×


Դավիթը՝ մայրիկի հետ

Ատամնաբույժ Դավիթի ճանապարհը դեպի երգարվեստ. հիթ դարձած երգեր ու նոր տեսահոլովակի շնորհանդես

Նոր անուն հայկական շոու-բիզնեսում, որ հասցրել է լսելի դառնալ նաեւ ռուսալեզու ունկնդիրների շրջանում։ Երգիչ, երգահան Դավիթ Ավագյանը, որը ներկայանում է DAVID բեմական անվամբ, նոր երգ ու տեսահոլովակ ունի, որի պրեմիերային երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։ Թե ինչպես է ստոմատոլոգ Դավիթը համատեղում մասնագիտությունը երաժշտության հետ, ինչպես է մի օր որոշել երգել իր գրած ստեղծագործությունները՝ խոսքի դժվարությունները հաղթահարելու համար, նա պատմել է մեզ հետ անկեղծ զրույցում։



«Привет, мама»՝ այսպես է կոչվում նոր երգը, որի հոլովակն առաջին անգամ ներկայացվեց շնորհանդեսի ժամանակ։ «Ես այս երգը գրել եմ մոտ մեկ տարի առաջ, այն կարծես սրտիս մի մասը լինի։ Վստահ եմ՝ ամեն մեկն իր ձեւով կընկալի երգը։ Գլխավոր իմաստն այն է, որ մեզ հաճախ թվում է՝ մենք ամենախելացին ենք, օգնության կամ խորհրդի կարիք չունենք, բայց հետո վերադառնում ենք այն մտքին, որ միայն մեր ծնողներն են մեզ ներում ու հասկանում»,- խոստովանել է երգիչը։

Նա պատմել է, որ կարիերայի սկզբում իրեն մեծապես աջակցել է Ռազմիկ Ամյանը, որը նաեւ համահեղինակել է հիթ դարձած իր «Летай» երգը։ Ասում է՝ երաժշտական աշխարհում կայացած արտիստի եւ ընդհանրապես լավ մարդու օրինակ է իր համար Ռազմիկը։ Ցավոք, նա շնորհանդեսին ներկա չէր, քանի որ այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում։

Դավիթ Ավագյանը


Իրեն աջակցած մարդկանց մասին խոսելիս Դավիթն առանձնահատուկ շեշտեց իր ընկեր եւ պրոդյուսեր Սերգեյ Օսիպյանի անունը, քանի որ հենց նա է տարիներ առաջ ոգեշնչել իրեն գնալ երազանքի հետեւից ու երգել. «Դա այն մարդն է, որին մինչեւ կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու։ Նա ինձ ոգեւորեց, որ չվախենամ, չկասկածեմ, երկար չտատանվեմ ու պարզապես փորձեմ երգել, իմ երգերը ներկայացնել մարդկանց»։

Նա հիշում է, որ մանկության տարիներին սահուն խոսքի հետ կապված դժվարություններ է ունեցել, եւ 12 տարեկանում, երբ բուժման հերթական կուրսն էր անցնում Մոսկվայում, բուժկենտրոնում գտնվող մի մարդ, որն անգամ բժիշկ էլ չէր, իրեն խորհուրդ է տվել երգելով արտահայտել միտքը․«Այդ խոսքերն ինձ համար ճակատագրական դարձան: Այդպիսով ե՛ւ բուժումս արագացավ ու ավելի արդյունավետ դարձավ, ե՛ւ ես բացահայտեցի, որ կարողանում եմ երգել, երգեր գրել՝ հավերժ սիրահարվելով երաժշտությանը»։

Դավիթը՝ մայրիկի եւ պրոդյուսերի՝ Սերգեյ Օսիպյանի հետ


Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ նա նշել է, որ իրենց տոհմում մայրական կողմից բոլորը բժիշկներ են եղել, ինքն էլ որոշել է չխախտել ընտանեկան ավանդույթը եւ ընտրել ստոմատոլոգիան։ Թեեւ սիրում է մասնագիտությունն ու արդեն չորս տարի է՝ սովորում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում եւ ուրախ է ընտանիքին երջանիկ տեսնել այդ առիթով, բայց փորձում է նաեւ համատեղել մյուս սիրելի գործի՝ երաժշտության հետ: Խոստովանում է՝ իր համար փոքր-ինչ ցավոտ թեմա է սա, որ ստիպված է բարեկամներին բացատրել՝ ինչու է ժամանակի մի մեծ մասը տրամադրում այլ գործի, ինչու չէ իրենց բոլորի նման կենտրոնանում միայն բժշկության վրա, բայց ինքը սահուն կերպով փորձում է դուրս գալ պատասխանատվության այդ մեծ զգացումի տակից։

Դավիթի «Привет, мама» երգի շնորհանդեսին


Դավիթի պրոդյուսերը՝ Սերգեյ Օսիպյանն էլ մեր զրույցում նշեց, որ առաջիկայում կներկայացվեն նաեւ հայալեզու գեղեցիկ երգեր։ Ասաց՝ մեծ պլաններ ունեն ապագայի հետ կապված եւ փորձելու են առավելագույնն անել, որ Դավիթի ցանկություններն իրականություն դառնան, որ բոլոր նոր գրվող երգերը ներկայացվեն իրենց տեսահոլովակներով ու շնորհանդեսներով՝ գրավելով ավելի շատ մարդկանց սրտեր։

Դավիթի ստեղծագործական նորություններին կարող եք հետեւել Ինստագրամում՝ https://www.instagram.com/davaav/:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին