×


«Սա ինձ պետք էր վատ էջեր փակելու եւ սթափվելու համար». Մարինա Գրեգի հանգիստը Շրի Լանկայում

Մարինա Գրեգն ամուսնու հետ 8-օրյա հանգիստ է վայելում Հնդկական օվկիանոսի ափին: Ուղեւորության մանրամասներն ու լուսանկարները հաղորդավարուհին վստահել է BRAVO.am-ին՝ խոսելով նաեւ աշխատանքային դադարի մասին։

«Շատ պատահական ընտրեցինք Շրի Լանկան. մտածում էինք Եգիպտոս մեկնել կամ ԱՄԷ: Առաջինում այս օրերին կոնֆերանս է անցկացվում, եւ հյուրանոցներում տեղ չկա, Քաթարում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի խաղերով պայմանավորված՝ երկրորդում էլ մեր նախընտրած հյուրանոցներն էին զբաղված։ Ո՛չ ես , ո՛չ ամուսինս Շրի Լանկայում չէինք եղել: Մեզ հետ է նաեւ քույրս, որի տարեդարձի առթիվ որոշել էինք ուղեւորություն նվիրել: Չգիտեմ՝ որքանով ստացվեց նվերը. նա շատ է վախենում էկզոտիկ կենդանիներից:)»,- պատմել է նա։


Ակտիվ հանգստի սիրահար է. «Այս շրջանում ինձ ուղղակի անհրաժեշտ էր այս հանգստությունը՝ վատ էջերը փակելու, սթափվելու, խոր շունչ քաշելու եւ առաջ շարժվելու համար: Այստեղ հանգիստն այնքան էլ պասիվ չէ. ամեն մեկը կարող է հետաքրքրություն գտնել իր համար: Տեսարժան վայրերն այնքան շատ են, որ 10 օրն էլ չի հերիքի՝ ամբողջը տեսնելու համար: Օրը սկսվում է կոկոսի հյութ խմելով, ուղեկցվում օվկիանոսի երաժշտությունը լսելով, իսկ երեկոյան նաեւ այցելում ենք մոտակա քաղաք, որտեղ իրար կողքի տեղակայված են ամենահամեղ ծովամթերք պատրաստող ռեստորանները: Երեկոյան նաեւ կենդանի երաժշտություն կա: Մեզ համար օրերը շատ արագ են անցնում. չենք հասցնում ձանձրանալ»:


Ընկերներն ու հետեւորդները գիտեն Հնդկաստանին իր յուրահատուկ վերաբերմունքի մասին. «2016-ին ընկերուհուս՝ Լուսինե Մուրադյանի առաջարկով մեկնեցի Կերալա՝ մեդիատուրի, այդ ճամփորդությունը փոխեց իմ աշխարհընկալումը առհասարակ ուղեւորությունների, հանգստի, մարդկանց մասին: Անցել են տարիներ, բայց մինչեւ այսօր ես խոսում եմ այդ ճամփորդության մասին: Սիրում եմ տարբերվող մշակույթ, կոլորիտ ու մարդկանց: Այնտեղ գտել էի այն, ինչ պետք էր: Կերալան կոչում են նաեւ Աստծո երկիր, եւ դա իզուր չէ: Այն իսկապես դրախտ է երկրի վրա: Երեւի հենց Կերալայի միտքն էլ ինձ բերեց Շրի Լանկա, որովհետեւ շատ եմ նմանեցնում երկու ժողովուրդներին, նրանց բնությունն ու ապրելակերպը»:


Երազում է լինել Մարոկկոյում. «Ոչ ոք չի չեղարկել իմ թուլությունն արաբական մշակույթի նկատմամբ:): Սիրում եմ այնպիսի երկրներ, որոնց բնակիչները եւ մշակույթը նման չեն մեզ. եվրոպական երկիր մեկնելն ինձ համար երբեք «վաու» չի եղել, դա այն է, ինչ մենք միշտ տեսնում ենք, ես սիրում եմ բացահայտել խիստ տարբերվող մարդկանց, քաղաքներ եւ մշակույթ»:


Աշխատանքային կյանքում դադար է. «Հուսով եմ՝ այս արձակուրդը կարճատեւ կլինի: Այս պահին որեւէ հեռուստաընկերության հետ չեմ համագործակցում, ուստի բաց եմ առաջարկների համար: Ունեմ մի քանի նախագիծ, ընկերներս ամեն օր ստիպում են դրանք կյանքի կոչել, բայց, անկեղծ ասած, պատերազմից եւ այսքան վատ իրադարձություններից հետո չեմ կարողանում որեւէ բան անել, կարծում եմ՝ մենակ չեմ. մարդկանց մոտիվացիան կորել է: Հուսով եմ՝ այս հանգստից հետո կվերագտնեմ ինձ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Գրեգը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW