×


Սեղանի շուրջ «Սիրո» հետ. hուշեր 1990-ականներից՝ տանիքում

Այս անգամ BRAVO.am-ը հատուկ «Սիրո» համար տանիք է բարձրացել, որտեղ տեղակայված թատրոնում վերաբեմադրվել է Սուրեն Սաֆարյանի ներկայացումը: Նրա եւ Ռոզի Ավետիսովայի հետ հանդիպել ենք սեղանի շուրջ, խոսել ներկայացման ու, իհարկե, սիրո մասին:

- Ի՞նչ է սերը ձեզ համար ու ի՞նչ բույրի հետ է ասոցացվում: Ներկայացման մեջ այն, օրինակ, վառարանի փայտի հոտն է հիշեցնում:

Ռոզի. Դե, մեր ժամանակներում արդեն փայտի վառարաններ չկան, չգիտեմ՝ ցավոք, թե հուրախություն: Ամեն ժամանակ իր սիրունությունն ու առանձնահատկությունն ունի: Շատ դժվար հարց է, չեմ մտածել, թե ինչի հետ է ասոցացվում, երեւի, հենց կյանքի. սերը միակ բանն է, որ իմաստավորում է մնացած ամեն ինչ՝ կենցաղից մինչեւ ստեղծագործելը: Ամեն ինչի դրդապատճառն է սերը:

Սուրեն. Վարկած ունեմ, թե ինչ է սերը: Երբ միտքը, ոգին եւ մարմինը հանկարծ ներդաշնակության են գալիս ու կոնկրետ անձի հետ կապված իրենց կնիքները խփում, դա էլ սերն է, իսկ զգացմունքն ասոցացվում է հիմնականում հուզմունքի, սրտի թրթիռի ու գարնան հետ:

Ռոզի Ավետիսովան


- Ներկայացումը պատմում է 90-ականներին հանդիպած ու սիրահարված զույգի մասին, այդ ժամանակների ի՞նչն եք կարոտում ու համարում, որ հիմա դրա պակասը կա:

Ռոզի. Ես փոքր եմ եղել ու հացի հերթերում չեմ կանգնել, բայց մենք լոտո ու դոմինո էինք խաղում, հարեւանների հետ ավելի ջերմ էինք շփվում, դասերը պետք է շուտ անեինք, որովհետեւ լույսը տանելու էին, արեւը մայր էր մտնելու ու դրանով ամեն ինչ ավարտվելու էր: Կարոտում եմ, երեւի, այդ շփումներն ու մտերմությունը, որը հիմա չկա: Ներկայացման մեջ էլ տեքստ ունենք, որ ամեն ինչ այնքան վատ էր, բայց կյանքը շատ ջերմ էր, հիմա ապրում ենք հարմարավետության մեջ, բայց փոխհարաբերությունները նույնը չեն:

Սուրեն. Չենք ունեցել անհոգ մանկություն, բայց բարդությունները մտերմացրել էին, եւ մարդիկ իրար մասին հոգ էին տանում: Մի կարեւոր բան էլ կար, որ հիմա պակասում է՝ գոյատեւման այդ կռիվն իր հետ բերում էր ձգտում, հիմա կյանքը հեշտ է դարձել, ինչը լավ է: Այն տարիների ձմեռներն ուրիշ էին ու իսկապես շատ ձյուն էր գալիս, բնությունն էլ մեզ հետ խաղ էր խաղում: Սահնակները, մանկության խաղերը շատ եմ կարոտում:

Սուրեն Սաֆարյանը


- Ինչի՞ց ծնվեց ներկայացումն ու ինչո՞ւ որոշեցիք պատմել 90-ականներին տեղի ունեցած սիրո պատմության մասին:

Սուրեն. 90-ականները մեր ամենաբուռն շրջանն էր, նաեւ՝ ցավը, այդ մասին քիչ է խոսվում, որովհետեւ դեռ չի սպիացել, ու կարիք զգացի գրել: Մի օր լույսերն անջատեցին, ու սկսեցինք եղբորս որդիներին պատմել այն տարիների մասին, միայն տեսնեիք, թե ոնց էին աչքերը չռած լսում, ասես այլ իրականություն լիներ: Չէին պատկերացնում, որ կարող էր դպրոցում 3-րդ դասաժամին նավթը վերջանալ, ու մեզ տուն ուղարկեին, կամ դուռը ծեծում էին՝ թեյնիկով եւ պեչենիով, սիրուն աղջիկ եւ տղա էին ներս մտնում, հանում էինք մեր բաժակներն, ու դասն ընդհատվում էր որոշ ժամանակով:

Ռոզի. Այդ պեչենիների համը կյանքում չեմ մոռանա:

Սուրեն. Այնքան խիտ էին, որ ուտելուց հետո երկար ժամանակ կուշտ էիր մնում: Հենց լույսերը տվեցին, բոլորն անցան իրենց գործերին, ու գաղափար ծնվեց գրել այդ կյանքի մասին: 2020-ին պիեսն արդեն պատրաստ էր:

- Ռոզի, Ձեր կյանքում Սուրենի «Սերն» ինչպե՞ս հայտնվեց (ծիծաղում ենք,-հեղ.) ու ինչո՞ւ համաձայնեցիք:

Ռոզի. Սուրենին դեռ ուսանողական տարիներից եմ ճանաչում, միասին աշխատել էինք նաեւ «Սիրահարված տաքսիստը» ներկայացման մեջ: «Սերն» ուղարկեց, կարդացի. ես ապրել եմ 90-ականներին, բայց փոքր եմ եղել: Հետաքրքիր էր պատկերացնել ու ստեղծել այն Աննային, որը 18 տարեկան է, ջութակ է նվագում, սիրում: Գործը ռոմանտիկ է ու սիրուն, ցանկացած մարդու դիպչում է, այդպես էլ սեղանի շուրջ ընթերցումներով մեկնարկը տվեցինք, ու էլի սերը սկսվեց սեղանի շուրջ (ծիծաղում ենք,-հեղ.):

Կերպարի ստեղծման հարցում Սուրենն է շատ օգնել, ասել, թե ինչպիսին է պատկերացնում Աննային, ինչ բնավորության գծեր ու տարակուսանք ունի: Չեմ կարծում՝ արհեստական է ստացվել, երեւի, իրոք եղել են այդպիսի մարդիկ ու, ինձ թվում է, ավելի լավ են սիրել:

«Սեր» ներկայացումը


- Կարծում եք՝ տարբեր ժամանակներում ուրի՞շ կերպ են սիրում:

Ռոզի. Բոլոր ժամանակներում էլ բոլորը սիրում են, զգացմունքը նույնն է, ուղղակի դրսեւորումներն են տարբեր, ազատության ընկալումն ու արտահայտչամիջոցները: 90-ականների 18 տարեկանները եւ մեր օրերինն իրենց աշխարհընկալմամբ շատ տարբեր են, դրա համար սիրելու ձեւը նույնը չէ:

- Սուրեն, ինչո՞ւ Ռոզիին ընտրեցիք ու ցանկացաք, որ մարմնավորի Ձեր ստեղծած Աննային:

Սուրեն. Մի քանի պատճառ կա: Հենց գրելը վերջացրի, զանգեցի Ռոզիին, որովհետեւ նրան զգացի այդ կերպարում, թեպետ իր տեսակով ու բնավորությամբ շատ տարբեր է Աննայից, դա լավ է դերասանի համար, իմ կաշառքն է իրեն, որ խաղալու է ուրիշ մարդու (ծիծաղում ենք,-հեղ.): Իր դերասանական շնորհքն ինձ դուր է գալիս դեռ սովորելու տարիներից, դրանից բացի, կա նաեւ տեխնիկական կողմ՝ պիեսում կերպարները 2 տարիք ունեն, իսկ Ռոզին այն դերասանուհիներից է, որ կարող է ե՛ւ 18 տարեկան լինել, ե՛ւ ավելի հասուն:

- Ռոզի, ինչպիսի՞ ռեժիսոր է Սուրենը՝ տանջո՞ղ է, ստեղծո՞ղ, օգնո՞ղ:

Ռոզի. Վա՜յ (ծիծաղում է,-հեղ.), Սուրոն շատ մանրակրկիտ է աշխատում, ոսկորից ու բջիջներից սկսած կառուցում է, ինչը բարդ ընթացք է, բայց հենց դա էլ, իմ կարծիքով, հաջողության հասնելու բանաձեւերից մեկն է, որպեսզի ամեն ինչ համոզիչ ու ճիշտ ստացվի: Միաժամանակ էլ ազատություն է տալիս դերասանին. տափակ կատարող չես, որ միայն իր ասածն անես: Գիտեի, որ աշխատելու ընթացքում տանջելու է ինձ, բայց արդյունքը սրտովս է լինելու, սարսափելի բան է, երբ ռեժիսորին չես վստահում, այդպես էլ է եղել ինձ հետ, չեմ ստի:

Ռոզի Ավետիսովան


- Սուրեն, ինչպե՞ս եղավ, որ հենց Դուք հայտնվեցիք ներկայացման մեջ, ոչ թե ուրիշ դերասանի վստահեցիք:

Սուրեն. Ինչքան լավ բաներ ասաց, չգիտեի, որ այդքան լավ կարծիք ունի իմ մասին (ծիծաղում ենք,-հեղ.): Արդեն պետք է փորձերը սկսեինք, նայեցի, թե ովքեր կան ասպարեզում, բայց ընտրություն անելիս հասկացանք, որ զբաղված են, հյուրախաղերի են կամ այլ պատճառներով չեն կարող: Եղան նաեւ մարդիկ, որոնց փորձեցինք, բայց մտավախություն ունեի, որ կերպարը բնավ էլ 90-ականներից չի ստացվի, այլ մեր օրերում ապրող մեկը կդառնա: Չեմ սիրում իմ ներկայացումներում խաղալ կամ ֆիլմում նկարվել, որովհետեւ բարդ է: Մի պահ եկավ, հասկացա՝ կա՛մ ես պետք է խաղամ, կա՛մ չանենք ներկայացումը: Ռոզիին էլ առաջարկեցի փորձել, եթե զգայինք չի ստացվում, կդադարեցնեինք, բայց նա ինձ շատ օգնեց, ինչի համար շնորհակալ եմ:

Ռոզի. Շատ լավ խաղընկեր է:

Սուրեն. Վատ կողմերն էլ ասա:

Ռոզի. Չէի սպասում, որ ինքը կխաղա, երբ առաջարկեց, անկեղծ ասացի. «Սուր, դո՞ւ» (պատմում է զարմացած հայացքով,-հեղ): Մտածում էի՝ այդպես գործն ավելի է բարդանալու: Վերջին անգամ ինստիտուտի տարիներին եմ իրեն բեմում տեսել եւ չգիտեի՝ ինչպես կստացվի: Բայց ի զարմանս ու հուրախություն ինձ՝ բեմում լավ գործընկեր է, որն իսկապես հանդիպում ու սիրահարվում է Աննային: Ամբողջությամբ տրվեց ու փորձեց հաղթահարել բարդությունը՝ որպես ռեժիսոր ու դերասան: Երկու գերխնդիր ուներ եւ երկուսն էլ բարդ իրագործելի, որովհետեւ հաճախ դրանք իրար խանգարում են, ոչ թե օգնում, բայց ես գոհ եմ արդյունքից:

Սուրեն. Ապրես (ծիծաղում ենք,-հեղ.):

«Սեր» ներկայացումը


- Դուք մինչեւ «Սերը» տանիք բարձրացնելը, այն խաղացել եք, ի՞նչն եք ձեւափոխել ու հարմարեցրել նոր թատրոնի պահանջներին:

Ռոզի. Այն էլ՝ շատ տարբեր բեմերում ու պայմաններում:

Սուրեն. Տանիքում լրիվ ուրիշ ներկայացում ստացվեց, քանի որ այնտեղի միջավայրը շատ հետաքրքիր ու յուրահատուկ է, բայց ներկայացման ոգին նույնը մնաց: Երբ Շողերի ու Մխիթարի հետ («Թատրոն տանիքում»-ի հիմնադիրներն են,-հեղ.) քննարկում էինք «Սերը», պետք է մի առանձնացող բան գտնեինք: Իրենց ներկայացումներում կարողանում են օգտագործել տարածքը, ու ես սկսեցի հաճախ գնալ այնտեղ ու նայել մյուս աշխատանքները: Տանիքում մեր պրեմիերան համընկավ ցրտերի հետ, ու քանի որ «Սերը» ձմեռային ներկայացում է, մենք օգտագործեցինք նաեւ բաց պատշգամբը: Դրսի տեսարաններն այնտեղ էինք խաղում, ապա մտնում ներս: Կարողացանք տանիքում մեզ ուրիշ կերպ զգալ, այնքան յուրահատուկ է պատշգամբում խաղալ, երբ իսկապես դրսում ես, մութ է, չես տեսնում հանդիսատեսին՝ ձեզ ապակիներ են բաժանում, ու ներս մտնելիս իսկապես տաքանում ես:

Սուրեն Սաֆարյանը


- Անընդհատ անհանգստանում էի ձեզ համար, քանի որ երեկոյան բավական ցուրտ է դրսում:

Ռոզի. Հատկապես ես շատ եմ մրսում, տաբատ այն ժամանակ, ցավոք, կանայք չէին հագնում, ու դա դրսում խաղալու ամենամեծ ողբերգություններից մեկն է (ծիծաղում ենք,-հեղ.):

Սուրեն. Բայց արդյունքում լրիվ ուրիշ ներկայացում ստացվեց՝ ռեալիզմի շնչով: Պիեսը գրելիս երբեք չէի մտածում, որ նման բան կլինի, ուզում էի կինոն նկարել, հույս ունեմ, որ կստացվի:

Ռոզի. Բայց ես էլ չեմ խաղա:

Սուրեն. Այս ձեւաչափի մեջ երբեք չեմ պատկերացրել գործը եւ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել՝ մեզ տանիք հրավիրելու համար: Ցանկացած թատրոն պետք է ունենա իր դեմքն ու սկզբունքները:

Ռոզի. Ներկայացման հիմքն ու փոխհարաբերությունները չեն տուժել, այն արդեն տանիքի ներկայացում է ստացվել:

«Սեր» ներկայացումը


- Դուք, Ռոզի, այնտեղ խաղալու փորձ մինչ այդ էլ ունեինք ու շատ առանձնահատկություններից տեղյակ էինք:

Ռոզի. Գիտեի, որ հետաքրքիր հարթակ է եւ ինքն է թելադրում, թե ներկայացումներն ինչպիսին պիտի լինեն: Դու փորձում ես ամեն ինչ նրան հարմարեցնել, անգամ՝ խաղալու ոճ, ձեւը, ներկայացման կառուցվածքը:

- Տանիքում միջավայրն ու մարդիկ էլ այլ են, ներկայացումից առաջ համերգ է լինում, ընթացքում գինի են վայելում, նման պայմաններում խաղալն ինչպե՞ս է:

Սուրեն. Ամեն ինչ տարբերվող գաղափարից է սկսվել, ու մարդկանց այն իսկապես հետաքրքրում է: Մուտքի մոտ նրանց դիմավորում են, ուղեկցում վերելակով, հյուրասիրում, լավ տրամադրություն ապահովում: Որպես դերասան ու ռեժիսոր էլ զգում ես, որ քո մասին հոգ են տանում. ամեն թատրոնում չէ, որ նման վերաբերմունք կա: Ամեն մտածածդ իրականանում է, որպես մասնագետ քեզ բավարարված ես զգում:

- Ներկայացման սիրելի հատվածներից խոսենք, որո՞նք են ձեզ հոգեհարազատ ու կա՞ն, որ այդքան էլ չեք սիրում:

Ռոզի. Շատ սիրում եմ տարիներ անց մեր երկրորդ հանդիպումը. կյանքը բաժանել է նրանց ու հանդիպել են արդեն ամեն մեկն իր կենսագրությունն ապրած: Հնարավոր է՝ ինձ ավելի հարմարավետ է խաղալ հասուն Աննային, քան 18 տարեկանում, երբ նա սպիտակ թղթի պես մաքուր է ու առաջին անգամ է սիրում, իսկ երբ 30-ն անց ես, հասնել այդ անկեղծությանը բարդ է: Այդ հատվածում կա նաեւ Ենգիբարյանը, որն իրենց համար այդքան ճակատագրական է դառնում: Ամենասիրելի, հարմար, հաճելի ու փափուկ հատվածն է, բայց չկա, որ չսիրեմ, պարզապես այն մեկին առանձնահատուկ կերպով եմ վերաբերվում:

Սուրեն. Սիրում եմ առաջին գործողությունն ու մեր հանդիպումը՝ անտառը, ցուրտը, մի քիչ չարաճճիություն կա այդ տեսարանում: Ինձ համար էլ դժվար է խաղալ երիտասարդ տարիքը, որն արդեն օտար է, անգամ կերպարի աչքերն են ուրիշ:

Ռոզի. Ինքը չի մրսում, դրա համար էլ առաջին տեսարանն է սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):

Սուրեն Սաֆարյանը, Ռոզի Ավետիսովան եւ Հասմիկ Բաբայանը


- Ինչո՞ւ եք այդքան բարի ու կատարյալ կերպար ստեղծել, ամեն ինչին հավատացող, մի քիչ անիրական:

Սուրեն. Ես էլ չգիտեմ, Լեւ Տոլստոյն է լավ բան ասել. «Ես չէի ուզում Աննա Կարենիան ընկնի գնացքի տակ, ինքը գնաց» (ծիծաղում ենք,-հեղ.): Իմ դեպքում էլ կերպարն այդպիսին ստացվեց՝ ի՞նչ է նշանակում շահամոլ ու սիրող, չի կարող լինել: Կյանքը նրան չի փչացնում, այդ սերն իր սրտում, միեւնույն է, մնում է: Վերջաբանն էլ է ինձ համար շատ սիրելի:

- Ինչո՞ւ եք Ենգիբարյանին այդքան անդրադարձել եք ներկայացման մեջ, առանձնանո՞ւմ է Ձեզ համար:

Սուրեն. Նա մեր մեծ ծաղրածուն է ու նաեւ կարճ ու շատ դիպուկ է գրել: Ինձ համար նա այն մաքուր տեսակի մարդն է, որը պայքարների մեջ ապրել է ԽՍՀՄ-ում, 33 տարեկանում ժողովրդական արտիստ դարձել, բայց իր նովելների մեջ չկա կենցաղային որեւէ բան, մաքրամաքուր են: Ու այնպես ստացվեց, որ նա եկավ ու տեղ գտավ ներկայացման մեջ՝ դառնալով մեր պատմության առանցքը:

- Ի՞նչ արձագանքներ ու կարծիքներ եք հիմնականում լսել մարդկանցից:

Ռոզի. Այն մարդիկ, որոնք ապրել են 90-ականներին, վերհիշում են այդ տարիները, տպավորվում ու միաժամանակ տեսնում սիրուն պատմություն: Երիտասարդ տղաներ էին եկել ներկայացումը նայելու, այնքան էին տպավորվել ու անգամ հուզվել: Հետո պատմել են, թե ինչ անսպասելի ապրումներ են ունեցել:

Սուրեն. Այն ամեն սերնդի վրա տարբեր կերպ է ազդում՝ երիտասարդները սեր են տեսնում կամ զարմանում, թե ինչպես էր հնարավոր ամեն օր զարթնել, գնալ փայտ հավաքել, չորացնել ու դրանով տաքանալ: Մեծերին գրավում է երաժշտությամբ, հագուստով, միջավայրով ու իրերով: Հույս ունեմ՝ կարոտով կհիշեն ու կմտածեն, թե ինչքան լավ բաներ կային այն ժամանակ:

«Սեր» ներկայացումը


- Ինչքան էլ կարծում ենք, որ փայտե վառարանն անցյալում է, բայց Հայաստանում դեռ շատ վայրեր կան, որ հենց այդպես էլ տաքանում են մարդիկ: Ուզում էի իմանալ, թե  վառարանը որտեղի՞ց եք գտել ներկայացման համար:

Սուրեն. Մեր տան վառարանն է (ծիծաղում ենք,-հեղ.), մի քանիսն ունենք, որոնք ծառայել են մեզ:  

- Ի՞նչ է տալու նոր տարբերակով «Սերը» հանդիսատեսին, ի՞նչ են ստանալու ու իրենց հետ տանելու:

Սուրեն. Այնպես չստացվի, որ միայն գովում ենք մեր ներկայացումը, ոմանք էլ զայրանալու են ու գնան:

Շողեր. Կարո՞ղ եմ ես այդ հարցին պատասխանել (մինչ այդ նա մեր զրույցին էր հետեւում,-հեղ.): Պրեմիերան նշանակեցինք նախատեսված ժամկետից մի քիչ շուտ ու մինչ պաստառը համացանցում կտարածեինք, ընդամենը մեկուկես օրում բոլոր տոմսերը սպառվեցին, ինչը մեզ համար էլ էր անսպասելի. չեմ գովում, զուտ փաստ եմ արձանագրում: Սա առաջին փորձն է, որ ունենք հենց ձմռան համար նախատեսված ներկայացում, ու այն նաեւ իսկական ձյան տակ կխաղան:  

- Բնական ձյան պայմաններում Ռոզին էլ ավելի շատ կմրսի (ծիծաղում ենք,-հեղ.):

Ռոզի. Իմ մասին ոչ ոք չի մտածում (ծիծաղում ենք,-հեղ.):

«Սեր» ներկայացումը


Սուրեն. Հենց տանիքի առավելությունն էլ դա է, որ բնական պայմանները դառնում են ներկայացման մի մասը: Նոյեմբերի 24-ին խաղում էիք, ու անբացատրելի բան զգացի, երբ մեր թատերական ձյունը գալիս էր, քամին այնպես էր պտտում, յուրահատուկ տեսարան էր ստեղծում:  

Շողեր. Մեկ հավելում էլ պիտի անեմ, այն ամենը, ինչին հավատում եք ու միավորվում դրա շուրջ, չի կարող չհաջողվել: Երբ կա անչափ շատ աշխատասիրություն ու անսահման սեր արածիդ նկատմամբ, ամեն ինչ էլ ստացվում է: Այն տարածքը, որտեղ հիմա խաղում են, իրականում անճոռնի ճուտիկ էր, թատրոնի ողջ անձնակազմով, դերասաններով ու ռեժիսորներով այնքան հավատացինք այդ ամենին, որ շատ սիրուն տեղ դարձավ: Մարդիկ զարմացած ասում են, թե որքան գեղեցիկ է այդ շինարարական վիճակը: Սուրենն ու Ռոզին շատ են սիրել իրենց գործն ու դա փոխանցել նաեւ մեզ:

Ռոզի. Եկանք սկզբի զրույցին, որ ամեն ինչի հիմքում սերն է՝ առ թատրոն ու քո գործ, եթե սիրում ես, հաջողվում է, որովհետեւ անկեղծ է:

Սուրեն. Ձեր հարցին պատասխանեմ, թե ինչ են տանելու մարդիկ իրենց հետ՝ սեր:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW