×


«Ամեն անգամ նրան գրկելիս հուզվում է»․ ծնվել է Նոննա Գրիգորյանի ու Վահագն Կիրակոսյանի երկրորդ դուստրը

Դերասանուհի Նոննա Գրիգորյանի եւ պարող, բեմադրիչ-պարուսույց Վահագն Կիրակոսյանի ընտանիքը համալրվել է։ Երջանիկ ծնողները նորածնին Վիվիեն են անվանել։ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է երկար դադարից հետո երկրորդ երեխային ունենալու որոշման, մեծ դստեր արձագանքի եւ իրենց զգացողությունների մասին։

«Հետաքրքիր էր, որ երբ մեր ընկերներին ու հարազատներին ասացինք՝ երկրորդին ենք սպասում, բոլորը վստահ ասացին՝ տղա է։ Մեզ էլ փոխանցվեց այդ վստահությունը ու սկսեցինք տղայի անուն ընտրել: Բայց մի օր այնպիսի խղճի խայթ զգացի՝ մտածելով «բա որ աղջիկ լինի այս երեխան, ի՞նչ պիտի անենք, նույնիսկ անուն չենք որոշել», թեեւ հղիության շատ վաղ շրջանն էր դեռ։ Զանգեցի ամուսնուս, ասացի՝ «Վահագ, եթե աղջիկ լինի, արի Վիվիեն անվանենք»։ Վայրկյանական ասաց՝ հարց չկա, ինձ թվաց՝ կատակում է։ Այնպես որ, մեր բալիկի անունը Վիվիեն է։ Ես սիրում եմ այդպիսի ինքնատիպ անուններ, ինչպես մեր առաջնեկինն է՝ Էլվիայինը»,- պատմել է Նոննան։


Խոստովանում է՝ երեխա ունենալուց հետո աստվածային զգացողություն է իջնում ծնողի վրա, որը ոչ մի բառով նկարագրել հնարավոր չէ․ «Այդ կապվածությունը, այդ աննկարագրելի մեծ սերը․․. Շատ զորավոր զգացողություն է։ Ոչինչ մարդուն այնքան անզոր, այնքան թույլ չի դարձնում, երեւի, ինչքան նորածին երեխան։ Նրա այդ անմեղ հայացքը, շունչը, նույնիսկ լացը, նրա յուրաքանչյուր ձայնը. անպատմելի է պարզապես»։

Ինչ վերաբերում է փոքրիկ Էլվիային, ապա նա ինն ամիսների ընթացքում մեծի պես խնամել է մայրիկին ու սպասել քրոջ լույս աշխարհ գալուն։ Նոննա Գրիգորյանը պատմում է, որ խանդի որեւէ նշույլ չկա, Էլվիան շատ է սիրում նորածին Վիվիենին, նույնիսկ երբ նրան գրկում կամ սիրում է, անընդհատ հուզվում է, ասում է՝ չէր պատկերացնում, որ իր հետ կարող էր այսպիսի բան կատարվել։

Դերասանուհին նաեւ պատմել է, որ ամուսինը՝ Վահագնը, իր հետ հավասար կիսում է տան հոգսն ու երեխայի խնամքը․ «Շատ հաճելի է, թե՛ հիվանդանոցում, եւ թե՛ դրանից հետո նա միշտ կողքիս է։ Գիշերը հերթափոխով ենք պահում երեխային, ինչպես նաեւ ցերեկը՝ այս բարդ շրջանում, որովհետեւ կնոջ համար դժվար է ծնունդից անմիջապես հետո միայնակ խնամել երեխային։ Դա նաեւ շատ հետաքրքիր զգացողություններ է առաջացնում ամուսինների միջեւ, հոր եւ երեխայի միջեւ»։


Հիշում է, որ առաջին երեխայից հետո իրեն էլ չի հաջողվել խուսափել հետծննդաբերական սթրեսներից ու տրամադրության անկումներից՝ կապված կազմվածքի փոփոխությունների, պատասխանատվության ու կապվածության մեծ զգացումի եւ միանգամից աշխատել չկարողանալու հետ։ Իսկ հիմա, երբ արդեն մեկ անգամ անցել է այդ ամենի միջով եւ երեխա խնամելու լիարժեք փորձ ունի, շատ հանգիստ է երկրորդ երեխայի հարցում։ Ասում է՝ ավելի համբերատար է ու ավելի գիտակից․ «Արդեն որպես փորձված ծնող՝ նույնիսկ կարելի է երրորդ երեխայի մասին էլ մտածել(ծիծաղում է, - հեղ.)»։

Նոննա Գրիգորյանը նշում է, որ Վիվիենն իր ծննդով նոր շունչ է տվել իրենց կյանքին, ու կարծես նոր էջ են սկսում․ «Տա Աստված, որ այդ էջերը լուսավոր լինեն»,- հավելել է նա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին