Հայաստանում եվրատեսիլյան եռուզերը շարունակվում է, եւ դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցույթին ընդառաջ Հայաստան է վերադարձել «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռոզա Լինը: Նա հանդես կգա ինչպես առանձին, այնպես էլ համատեղ ելույթով Մալենայի հետ:
Երգչուհին այս շրջանում բնակվում է Լոս Անջելեսում եւ համագործակցում է ամերիկյան լեյբլներից մեկի հետ. «Հիմա գրաֆիկս շատ խառն է, անգամ մտածում էինք՝ չեմ կարողանա գալ, բայց ես ամեն օր այնտեղ բոլորին ասում էի` պետք է գնամ Հայաստան եւ ներկա լինեմ մրցույթին, դա շատ կարեւոր է ինձ համար, վերջապես համոզեցի բոլորին»:
«Եվրատեսիլ 2022»-ում Ռոզան զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Կիսվելով հետմրցութային ապրումների մասին՝ նշեց. «Շատ զայրացած էի, ինքս ինձ այդպիսին չէի տեսել, ոչ էլ՝ ուրիշները: Մտածում էի՝ ոնց եմ վերադառնալու Հայաստան այդ ամենից հետո, ու շնորհակալ եմ, որ լավ դիմավորեցին եւ սեր տվեցին: Իսկ «Snap»-ի հաջողությունն եկավ մեկ ամսից եւ այնպիսի մեծ ալիքով, որ անգամ չհասցրի դա հասկանալ. միանգամից ստորագրեցի պայմանագիրը, տեղափոխվեցի Լոս Անջելես: Պետք է ժամանակ անցնի, որ այս ամենը գիտակցեմ»:
Խոստովանեց՝ վստահ է եղել, որ մրցույթում լավ հորիզոնական կգրավի. «Բայց ինչպես տեսանք՝ այդպես չստացվեց: Ժամանակի առումով սխալվել էի՝ մրցույթից հետո ունեցանք մեծ հաջողություն: Իրականում մեր կյանքի ինչպիսին լինելն այդքան կախված չէ հաջողությունից: Շատ ուրախ եմ, որ իմ կարիերան այս փուլում է, ոգեւորված եմ, բայց ամեն մարդ երջանկությունն իր մեջ պետք է գտնի ու չկապի իրադարձությունների հետ»:
Ռոզա Լինի «Snap» երգը դարձել է «Եվրատեսիլ»-ի պատմության ամենաշատ լսված 2-րդ երգը Spotify-ում: Պատասխանելով BRAVO.am-ի հարցին՝ միջազգային պայմանագրի առկայությունը ենթադրո՞ւմ է ոճի փոփոխություն արտաքինի եւ երաժշտության հարցում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, երգչուհին նշեց. «Երեւի հաջորդ քայլն այն է, որ ես պետք է լինեմ այն, ինչ կամ: Իրենց մի քիչ բարդ է ինձ բան թելադրել: Փորձում եմ վերցնել կարեւոր բաները, գիտակցում եմ, որ մեծ փորձ ունեն, բայց հագուստի կամ երաժշտության մասով ցանկանում եմ ինքս ինձ հավատարիմ մնալ: Բնականաբար, առաջին ձայնասկավառակում «Snap»-ի նման երգեր չեն լինի, քանի որ ամեն օր նոր մտքեր են ծագում, ինչը նշանակում է՝ դու որպես արտիստ աճում ես»:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: