Մի քանի ամիս առաջ համացանցում տարածվեցին ծովափին Ռիհաննայի ընտանիքի լուսանկարահանման կադրերը: Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ դրանք նախատեսված էին Vogue-ի մարտ ամսվա համար: Ինես վան Լամսվերդեն ու Վինուդ Մատադինը ֆոտոշարքն իրականացրել են Մալիբուում:
Երգչուհին խոստովանել է, որ նկարահանման ողջ ընթացքում որդին չի դադարել ժպտալ, կադրերում էլ դա երեւում է: Սակայն ընթացքում իրենց սկսել են լուսանկարել պապարացիները, ինչը խախտել է բոլոր ծրագրերը:
«Չէի ցանկանում, որ նման բան տեղի ունենա: Ինքներս պետք է որոշենք՝ երբ աշխարհին ցույց տալ մեր որդուն: Մինչ այս պահը նրան պաշտպանել ենք, ու ոչ ոք իրավունք չունի մեր անչափահաս որդու նկարները վաճառել եւ գումար վաստակել»,- դեռ այն ժամանակ պապարացիներից պահանջել էր երգչուհին:
Ամսագրին տված հարցազրույցում պատմել է մայրության մասին ու խոստովանել, որ ամեն ինչ փոխվում է, երբ երեխա ես ունենում: Դեռ մեկ տարի էլ չի անցել որդու ծնունդից, երբ նորից հայտնի դարձավ, որ փոքրիկի է սպասում: Ռիհաննան շատ տպավորիչ ելույթ ունեցավ Super Bowl-ի ժամանակ ու ցույց տվեց բավական մեծ փորը:
Նա նշել է, որ վերջին 10 տարիներին իրեն պարբերաբար առաջարկել են ելույթ ունենալ Super Bowl-ի ժամանակ, բայց ամեն անգամ հետաձգել է: ««Ես պատրաստվում եմ հետծննդաբերական շրջանում համաձայնե՞լ այդ առաջարկին»,- մտածում էի: Մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ այո եմ ասել»:
Սակայն չի էլ պատկերացրել, որ համերգի ժամանակ հղի է լինելու. «Բեմում չէի եղել 7 տարի՝ զրոյից դեպի Սուպերգավաթ: Ուզում էի շոու կազմակերպել ու ուրախանալ, այդ ամենն անել այն մարդկանց համար, ովքեր սիրում են իմ երաժշտությունն ու նրանց շնորհիվ եմ իմ կարիերայում հասել այս կետին»:
Երգչուհին ամսագրին պատմել է երեխային ունենալու ու դրան հաջորդած օրերի մասին. «Հղիության ընթացքում հագուստ ընտրելն ավելի հեշտ է, քան ծննդաբերելուց հետո: Երբ տուն վերադարձա, չգիտեի՝ ինչ հագնել. ամեն ինչ կամ մեծ էր, կամ էլ շատ փոքր: Հիվանդանոց եք մտնում որպես զույգ եւ դուրս գալիս 3 մարդուց կազմված ընտանիքով, ինչը լրիվ խելագարություն է: Առաջին օրերը պարզապես անբացատրելի են՝ ընդհանրապես չեք քնում: Եկանք ցուրտ տուն, որտեղ ոչ մեկը չկար, միայնք մենք էինք ու մեր փոքրիկը: Ինչպե՞ ս էին վստահել երեխայի հետ տուն գնալ: Նոր կյա՞նք էր մեզ համար սկսվում»,- հումորով պատմել է նա:
Երեխային ունենալուց հետո A$AP Rocky-ի հետ մի քանի շաբաթ Կալիֆորնիայի իրենց տանն են մնացել, ապա ռեփերը շրջագայության է մեկնել Եվրոպա, ավելի ուշ Ռիհաննան ու որդին էլ են նրան միացել: Ի դեպ, երեխայի անունը դեռ հանրայնորեն չեն ասել:
«Միասին անցկացրած ժամանակը շատ բան փոխեց դրական իմաստով, բայց միեւնույն է՝ բարդ էր: Երջանիկ ես, որ լոգանք ընդունելու ժամանակ ես գտնում: Սկզբնական շրջանում որդուս օրորոցը հետս լոգարան էի տանում, մաքրում էի ապակիների գոլորշին ու նրան նայում»,- պատմել է Ռիհաննան:
Նշել է, որ սիրում է որդուն հագցնել շորեր, որոք փոքրիկների համար չեն նախատեսված: Որդին ունի A$AP Rocky-ի զգեստներից մեկի մանկական տարբերակը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: