×


«Ինձ չեն ընկճել կապտուկները, ցուրտն ու փոշին». Արմինե Հարությունյան

Արմինե Հարությունյանը, որն առավել հայտնի է որպես «Գուչիի» հայ մոդել, նախորդ սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո աշխատավայրում արձակուրդ էր վերցրել, որպեսզի ռազմական պատրաստություն անցնի:

Նա BRAVO.am-ին պատմել է, որ տասն օր ցուրտ եղանակին մարտավարական հմտություններ է սովորել, կրակային պատրաստություն, առաջին բուժօգնություն, ու թեեւ ծանր էր ընթացքը, քանի որ երբեք նման բաներով չէր զբաղվել, սակայն ոչ մի դեպքում չի հիասթափվել, ավելին՝ ոգեշնչվել ու ուժ է ստացել դասերից։

Արմինե Հարությունյանը


«Վաղուց գիտեի ՈՄԱ-ի դասերի մասին, բայց չէի համարձակվում գնալ։ Հերթական լարված շրջանում վերջնական որոշեցի. ընկերներիս հետ էի մասնակցում։ Համարում եմ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում բոլորը պարտավոր են իմանալ այդ գիտելիքները։ Ամեն օր առավոտյան ժամը 6-ից մինչեւ 12-ը պարապում էինք, տարբեր փորձությունների միջով անցնում, բայց չէինք ընկճվում»,- ասում է Արմինեն։

Խոստովանում է՝ ասես բանակում լիներ. «Չնայած՝ երբեք չենք կարողանա անել այն, ինչ մեր զինվորներն են անում։ Նրանք իսկական հերոսներ են։ Սովորում էինք, թե ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորին մարտի դաշտում կռվի ընթացքում եւ ավելի հանգիստ պայմաններում։ Ծանր զենքը ձեռքներիս տարբեր վարժություններ էինք անում, խնդիրներ էինք փորձում լուծել»։

Արմինե Հարությունյանը


Պարապմունքների ընթացքում Արմինեին չեն ընկճել կապտուկները, ցուրտն ու փոշին։ Պատմում է՝ յուրաքանչյուր փորձության միջով ուրախ էին անցնում ու գիտակցում, որ պատասխանատվություն են կրում ողջ թիմի համար․ երբեմն սխալ կատարած վարժության համար, որպես պատիժ, ստիպված էին լինում լրացուցիչ ֆիզիկական վարժությունների դիմանալ։

«Զգում էինք՝ ոնց էինք ուժեղանում, սովորում էինք՝ ինչպես վարվել տարբեր իրավիճակներում։ Կային պատանիներ, որոնք նույնպես մասնակցում էին դասերին, որպեսզի բանակ գնալուց առաջ ուժեղ լինեին։ Այդ ժամանակ մեծ հպարտություն էի զգում։ Ակտիվ էին ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները»,- ասում է մոդելը։

Արմինեի խոսքով՝ կցանկանար նաեւ մասնակցել ՈՄԱ-ի կազմակերպած եռամսյա դասընթացներին եւ բոլորին խրախուսում է ռազմական պատրաստություն անցնել:

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արմինե Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին