրանց մասնակցությամբ մեկ այլ նոր ներկայացում էլ է լինելու «Բոհեմ» թատրոնի բեմում․ «Ճիշտն ասած՝ երբ Ջուլիան ասաց, որ իր ծնունդն է լինելու, մենք որոշեցինք նոր պիես գրել հենց նրա համար, բայց, ցավոք, սահմանի դեպքերը երբ եղան, դադարեցրինք աշխատանքները․ ո՛չ փորձի հավես կար, ո՛չ ուրիշ բանի։ Հիմա նորից վերադարձել ենք այդ պիեսին, հունվարին խաղալու ենք նոր ներկայացումը։ Այնպես որ, այսօր Ջուլիայի սուբյեկտիվ ծնունդն է՝ ««Անտիկվար» Լեռնիկ»-ով, Ջուլիայի օբյեկտիվ հոբելյանը հունվարին է լինելու՝ այդ պրեմիերայով»,- ասաց Դուրյանը։


Ջուլիետա Ստեփանյանն էլ հավելեց․ «Ա՛յ, դրա մեջ է իմ երիտասարդության գաղտնիքը։ Շատ ուրախ ու երջանիկ եմ նոր ներկայացումների համար»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է «Բոհեմ» թատրոնը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին