«Բայց դու չես գալիս, միայն քո մասին եմ լալիս, քեզ եմ կարոտել, արի մոտս, սիրելիս»` տարիներ առաջ երգեց Արսեն Սաֆարյանն ու նոր հույզեր պարգեւեց սիրահարներին:
Եվ ահա 2023-ի տոների նախօրեին Սաֆարյանն ու դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը յուրահատուկ պոետիկ մատուցմամբ ու գեղեցիկ հոլովակով են ներկայացրել կատարումը:
Նկարահանման ընթացքի ու համատեղ աշխատանքի մասին BRAVO.am-ին պատմել է Արեւիկ Գեւորգյանը:
«Մինչ այս արդեն 2 անգամ ընտրել էի հին երգեր ու պոեզիայի միջոցով մատուցել: Եղել էին Սիրուշոյի եւ Արսեն Սաֆարյանի «Ուղղակի»-ն եւ Արամ MP3-ի «Կուզես»-ը:
Արսեն Սաֆարյանի այս երգի մասին երկար ժամանակ էի մտածում, բայց քանի որ վերջնական չէի պատկերացնում, թե այն ինչպիսին է լինելու, չէի շտապում: Երբ որոշեցի, թե ինչ պատմություն եմ ուզում դնել հիմքում, հանդիպեցի օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հետ ու միասին գաղափարիս միս եւ արյուն տվեցինք:
Սուրենի հետ այս ձեւաչափով մեր առաջին աշխատանքն էր: Նոր գործ սկսելիս իմ ընկալումն էմոցիոնալ է լինում ու քիչ եմ մտածում, թե մտքերս ինչպես ենք նկարելու: Սուրենը ոսկերչի պես էր աշխատում եւ տեսախցիկով մանրանկարչություն անում: Սիրուն, արագ, հեշտ ու հաճելի էր նրա հետ համագործակցելը:
Շնորհակալ եմ Արսենին, որ համարձակ գտնվեց ու պատրաստ էր գաղափարներիս կյանք տալ: Անձամբ չէի ճանաչում նրան, բայց երբ սկսեցինք շփվել, հիացա նրա հիանալի մարդկային որակներով: Ուրախ եմ, որ Արսենին ճանաչելու առիթ ունեցա:
Նկարահանումներն արել ենք Դիլիջանում, եղանակը մեր օգտին էր՝ աշնան վերջն ու ձմռան սկիզբն էր. սիրուն արեւ էր, հեքիաթային էր ամեն ինչ: Իհարկե, մրսում էի, բայց արդեն իմունիտետ ունեմ ու էլ նկարահանման հրապարակում ցուրտ չեմ զգում:
Բոլորիս համար այս հոլովակը, երգը, բառերը շատ կարեւոր էին, թիմում մարդ չկար, որ վառված չլիներ նրանով: Դրա համար շատ սրտատրոփ էինք անում ու նուրբ էինք ամեն ինչին վերաբերվում՝ փորձելով ոչ մի բանով գործին հանկարծ չվնասել, որովհետեւ այն շատ փխրուն է:
Երգի բառերը կարդալիս վերապրում ունեի, որ այդ ամենի մեջ պատրանք կա, դրա համար հերոսուհու հայտնվելն էլ այդկերպ արեցինք: Նա Արսենի պատկերացումն ու մուսան է դառնում, սպասումը, որն այդպես է չի իրականանում: Հոլովակում սիրուն ու լուսավոր ափսոսանք կա, որ պետք է առաջանա նաեւ դիտողների սրտում:
Երբ հասավ հնչյունավորման ժամանակը, միանգամից հասկացա, որ իմ անելիքը քիչ է. ինչպես հոլովակում է աղջիկն աննկատ հայտնվում ու անհետանում, նույն ձեւ էլ պետք է տողերում լինի: Դրա համար փորձում էի Արսենի խոսքի ու շնչի արանքում հնչել ու աննկատ անհետանալ:
Նորովի տարբերակով երգը ներկայացնելը շատ պատասխանատու էր: Բացի այդ, Արսենը նոր գործիքավորում է արել, որը համացանցում դեռ չկա, առաջինը մենք ենք ներկայացրել: Դա էլ ավելի պատասխանատու էր դարձնում աշխատանքը»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: