×


Նոնա Թելոյանը՝ 31-ամյակի, դեպրեսիվ ծննդյան տոների եւ կարեւոր հեռախոսազանգի մասին

«Ծննդյանս տոները սկսում են դեպրեսիվ դառնալ, որովհետեւ, գրողը տանի, ես զգում եմ՝ ինչպես է երիտասարդության հետ թռչում ժամանակը»,- BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է Նոնա Թելոյանը, որն այսօր նշում է իր 31-ամյակը: Դերասանուհին ժպիտով ասում է, որ ժամանակի հետ կռիվ ունի, իսկ տարիքը չզգալուն խոչընդոտում են կիսատ մնացած անելիքները:

Նոնան երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում. «Դա կնշանակի այլեւս չունենալ քո ամենաթաքուն ու անձնական անկյունը, քանզի մենք այն ենք, ինչի մասին երազում ենք: Ես չեմ սիրում ամենքին ինձ շատ մոտ թողնել, սա իմ տարածքն է եւ այնտեղ մի քանի հոգու համար տեղ կա»:

Նոնա Թելոյանը


Դերասանուհին սովորություն ունի տորթի մոմերը փչելիս պահել սրտում չտեղավորվող երազանքները, բայց այս տարի երազանք չի ունեցել ո՛չ տարվա ընթացքում, եւ ո՛չ էլ տորթի մոմերը փչելիս. «Հանկարծ հասկացա, որ էլ ոչ մի պահ չեմ ուզում մտածել ապագայի մասին, քանի որ այն վերցնում է շատ թանկ պահեր իմ ներկայից: Ներկան ինձ նվեր է Տիրոջից, եւ ես այդ նվերը պիտի գնահատեմ ու սիրեմ ամենաթանկ վերաբերմունքով»:

Ցավոք, Նոնան չի հիշում, թե որ տարիքում է գիտակցել՝ ինչ է երազանքը եւ ինչպիսի երազանքներ է ունեցել, փոխարենը գիտի որդու՝ Էդուարդի առաջին երազանքի մասին. «Պարտավոր ենք իմանալ նրանց երազանքների մասին, որոնց սիրում ենք առանց պայմանների, որովհետեւ հնարավոր է՝ այդ երազանքի գլխավոր դերակատարը մենք ենք եւ մեծ անելիք ունենք: Ովքեր գիտեն, թե ինչի մասին ենք երազում, ապա իսկապես սիրում են մեզ»:

Նոնա Թելոյանը


Նոնան անկեղծանում է, որ միշտ երազել է երեք բալիկ ունենալու մասին՝ երկու տղա եւ վերջում աղջիկ: Բայց հիմա, երբ հասկանում է, որ պատասխանատու է Էդուարդի յուրաքանչյուր երազանքի, նրան երջանիկ մարդ կերտելու ու նաեւ սեփական ժամանակն ունենալու համար, իսկապես չգիտի, թե երբ կկարողանա այդ երազանքն իրականացնել:

Նշենք, որ այս շրջանում նա զբաղված է իր հեղինակային հաղորդմամբ, որը կոչվում է «Տարբերություն». «Երբ հասկացա, որ հոգնել եմ իմ սիրելի ճանաչված անձանց հարցազրույցները լսել, քանի որ հարցերն անընդհատ կրկնվում էին, ծնվեց «Տարբերությունը», որտեղ հարցերի 90%-ը երբեք չեն հնչել եթերում»:

Նոնա Թելոյանը


Խոսելով 31 տարվա ընթացքում իր բնավորության փոփոխությունների մասին՝ դերասանուհին հավատացնում է, որ միշտ հաստատուն կանգնում է իր կյանքի արժեքների կողքին եւ հասկանում, որ  զգացողություններին ավելի շատ է պետք հավատալ. «Համոզվել եմ, որ բոլոր զգացողություններս ուղարկված են բանականության կողմից:  Հնարավոր չէ զգալ առանց ուղեղի: Սխալը նրանում է, որ զգացողությունը նորից հետ ենք ուղարկում ուղեղ, եւ ճանապարհին ամեն բան փոխվում է»:

Անդրադառնալով բացասական փոփոխություններին՝ Նոնան ասում է, որ խնդիր ունի բարձր ինքնագնահատականի հետ. «Միշտ խիստ եմ դատում ինքս ինձ ու հաճախ չեմ հավատում իմ ուժերին: Պարտադիր է, որ կողքիս գտնվեն ինձ հավատացողները»:

Նոնա Թելոյանը


Ծննդյան տարեդարձի դրական կողմերից մեկը նվերներն են: Դերասանուհին հիշում է, որ դեռ մանկությունից ամենաթանկ ու սիրելի նվերները եղել են խաղալիք արջուկները: Առաջին արջուկը յոթ տարեկանում է ստացել, ու մինչ այսօր դրանք իր համար ամենացանկալի նվերներն են: Սակայն անակնկալներ ու նվերներ ինքն այդքան էլ չի սիրում:

Նոնան հատուկ նշում է, որ իր համար կարեւոր ու թանկ էին շնորհավորական հեռախոսազանգերը լուսահոգի Վահե Շահվերդյանի կողմից:
Ինքն իրեն հոբելյարը մաղթում է երբեք չհեռանալ Աստծուց. «Շատ կարեւոր է նաեւ ազատության չափաբաժինը ավելացնել եւ չանել այն ամենը, ինչը չեմ ուզում»:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոնա Թելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW