×


«Եթե Քեյթը թեթեւ լիներ, Տիտանիկը չէր խորտակվի». Ուինսլեթը հիշել է ծանր քննադատությունները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, որ կարիերայի սկզբում դժվարությունների է բախվել իր կազմվածքի պատճառով: Նա հարցազրույց է տվել Sunday Times-ին ու անկեղծացել է, որ դեռ թատերական ստուդիայում սովորելիս խորհուրդ են տվել խաղալ միայն գեր հերոսուհիների:

«14 տարեկան էի, երբ դերասանի վարպետության դասախոսս խորհուրդ տվեց համաձայնել նման դերերի, նա ինձ սովորաբար գիրուկ էր անվանում: Ցավալի էր այդպիսի կարծիք լսել: Նման քննադատությունը կարող է ծայրահեղ բացասական հետեւանքներ ունենալ: Առանց այն էլ երիտասարդ տարիքում շատ խոցելի ենք լինում. ոչ բոլորը կարող են անցնել այդ փորձությունը»,- նշել է նա:

Քեյթ Ուինսլեթը


Պատանի տարիքում իրեն բնավ էլ հմայիչ չի համարել, իսկ կազմվածքի հետ կապված տարատեսակ հարցերն ավելի էին բարդույթավորում: Այդ ամենի արդյունքում Ուինսլեթը որոշ ժամանակով կորցրել է հավատն իր ուժերի նկատմամբ:

47-ամյա դերասանուհին ընդգծել է, որ հիմա ավելի քիչ են հնչեցնում կարծիքներ ավելորդ քաշի կամ էլ արտաքինի մասին. «Երբ երիտասարդ էի, գործակալիս հաճախ էին հարցնում, թե քաշս որքան է: Չեմ կատակում, ուրախ եմ, որ հիմա այդ ամենը սկսել է փոխվել: Իմ դստեր սերունդը կարող է ինքն իրեն պաշտպանել: Նրանք գիտեն, որ իրենց ձայնն արժեք ունի եւ այն օգտագործում են: Ինձ այդ ամենը հիացնում է եւ զարմացնում: Երբ ես էի երիտասարդ, մենք արտահայտվում էինք միայն այն ժամանակ, երբ կարծիք էին հարցնում: Մեր օրերում երիտասարդ կանայք ավելի ուժեղ են ու հպարտանում են իրենց մարմնով»:

Քեյթ Ուինսլեթը


Ուինսլեթը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել oսկարակիր «Տիտանիկ» ֆիլմի շնորհիվ, սակայն դրանից հետո էլ քաշի հետ կապված քննարկումները նրան հանգիստ չեն թողել: Լրատվամիջոցներն ու գործընկերներն էլ նպաստել են, որ Ուինսլեթն իրեն գեր զգա: Նա հիշել է, որ դերասանուհի Ջոան Ռիվերզն անգամ կատակել է, որ «եթե Ուինսլեթն ավելի թեթեւ լիներ, Տիտանիկը չէր խորտակվի»:

«Նման խոսքերը սրտիս շատ մոտ էի ընդունում: Ստիպված էի լինում իմ հասցեին հնչող ամեն քննադատության պատասխանել, ինչի արդյունքում ինձ սկսեցին համարել ուղիղ ու համարձակ: Լրատվամիջոցները թունավորում էին կյանքս, բավական դաժան էին արտահայտվում իմ մասին, մեկնաբանում էին քաշս, չափերս, հրապարակում էին ենթադրվող դիետաս, տհաճ էր այդ ամենը կարդալ»,- ավելացրել է նա:

Քեյթ Ուինսլեթը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն


Նկարահանումներից առաջ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Ուինսլեթի համար անձնական մարզիչ էր հրավիրել, որպեսզի նա մի քանի կիլոգրամ կորցնի, սակայն ֆիլմի վերջին աշխատանքների ժամանակ Քեյթը նորից էր քաշ հավաքել: Նա ֆիլմի պրեմիերային եկել էր մարմինն ընդգրկող զգեստով, որպեսզի հատուկ ցույց տա իր կազմվածքը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին