×


«Անակնկալներ չեմ սիրում, բայց դա տպավորիչ էր». Ծովինար Մարտիրոսյանը նշում է 38-ամյակը

Ծովինար Մարտիրոսյանն այսօր՝ հունվարի 18-ին, դարձել է 38 տարեկան: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշեց՝ նախորդ դժվար տարիները թողել են իրենց հետքը, եւ այժմ լիարժեք չի կարող ուրախանալ՝ գիտակցելով, թե ինչ արհավիրքի միջով ենք անցնում:

«Տորթի մոմերը փչելիս միայն խաղաղության մասին եմ խնդրելու ու պատկերացնելու, որ մենք արդեն ունենք խաղաղ ու անվտանգ երկիր»,- ասաց նա:

Ծովինար Մարտիրոսյանը


Տարեդարձի առթիվ անակնկալներից խոսելիս նա շեշտեց՝ չի սիրում ո՛չ լավ, ո՛չ վատ անակնկալներ, սակայն մի փոքր մտածելուց հետո հատուկ առանձնացրեց ամուսնու տպավորիչ նվերն իր 35-ամյակին. դերասան Նարեկ Հայկազյանը փոքրիկ հոլովակ էր պատրաստել, որում հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ հայտնիները շնորհավորանքներ էին հղում Ծովինարին։ «Շատերին երկար ժամանակ չէի տեսել, շատ էի կարոտել: Իսկապես, տպավորիչ էր»,-ասաց դերասանուհին:

38 տարիների ընթացքում Ծովինարը չի փոխվել. պարզությունը եւ անկեղծությունը չեն պակասել: Մեզ հետ զրուցելիս նրան ընկերակցում էին մտերիմները, որոնք նշեցին՝ դերասանուհու դրական կողմերից են ուրախ, մարդամոտ եւ անկեղծ լինելը:
Իսկ բացասականի մասին խոսեց հենց ինքը. «Որոշումներս լինում են կտրուկ ու հավանական է, որ սխալի կարող են բերել»:

Ծովինար Մարտիրոսյանը


Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտար ինքն իրեն, ասաց. «Շատ չվստահել մարդկանց... Բայց քանի որ այդ խորհուրդը ես ինձ չեմ տվել, ուրեմն կմնամ այնպիսին, ինչպիսին կամ»:

Այս տարվա դերասանուհու գլխավոր նորություններից է սեփական փոքր բիզնեսը կոսմետոլոգիայի ոլորտում: Ստեղծագործական հարթակում նորություններ նույնպես կան: Դերասանուհին նոր առաջարկ ունի, եւ երկրպագուները շուտով կտեսնեն նրան եթերում:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկ Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին