×


«Գնում ենք թանգարան» ինտերակտիվ գիրքն արվեստ կմատուցի երեխաներին եւ նրանց ծնողներին

«Գնում ենք թանգարան» ու սովորում, թե դա ինչ է, ինչպես դիտել արվեստի գործը, ինչպես վարվել թանգարանում եւ կոնկրետ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի օրինակով բացահայտում արվեստի գործեր։ Խոսքը նոր լույս տեսած «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի մասին է, որը նախատեսված է երեխաների, ծնողների եւ բոլոր արվեստասերների համար։ Գաղափարի հեղինակն ու իրագործողը հենց Գաֆէսճեան արվեստի կենտրոնն է։

«Գրքի գլխավոր կերպարը կատուն է՝ Ֆերնանդո Բոտերոյի հանրահայտ քանդակը, որն առաջինը ժամանեց Գաֆէսճեան քանդակների պարտեզ։ Այն կարծես ուղղորդում է ընթերցողին. երեխաները բազմակողմանիորեն ծանոթանում են արվեստին, սովորում են՝ ինչպես ընկալել այն, հատկապես որ մեզ մոտ ներկայացված են ժամանակակից արվեստի շատ նմուշներ։ Եվ ամեն բաժնի վերջում կան նաեւ գիտելիքներն ամրագրող նյութեր, օրինակ՝ խաչբառեր, ստեղծագործական ու նկարչական հատվածներ եւ այլն»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։


Նա ասաց, որ գիրքը նվիրված է Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամի գործունեության 20-ամյակին եւ նախատեսված է 6-ից բարձր տարիքի մարդկանց համար, այսինքն՝ այն կարող է հետաքրքրել ոչ միայն երեխաներին, այլեւ մեծերին․ «Գիրքն այնքան գրավիչ է եւ այնքան հետաքրքիր գիտելիքներ է տալիս, որ մեծերը նույնպես կարող են ինքնակրթությամբ զբաղվել։ Օրինակ՝ շատ հետաքրքիր տեղեկություններ կան մեզ մոտ ներկայացված մի շարք արվեստի նմուշների մասին՝ թե ինչ ծագում ունեն, ինչ նյութերից են պատրաստված, ինչ գաղափար է արվեստագետը փորձել փոխանցել եւ այլն»։


Վահագն Մարաբյանը նկատեց՝ սա նաեւ թանգարան այցելության մշակույթ է ձեւավորում, որպեսզի մարդիկ իրենց եւ երեխաների համար օգտագործեն այս հնարավորությունը՝ մտահորիզոնն ընդլայնելու, թանգարանային արվեստին ծանոթանալու եւ գիտելիքներն ավելացնելու. «Մեզ մոտ միշտ կա այդ միջավայրը. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը միշտ անվճար է բոլոր այցելուների համար, ինչպես նաեւ ունենք անվճար կրթական ծրագրեր։ Կարող են օգտվել նաեւ «Ստեղծիր քո շրջայցը» բջջային հավելվածից, որը նույնպես մենք ենք ստեղծել։ Օգտատերը կարող է ընտրել, թե որ ցուցասրահներն է ուզում այցելել, որ գործերն է ուզում բացահայտել։ Այս գրքում կա նաեւ այդ հավելվածի հղումը»։


Հավելենք նաեւ, որ ինտերակտիվ գիրքը կարող եք ձեռք բերել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի խանութ-սրահից, որտեղ գրքերի կողքին վաճառվում են նաեւ ձեռքի աշխատանքներ, արվեստի գործեր տարբեր հեղինակներից։ Ի դեպ, այս ամենից կարող եք նաեւ հետաքրքիր ու ինքնատիպ Ամանորի նվերներ ընտրել երեխաների ու մեծերի համար։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին