×


Էնթոնի Հոփքինսը շնորհավորել է բոլորի Ամանորն ու նշել սթափ լինելու 47 տարին

Դեկտեմբերի 31-ին 85-ամյակը նշող Էնթոնի Հոփքինսը յուրահատուկ տոնական ուղերձ է հղել: Նախ բոլորին առողջ 2023 թվական է մաղթել, իսկ որեւէ կախվածության դեմ պայքարողներին կոչ է արել չամաչել ու դիմել օգնության խնդրանքով: Դերասանը նաեւ խորհուրդ է տվել գնահատել սեփական կյանքը:

Նա երկրպագուների համար ավանդական ամանորյա ուղերձ է նկարահանել ու պատմել, որ նշում է ալկոհոլ չօգտագործելու ու սթափ լինելու 47 տարին:





Կրկնակի օսկարակիր դերասանը պատմել է, որ կյանքի մեծ մասը պայքարել է հարբեցողության դեմ:

«Բարի եղեք ձեր ու մյուսների նկատմամբ: Հեռու մնացեք վատ շրջապատից, որտեղ ձեզ նեղացնում են: Ապրեք ձեր կյանքով ու հպարտացեք դրանով», -ասել է Հոփքինսը:

Նա խոստովանել է, որ 47 տարի առաջ հուսահատ է եղել ու համարել, որ ապրելու քիչ ժամանակ է մնացել: Մինչդեռ նրա կյանքը սկսել է կտրուկ փոխվել, երբ հասկացել է, որ օգնության կարիք ունի: Դերասանը խորհուրդ է տվել նման իրավիճակում հայտնված բոլոր մարդկանց հետեւել իր օրինակին:

«Որտեղ էլ լինեք, օգնություն խնդրեք: Չամաչեք դրանից: Հպարտացեք ձեզնով: Ինչ էլ անելիս լինեք, որեւէ մեկին թույլ չտաք ձեզ նվաստացնեն: Գովեք ձեզ, ինչպես ես եմ անում, թեեւ ինքս էլ ըստ էության ոչինչ չգիտեմ: Սիրում եմ բոլորիդ: Շնորհակալություն», -եզրափակել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին