×


Կոնյակի բույրով ջազ՝ Երեւանում. «ARARAT Jazz Night»-ով ամփոփվեց «Yerevan Jazz Fest 2022»-ը

Երեւանյան միջազգային 8-րդ ջազ փառատոնն օրեր շարունակ մթնոլորտը ջազային նոտաներով լցնելուց հետո ամփոփվեց «ARARAT Jazz Night» երեկոյով: Հայ եւ արտասահմանցի հայտնի կատարողների մասնակցությամբ համերգներից հետո փառատոնի փակման երեկոյի հյուրը 11 «Գրեմմի» մրցանակակիր, հանրահայտ Ֆիլիպ Լասիթերն էր՝ իր բենդի հետ:

Մինչ արտիստը կբարձրանար բեմ, ներկաներն ունկնդրեցին «Mad Blues Band»-ի` Արտակ Ներսիսյանի` պարոն Հարմոնիկայի եւ Լուկաս Մադոյանի կատարումները, ինչպես նաեւ վայելեցին ARARAT կոնյակների եւ նրանց հիմքով պատրաստված կոկտեյլների համային երանգները:


Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկրում իրավիճակով պայմանավորված՝ մեծ երկընտրանքի առաջ են եղել՝ անե՞լ, թե՞ չանել փառատոնը. «Վերջին պահին որոշեցինք իրականացնել եւ մի քանի օրվա մեջ վերականգնեցինք մեր բանակցություններն արտիստների հետ: Հիմա ուրախությամբ եմ նշում, որ շատ դրական արձագանքներ ենք լսել. այս տարվա փառատոնը եւս հաջողված է: Միշտ սպասումներ կան, որ լավ կանցնի, առավել եւս, երբ լավ արտիստներ եւ բենդեր են մասնակցում, բայց որ այսչափ դրականը կլսենք, անգամ ես չէի պատկերացնում: Հանդիսատեսը կարոտել էր»:


Փառատոնն ավելի զանգվածային դարձնելու նպատակ ունեն. «Տարիներ շարունակ Երեւան ենք բերել արտիստների, որոնց հետ արդեն ընկերացել ենք՝ ԴիԴի Բրիջուոթեր, Ռիչարդ Բոնա, Մարկուս Միլլեր, Արտուրո Սանդովալ եւ այլք: Բոլորը սիրով են գալիս ու տպավորված հեռանում մեր պատմությամբ եւ մշակույթով: Բոլորին նաեւ միշտ շատ տպավորում են այստեղի մարդիկ՝ իրենց ջերմությամբ: Այս երեկոյի հյուրը եւս նույն կարծիքին է»:


Ջերմ շփման, ջազի եւ կոնյակի գեղեցիկ համադրության կիզակետում բեմ բարձրացավ Ֆիլիպ Լասիթերը եւ խմբի հետ հնչեցրեց ֆանկ, ջազ, սոուլ երաժշտություն: Արտիստի առաջին այցն է Հայաստան, ինչպես ինքը նշեց՝ վայելում է:

«Երեւանյան հանդիսատեսը հիասքանչ է: Մարդիկ իրոք ջերմ են: Դեռ միայն հասցրել եմ լինել «ARARAT» թանգարանում, որը շատ գեղեցիկ է: Անվանական կոնյակ եմ նվեր ստացել, շատ լավ անակնկալ էր, կտանեմ ինձ հետ: Ուզում եմ շրջել քաղաքով, համտեսել հայկական ուտեստներ»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ հայկական երաժշտությանը ծանոթ չէ, բայց կցանկանար ծանոթանալ:


Ջազի հայկական ասոցիացիան «Yerevan Jazz Fest»-ի շրջանակում ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հյուրընկալում է հանրաճանաչ երաժիշտների եւ համերգային երեկոներ կազմակերպում Հայաստանի տարբեր անկյուններում: Այս տարի համերգային ծրագրերը տեղի ունեցան միայն մայրաքաղաքում։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ «Yerevan Jazz Fest»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին