Նրա ելույթները հնչել են աշխարհի հեղինակավոր օպերային բեմերում, իսկ ստեղծագործական ուղին անցել է մի շարք երկրների երաժշտական կենտրոններով։ Տարիներ անց օպերային երգչուհի Լուիզա Պոզապալյանի անունն ու արվեստը կրկին ուշադրության կենտրոնում են։ Այս անգամ՝ Հայաստանում ներկայացվող արխիվային ցուցադրության միջոցով։
Նոյեմբերի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց օպերային երգչուհի Լուիզա Պոզապալյանին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։ Այն հնարավորություն է տալիս բացահայտելու երգչուհու կյանքի ու ստեղծագործական ճանապարհի հետքերը՝ լուսանկարների, արխիվային փաստաթղթերի, մրցանակների և անձնական հուշերի միջոցով։
Ցուցադրությունն առանձնանում է նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծմամբ․ այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն ունկնդրելու երգչուհու կատարումները, այլև արհեստական բանականության միջոցով շփվելու նրա թվային կերպարի հետ։
Ցուցադրության բացման ընթացքում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանը նշեց, որ թանգարանը նվիրատվություն է ստացել ԱՄՆ-ում բնակվող օպերային երգչուհի Լուիզա Պոզապալյանի արխիվը։ Նրա խոսքով՝ երգչուհու ստեղծագործական ուղին առանձնահատուկ կապ ունի նաև Կոմիտասի երաժշտական ժառանգության հետ․ Պոզապալյանը սովորել է Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանի մոտ և իր համերգային ծրագրերում մշտապես ընդգրկել Կոմիտասի ստեղծագործությունները։
«Լուիզա Պոզապալյանը և նրա նման անհատները մեր երաժշտության, մեր երգի դեսպաններն են աշխարհում, Կոմիտասի դեսպաններն են»,- ընդգծեց Լուսինե Սահակյանը։ Նա հիշեցրեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո երգչուհին համերգ է տվել Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հասույթն ուղղելով աղետի գոտուն։
Լուիզա Պոզապալյանը ծնվել է 1936 թվականին Մարսելում, մեծացել Բեյրութում, իսկ հետագայում իր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ ձեռք բերել միջազգային ճանաչում։ Նա հանդես է եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Վիեննայի պետական օպերայում, Համբուրգի և այլ հեղինակավոր թատրոններում։ Նրա երգացանկում ընդգրկված են եղել Մոցարտի, Վերդիի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երգչուհին արժանացել է նաև միջազգային և պետական պարգևների։
Ցուցադրության գաղափարը ծնվել է «Act Քոլեջի» հիմնադիր տնօրեն Ամալյա Եղոյանի նախաձեռնությամբ։ Նա պատմեց, որ ծրագրի հիմքում Լուիզա Պոզապալյանի հարազատների ցանկությունն էր՝ երգչուհու ամբողջական արխիվը տեղափոխել Հայաստան և այն հանգրվանեցնել հայկական թանգարաններից մեկում։
Եղոյանի խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված էր ոչ միայն որպես ցուցադրություն, այլև որպես կրթական ու տեխնոլոգիական ծրագիր։ Նպատակներից մեկը արխիվի թվայնացումն էր, մյուսը՝ երգչուհու ստեղծագործական ժառանգությունը նոր սերնդին հասանելի դարձնելը։
«Մենք շատ ենք փորձում բարերարներ ներգրավել, մեր սփյուռքին նայում ենք որպես մեզ աջակիցներ, բայց շատ փոքր չափով ենք հետ վերադարձնում։ Խոսքը ֆինանսական վերադարձի մասին չէ, այլ ավելի հոգեկան և ի սրտե»,- նշեց Ամալյա Եղոյանը։
Ծրագրի համակարգող Մարինե Հարոյանի խոսքով՝ երգչուհու հարազատները նրա ամբողջ արխիվն ուղարկել են Հայաստան։ Թանգարանի մասնագետներն ուսումնասիրել են նյութերը և առանձնացրել ցուցադրության համար առավել նշանակալի նմուշները։ Հետագայում արխիվը նախատեսվում է նաև գիտականորեն ուսումնասիրել։
Հարոյանը նշեց, որ ցուցադրությունը միայն առաջին քայլն է։ Հետագայում նախատեսվում է հրատարակել արխիվը, ինչպես նաև քննարկվում է երգչուհու անունով մրցույթ կազմակերպելու հնարավորությունը։
«Ցուցադրությունը դրա համար անվանել ենք «Երգչուհու վերադարձը», որպեսզի սկզբում ցուցադրություն լինի, հետո արխիվը կհրատարակենք, գուցե իր անունով մրցույթ կանենք, և այսպես ինքը կդառնա արդեն մեզ բոլորիս համար շատ հայտնի ու սիրելի երգչուհի»,- ասաց Մարինե Հարոյանը։
Արխիվի վերադարձի պատմության հետևում նաև ընտանիքի անձնական հիշողություններն են։ Երգչուհու հարազատների համար այս նախաձեռնությունը տարիներ շարունակ փայփայած ցանկության իրականացում է։
Երգչուհու քրոջ դուստրը՝ Նաիրի Հուրդաջյանը, պատմեց, որ ընտանիքի համար Լուիզան նախևառաջ սիրելի հարազատ էր, ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող երգչուհի։
«Լուիզան միայն նշանավոր երգչուհի մը չէր, իմ մորաքույրս էր։ Երբ իր մասին կմտածեմ, կհիշեմ իր ուրախ բնավորությունը, իր աչքերուն փայլը և ինչպես կսիրեր խնդալ հետներս»,- հիշեց Նաիրի Հուրդաջյանը։
Հուրդաջյանը պատմեց նաև մորաքրոջ վաղեմի ցանկության մասին։ Լուիզա Պոզապալյանը երազել էր, որ իր արխիվը մի օր տեղափոխվի Հայաստան և հանգրվանի հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկում։
Այսօր այդ ցանկությունն իրականություն է դարձել։ Ընտանիքի համար ցուցադրությունը ոչ միայն երգչուհու ստեղծագործական ժառանգության ներկայացում է, այլև նրա կապի վերականգնումը հայրենիքի հետ։
Արխիվային լուսանկարները, փաստաթղթերն ու ձայնագրությունները հնարավորություն են տալիս նորովի ծանոթանալու Լուիզա Պոզապալյանի կյանքին և ստեղծագործական ուղուն։ Իսկ թվային լուծումները նրա արվեստը հասանելի են դարձնում նաև նոր սերնդին։
«Երգչուհու վերադարձը» ոչ միայն անցյալի արվեստագետի մասին պատմող ցուցադրություն է, այլև նրա ժառանգությունը Հայաստանի մշակութային հիշողության մաս դարձնելու նախաձեռնություն։
Տեքստը՝ Կիմա Սարգսյանի։


×
37





