×


«Բաց հոգով եմ հայերի առջեւ ելույթ ունենում». երեւանյան բեմում Հիբլա Գերզմավան էր

Երաժշտական հրաշալի երեկոներն այս օրերին շարունակվում են մայրաքաղաքում. «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանդես եկավ աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան։

Լոնդոնի թագավորական «Քովենթում», Նյու Յորքի «Մետրոպոլիտենում», Միլանի «Լա Սկալայում», Մոսկվայի Մեծ եւ Սանկտ Պետերբուգի Մարիինյան թատրոններում ելույթ ունենալուց հետո համաշխարհային օպերային բեմի ամենապահանջված երգչուհու հզոր ձայնը հնչում էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Գերզմավան հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Դիրիժորը Բրայըն Քասլզ-Անիընն էր:

Հիբլա Գերզմավան


Երգչուհին խոստովանեց՝ անհամբերությամբ էր սպասում իր այս ելույթին. «Հայերը ջերմ ու ինձ հարազատ մարդիկ են, այդ պատճառով մեծ հաճույքով եմ եկել։ Գիտեմ նաեւ, որ հայ հանդիսատեսը նրբաճաշակ է, համերգներին գալիս է գեղեցիկ հագնված եւ գիտի, թե ինչ է ուզում: Ես բաց հոգով եմ իրենց առջեւ ելույթ ունենում»,- նշեց Գերզմավան, ապա հավելեց. «Ցավդ տանեմ, հայ հանդիսատեսի համար անակնկալ միշտ էլ կա»։

Աբխազիայի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին մեկ անգամ արդեն եղել է Հայաստանում։ Այդ օրվա տպավորությունները մինչեւ այսօր իր հետ են։ Հայ գործընկերներ եւս ունի, որոնց հետ աշխատելն իր համար մեծ հաճույք է. «Առաջին անգամ Հայաստան եկել եմ Արմեն Բարիսովիչ Ջիգարխանյանի հետ։ Ամեն ինչ հիանալի էր։ Այս փառատոնը նույնպես հետաքրքիր է եւ հրաշալի։ Ուրախ եմ, որ նման փառատոններ շատ կան եւ արդեն 23-րդ անգամ են կայանում»։

Հիբլա Գերզմավան


Երգն ու երաժշտությունը Գերզմավային ուղեկցում են փոքր տարիքից։ Նա 2001 թվականին հիմնել է «Հիբլա Գերզմավան հրավիրում է...» երաժշտական փառատոնը, որը տարիների ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ հասնելով Վիեննայի, Նյու Յորքի եւ այլ քաղաքների հայտնի համերգասրահներ:

«Իմ փառատոնը ոչ միայն դասական երաժշտությանն է նվիրված, այլ նաեւ ջազային է: Փոքր տարիքից սեր ունեմ ջազի հանդեպ։ Գիտեմ, որ Հայաստանը ջազային հետաքրքիր պատմություն ունի։ Կարծում եմ՝ երաժիշտները պետք է բազմակողմանի զարգացած լինեն»,- ասաց նա։

Հիբլա Գերզմավան


Հայկական երաժշտությունն օպերային երգչուհուն նույնպես դուր է գալիս։ Իր խոսքով՝ մի քանի անգամ առիթ ունեցել է երգել հայկական երգերը։

Դեկտեմբերի 10-ին Գերզմավան կրկին հանդես կգա հայ հանդիսատեսի առջեւ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Իր համար մեծ երջանկություն է, քանի որ այդ ելույթին երգելու է «Տոսկա»-ն։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW