×


Ավո Խալաթյան. «Երեխաներիս կուլիսներ չեմ բերում, որպեսզի հանկարծ չսիրեն ու գնան իմ հետքերով»

Դերասան Ավո Խալաթյանի հետ հանդիպեցինք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում՝ «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացումից առաջ: Այդ օրը ձմեռը վերջապես որոշել էր իր մասին հիշեցնել ու առատորեն ձյուն էր տեղում, բայց թատրոնի ներսում տաք էր ու ակտիվ՝ փոքր դահլիճում պատրաստվում էին ներկայացմանը:

Հենց այնտեղ էլ թատրոնի խորդուբորդ ճանապարհներով Ավո Խալաթյանի հետ ուղեւորվեցինք. միայնակ երբեք այնտեղ չեք հասնի: Դերասանի հետ BRAVO.am-ի համար խոսեցինք իր դերերից, ծնողների կարեւոր ազդեցությունից, Նունե Եսայանի հետ ծանոթությունից եւ երեխաների նախասիրություններից:

- Երբ պայմանավորվում էինք հանդիպել, ասացիք, որ ներկայացումից 3 ժամ առաջ եք լինելու թատրոնում: Ինչո՞ւ այդքան վաղ ու ի՞նչ ունեք այստեղ անելու:

- Ներկայացումից 1 ժամ առաջ թատրոնում լինելն ընդունված կարգ է, որ պատրաստվես ու տրամադրվես, վերհիշես կերպարդ: Դրան գումարած՝ այս ներկայացման մեջ հոգսս ավելի մեծ է, որովհետեւ նկարչական ձեւավորումն էլ եմ ես արել: Մարմնավորում եմ Էդուարդին, որը միշտ երազել է նկարիչ դառնալ, բայց այդ ցանկությունը սպանել են նրա մեջ, ճնշել ու հասցրել նրան, որ հայտնվել է հոգեբուժարանում: Կերպարը ստանալու ընթացքում սկսեցի աշխատել ակրիլներով ու մարկերներով: Սովորաբար, իմ տեսարաններն էի փորձում, իսկ երբ ազատ էի լինում, մի անկյունում ինձ համար նկարում էի: Ու քանի որ կտորները պահվում են հետնաբեմում, իսկ ներկայացումն ամիսը 1-2 անգամ ենք խաղում, բավական ճմռթվում են, շուտ եմ գալիս, որ հին մեթոդով՝ ուղղակի ջրի կաթիլներով «արդուկեմ»: Որպես գործի հեղինակ՝ որեւէ մեկին չէի վստահի այդ աշխատանքը, թեեւ բավական մեծ կտոր է, բայց ամեն անգամ ինքս եմ դրանով զբաղվում:


- Իսկ ինչո՞ւ է Կոելիոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» գործը Ձեզ դուր գալիս, ինչքան գիտեմ, այն բավական բարդ էր գրքից ներկայացման վերածել:

- Իր ժանրով ու տեսակով է գրավել: Լինելով Պարոնյան թատրոնի դերասան՝ հիմնականում երաժշտական ներկայացումներում, մյուզիքլներում ու կատակերգություններում եմ խաղացել, ու նման բարդ հոգեբանական ստեղծագործություններն ինձ գրավում են: Ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, մեր թատրոնից չէ, շնորհալի ու տաղանդաշատ մարդ է, նրա հետ իսկապես երջանկություն էր ծանոթանալ ու աշխատել: Շնորհակալություն նման հրաշալի դերասանական կազմի ընտրության համար, ներկայացումը ստացված է ու պահանջված, բավական լավ արձագանքներ են եղել: Տոմսերն արագ են սպառվում, այսօր հյուրեր ունեի եւ մի կերպ եմ երկու հրավիրատոմս գտել:

- Ներկայացումը Ձեզ համար մի քանի առումով էր առանձնացող, այդ թվում՝ նոր ռեժիսորի հետ աշխատելու: Ի՞նչ բացահայտումներ ունեցաք աշխատելու ընթացքում:

- Նկարելու առիթ եղավ, ինչը մեծ ոգեւորություն էր ինձ համար: Չասեմ՝ երկրորդ մասնագիտություն է, որովհետեւ կրթությունս միջնակարգ է՝ Կոջոյանի դպրոցն եմ ավարտել, բայց շատ մեծ ընդմիջում էի ունեցել՝ մոտ 20 տարուց ավելի ընդհանրապես չէի նկարել, զբաղվել եմ դերասանի աշխատանքով, մերթընդմերթ՝ երգել: 21-րդ դարի այս անհասկանալի ռիթմում փորձեցի մի քիչ կոլեկտիվ արվեստից հեռանալ, մանավանդ մատների վրա կհաշվես նվիրյալների, որոնք իրենց տեղում են ու սեփական գործը սիրում են: Դրա համար ուզեցի ավելի շատ անհատ ստեղծագործողի կյանք վարել: Ինձ նկարիչ չեմ համարում, բայց իմն է, սիրում եմ, սրտով եմ անում եւ հետո նկարչի որդի եմ, մայրս էլ դերասանուհի է: Ուրախ եմ, որ ներկայացումն ինձ նորից վրձինը ձեռքս վերցնելու առիթ տվեց:


- Արվեստագետների ընտանիքում եք ծնվել ու մեծացել Պատանի հանդիսատեսի թատրոնի կուլիսներում, որտեղ աշխատում էր Ձեր մայրիկը: Կհիշե՞ք, թե ինչպե՞ս թատրոնը գրավեց Ձեզ:

- Պահ (ծիծաղում է,-հեղ.): Թատրոնի եւ բեմի իմ երջանկահիշատակ կնքահայր Երվանդ Ղազանչյանն այն ժամանակ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Դպրոցական տղա էի, հաճախ էի լինում մայրիկիս փորձերին եւ ներկայացումներ էի դիտում՝ կապս թատրոնի հետ շատ մեծ էր: Հիմա իմ երեխաներին չեմ բերում կուլիսներ, որպեսզի չտեսնեն ու հանկարծ չսիրեն (ծիծաղում ենք,-հեղ.):

- Վախենում եք, որ Ձեր մասնագիտությո՞ւնը կընտրեն:

- Այո, որ չգնան իմ հետքերով, բայց գեներն այնպիսի բան են, որ չես կարող դրանց դեմ պայքարել, մի տեղից պետք է դուրս ժայթքեն, տաղանդը հենց դա է: Երեխա էի, երբ Ղազանչյանի թեթեւ ձեռքով Շիրվանզադեի «Կործանվածը» պիեսում դեր ստացա՝ հերոսի մանկությունը խաղացի: Չեմ կարող չհիշել մեր տաղանդաշատ ու երջանկահիշատակ Զավեն Աբրահամյանին, որի հետ արդեն գիտակից տարիքում խաղացի Պարոնյանի թատրոնում: Ներկայացման սկզբում հայտնվում էի բեմում, հոլ պտտում, եւ երբ հերոսն ինքնասպան էր լինում, նորից էի գալիս, ծնկի իջնում ու կրկին այն պտտում: Դրանից հետո կամաց-կամաց ուրիշ փոքր դերեր էլ ունեցա:

- Այն ժամանակ մանկական հետաքրքրությո՞ւն էր, թե՞ որեւէ բան զգում էիք:

- Զուտ հետաքրքիր էր լինել այդպիսի մեծ դերասանների հետ նույն բեմում, կուլիսներում, միեւնույն զարդասենյակում: Մինչեւ վերջ թատրոնի զգեստապահարանի աշխատակից տիկին Զեմֆիրան իմ հագուստները պահում էր: Ափսոս, դրանք էլ չեմ գտնի. տիկին Զեմֆիրան էլ ողջ չէ: Դպրոցին զուգահեռ էլ գնում էի Կոջոյանի դպրոց:


- Արդեն հայրիկի գեներն էին խոսում Ձեր մեջ:

- Նրա բոլոր ընկերները վստահ էին ու համոզված, որ նկարիչ պիտի դառնամ, որովհետեւ բավական լավ էի նկարում: Որոշեցին 8-րդ դասարանից ինձ հանել դպրոցից ու տանել Թերլեմեզյան ուսումնարան, բայց նախախնամությամբ այդպես չեղավ: Ապա մտածում էին՝ 10-րդ դասարանից հետո կընդունվեմ գեղարվեստի ակադեմիա, նորից չստացվեց: Ավարտական դասարանում էի, երբ եկան դպրոց ու երեխաներ էին փնտրում Ամերիկյան համալսարանում բեմադրվելիք «Մաուգլի»-ի համար, ռեժիսորն Արսեն Աբրահամյանն էր: Եվ մեր դասարանից ինձ ու Հակոբ Կուլիկյանին ընտրեցին, հետո միասին ինստիտուտում նույն կուրսում սովորեցինք: Խաղացինք ներկայացումը, եւ այդ ժամանակ միանգամից կտրուկ որոշեցի դերասան դառնալ ու ընդունվեցի Թատերական ինստիտուտ՝ Գուժ Մանուկյանի եւ Մայիս Ռաֆայելյանի արվեստանոց: Ավարտեցի, ծառայեցի բանակում ու վերադառնալուց հետո եկա իմ սիրելի Պարոնյան թատրոն:

- Իսկ հայրիկն այդ որոշմանն ինչպե՞ս արձագանքեց:

- Ծնողներս շատ ժամանակակից մարդիկ էին եւ ուզում էին, որ ամեն ինչ իմ սրտով եւ իմ ընտրությամբ լինի: Շնորհակալ եմ ծնողներիս, որ չեն կոտրել երազանքներս, չեն ստիպել ընտրել իրենց ցանկացած մասնագիտությունը:


- Այդքան երկար տարիներ անց ի՞նչը Ձեզ ոգեշնչեց, որ նորից սկսեք նկարել:

- Չարաբաստիկ համավարակի օրերին սկսվեց, երբ բոլորս տանը փակված էինք, աղջիկս էլ շատ լավ նկարում է ու նրա հետ աշխատելու ընթացքում ոգեւորվեցի: Բոլոր նյութերն ունեի, գտա ու այդպես ամեն ինչի սկիզբը դրվեց:

- Իսկ ձեռքը մոռանո՞ւմ է:

- Անշուշտ, մոռանում է. ամեն ինչում են վարպետանում, ինչպես լավ վիրաբույժն է հմտանում: Ինչքան էլ ներքուստ տաղանդավոր լինես, երեւակայությունդ էլ՝ ուժեղ, միեւնույն է՝ ձեռքի վարպետությունը կարեւոր է (սկսում է կտորի շտկման աշխատանքները,-հեղ.): Ի միջի այլոց, այս նկարները խորհրդանշում են հենց պիեսը, ընթացքում հանդիսատեսը կարող է նայել ու հուշումներ գտնել:


- Ինչի՞ց սկսեցիք եւ սկզբնական շրջանում ի՞նչ էիք փորձում նկարել:

- Հիմնականում նատյուրմորտներ էին ու այն ամենը, ինչ աչքս տեսնում էր, հետո եղավ ինչպես նկարիչների դեպքում է՝ սկսվեցին առանձին շրջաններ ու եղան որոշակի թեմաներ: Միշտ եմ ոգեւորվել հայկական ու հունական դիցաբանական միֆերով, մանավանդ՝ «Իլիական»-ից ու «Ոդիսական»-ից, փոքր տարիքում կարդացել եմ ու ֆիլմերը դիտել: Հիմա հետաքրքիր շարք ունեմ 3 եղբայրների՝ Զեւսի, Հադեսի ու Պոսեյդոնի մասին: Շարք էի արել նաեւ կապկային փողկապի մասին, թե ովքեր են մեր օրերում փողկապ կրում՝ չհասկանալով դրա իմաստը. ցույց եմ տալիս, թե այն ինչքան է արժեզրկվել:


- Ադյոք ցուցահանդես չե՞ք նախատեսվում:

- Փոքրիկ ցուցահանդես-վաճառք վերջերս Լոս Անջելեսում է եղել՝ հասույթը մեր Ամերիկյան համալսարանին է փոխանցվել: Մոտ 10 նկարչի գործեր էին ներկայացված, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի: Կալաբասաս թաղամասում իմ 2 աշխատանքներն էլ ցուցադրված էին:

- Իսկ Հայաստանում միտք չունե՞ք կազմակերպելու, գուցե փորձեք կապել թատրոնն ու նկարչությունը:

- Առանձին ցուցահանդես չեմ արել, քանի որ ինձ նկարիչ չեմ համարում, ամեն դեպքում դերասան եմ: Բայց մի այդպիսի շատ հետաքրքիր միտք կար, որ գործերս տանեինք Նկարիչների միություն, ցուցադրեինք ու ներկայացում խաղայինք՝ երկուսը մեկում կլիներ:

- Կարող եք նաեւ բացօթյա փառատոնների ժամանակ ներկայացնել դրանք, գեղեցիկ կլինի:

- Հայաստանում սթրիթ արտի միջոցառում կար, որի մասին իմանալուց հետո հայտ ներկայացրի, հետո կապվեցին հետս: Սահմանամերձ գյուղերում էր անցկացվելու, շատ ոգեւորվեցի ու ցանկացա մասնակցել: Բայց, ափսոս, ԱՄՆ պետք է մեկնեի ու այդ օրերին այստեղ չէի լինելու:


- Ինչո՞վ է պայմանավորված, որ արդեն 20 տարուց ավելի է՝ նույն թատրոնում եք, միասե՞ր եք:

- Միասեր եմ, բացի այդ էլ, թատրոնի հետ մեծ սերս կապված է Երվանդ Ղազանչյանի հետ, նա է երկրորդ կուրսից ինձ բերել այստեղ: Որպես մարդու ու ռեժիսորի՝ նրա կողքին լինելն ինձ համար մեծ դպրոց էր: Ղազանչյանն ինձ դարձրեց թատրոնի նվիրյալ, որ այս թոհուբոհի մեջ չդավաճանեցի նրան, ինչ էլ լիներ, ինչ հեռուստատեսային առաջարկ կամ հավելյալ աշխատանք ունենայի, միեւնույն է՝ Պարոնյանը չթողեցի ու ամեն ինչ արեցի, որ մնամ: Առհասարակ, մեր ամբողջ հայոց պատմության ընթացքում ազգի համար ամենալավ բաներն արվել են անհատների շնորհիվ: Ես էլ նման մեծ անհատի շնորհիվ մնացի Պարոնյանում ու սիրեցի այն:

- Պրեմիերաներին ինչպե՞ս եք պատրաստվում եւ ի՞նչ անհանգստություններ ունենում:

- Սիրում եմ այդ անհանգստությունները, հաճելի է ողջ ընթացքը: Մանավանդ, երբ պրեմիերայի օրն արդեն նշանակված է լինում, հասկանում ես, որ անխուսափելի է ու չես փախչի դրանից (ծիծաղում է,-հեղ.): Օրեցօր այդ ավելացող սրտխփոցը շատ հաճելի զգացում է:

- Ավելի անհանգիստ լինում եք երբ մայրի՞կն է գալիս ներկայացումը դիտելու, թե՞ կինը:

- Մայրիկը, որովհետեւ նա ավելի մասնագիտորեն է նայում, նրա կարծիքն առաջնային է: Մաման երբեք չի խնայում եւ զուսպ չի լինում, միշտ սխալներս բացեիբաց ասում է, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:

- Հատկապես ո՞ր խորհուրդներն են տպավորել:

- Ավելի երիտասարդ տարիքում, երբ սրտով էի խաղում ու ինքնամոռաց, շատ առիթներ են եղել, մանավանդ՝ խոսքի հետ կապված նկատողություններ: Իսկապես, խոսքը ամենակարեւորն է բեմում, մաման խոսքի մասնագետ է ու դրան միշտ ավելի շատ ուշադրություն է դարձնում: Մինչեւ հիմա էլ դասավանդում է, վերջերս հրավիրեցին Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժին. լավ մասնագետների կարիք ունեն:


- Ձեզ բախտ վիճակվե՞լ է միասին խաղալ:

- Շատ կուզեի, բայց այդպես էլ երազանք մնաց, թեեւ կարող էր լինել: Առիթը 2000-ականներին էր, երբ Նարեկ Դուրյանը բեմադրեց «Նեմեսիսը»: Առաջին տարբերակում մայրիկս խաղում էր, իսկ ես դեռ ուսանող էի ու բեմի բանվոր՝ դեկորներն էի փոխում, իսկ երբ երկրորդ անգամ վերաբեմադրեց ներկայացումը, արդեն Սողոմոն Թեհլիրյանին էի մարմնավորում, բայց մայրս էլ դերասանական կազմում չէր:

- Շատ լավ է, որ հիշեցիք այդ ներկայացումը, որովհետեւ անպայման ուզում էի հարցնել, թե ինչպե՞ս էր Սողոմոն Թեհլիրյան դառնալու ընթացքը, որովհետեւ նման իրական հերոսի մարմնավորելը պետք է որ չափազանց հիշարժան լիներ:

- Ընթացքը երբեք չեմ մոռանա, հիմքում իրական պատմություն էր, որից չես կարող խուսափել: Հուզիչ երկխոսություններով տեսարաններ ունեինք, 15-20 րոպե կարդում էինք, ապա ընդմիջում՝ բոլորս արտասվում էինք, հուզվում, դուրս գալիս ծխելու, շատ ծանր էր: Մանրակրկիտ աշխատեցինք, մինչեւ այն հանձնեցինք, ամեն մեկս երկու կերպար էինք խաղում, հրաշք ներկայացում էր, ափսոս, ընդմիջում եղավ, ու էլ չխաղացինք: Հատկապես այսօր այն շատ է մեզ պետք:

- Ի՞նչ տվեց Ձեզ այդ կերպարն ու նորովի ի՞նչ իմացաք Սողոմոնի մասին:

- Սողոմոնն ու մյուս տղաներն այնպիսի շրջան են ապրել, այնպիսի գործեր արել, որ հերոս ասելը, երեւի, քիչ է: Ողջ «Նեմեսիս» գործողության մասին այնպիսի մանրամասներ ու փաստեր վերծանեցինք, մեզ դրվագներ պատմեցին, ուշադիր լսեցինք ու շատ բան իմացանք: Նույնիսկ նրանց ժառանգներից ու թոռներից եկան ներկայացումը նայելու, հետներն անձամբ ծանոթացանք: Ինձ համար կարեւոր էր նման մի մնայուն աշխատանքում ներգրավված լինել, մարմնավորել իրական կերպար, որի անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով է գրվել: Այդ ամենը դերասանների վրա չէր կարող հետք չթողնել:


- Իսկ հիմա մեզ նման հերոսներ, Սողոմոն Թեհլիրյաններ պե՞տք են ու ի՞նչ անենք, որ նորից հայտնվեն:

- Իհարկե, պետք են, բայց դա անելը շատ դժվար է: Փորձում են ավլեն ու ջնջեն հայրենասերներին, ընտանիք, տուն, հայրենիք սիրողներին: Կարեւոր արժեքները լվանում են ու մաքրում, որ մնան միայն ենթակաները եւ հարմար մարդիկ: Գլոբալիզմը կուլ է տալիս, կարծում եմ՝ մնացել ենք ադամանդ աշխարհի աչքին, հերթը մեզ է հասել ու փորձում են մասնատել:

- Իսկ Սողոմոնի պես մարդիկ ցույց էին տալիս, որ մենք ամեն դեպքում բնավորություն ունենք:

- Սողոմոնի պես մարդիկ, հավանաբար, իրենք էլ չեն գիտակցել, թե ինչ մասշտաբի հերոսություն են անում: Երիտասարդ տղաներ են եղել՝ անտեր, անհայր, անընտանիք: Մի պատմություն կա, որ երիտթուրքերին գտնելու համար նրանց Եվրոպա ուղարկելիս պիջակների կոճակները ոսկուց են արել ու վրայից կտորով կարել, որ դժվար կացության մեջ հայտնվելիս վաճառեն ու կարողանան տուն վարձել կամ ծախսել ըստ կարիքի: Պատկերացրեք՝ ինչ ժամանակներ են եղել, ինչեր են տեսել ու ինչերի միջով անցել՝ չհաշված նրանց կրած բազմաթիվ մարդկային կորուստները:


- Սողոմոնից բացի, ունեցե՞լ եք նման առանցքային կերպար, որին նույնպես հասցրել եք այդքան սիրել:

- Իհարկե, Եղիշե Չարենցը՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը» պիեսից, երբ Ղազանչյանն այն բեմադրեց, կոչվեց «Եղած-չեղած մի կյանք. Չարենցը` երեկ, այսօր, վաղը...»։ Ֆանտաստիկ ներկայացում է, մոնումենտալ գործ, զբաղված էր ամբողջ թատրոնի դերասանական կազմը, նույնիսկ մաքրուհիներն էին բեմում, հուշարարը, բոլորը: Այդ կերպարն իմ ամենասիրելիներից մեկն է, նախ Չարենցի բոլոր գործերն եմ շատ սիրում, բացի այդ էլ դերիս հետ կապված մի հետաքրքիր դրվագ կա: Ծառայության ընթացքում մեզ մի քիչ անկարգ էինք պահել եւ ուղարկել էին կուբախտ, որը գտնվում էր Երեւանի բերդի տեղը, որտեղ 1926 թվականին Չարենցը ձերբակալվել է: Հենց այնտեղ գտնվելու ընթացքում ինձ տվեցին պիեսն ու իմացա, որ Չարենց եմ խաղալու:

- Խոսենք ընտանիքից, Ձեզ կարելի է շնորհավորել՝ այս տարի վերջապես պաշտոնապես ամուսանցաք:

- Մտքիցս թռել էր (ծիծաղում է,-հեղ.): Շնորհակալ եմ:

- Ինչո՞ւ այսքան տարիներ անց հասկացաք, որ ժամանակն է հիմա դա անել:

- Միշտ խոսում էինք այդ մասին, բայց երբեք ոչ մի կարեւորություն չէինք տալիս կնիքով թղթին: Մի քանի տարի առաջ էլ եկեղեցիով ամուսնացանք, մեր երեխաներն արդեն մեծ էին: Անընդհատ հիշում էի Հոր-հոր աղայի արիան՝ «Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք…» (ծիծաղում ենք,-հեղ.): Հիմա երեխաները լավ են հիշում եկեղեցու այդ գեղեցիկ արարողությունը, մեզ պսակադրեց վաղամեռիկ Տեր Կյուրեղ քահանան:


- Բուն գրանցումն ինչպե՞ս անցավ:

- Զագսի տիկինը հարցրեց՝ ուզում ենք արարողությունն ամբողջությամբ անել, համաձայնեցինք, ինչից հետո եռագույնը գցեց մեզ վրա, վերցրեց մատյանն ու մեզ կարգով ամուսնացրեց:

- Իսկ Նունե Եսայանի հետ Ձեր ծանոթությունն ինչպե՞ս է եղել:

- Օ՜, առաջին անգամ իր գեղեցկության սրահում ենք հանդիպել: Ինձ հրավիրել էին Նունեն ու Ժաննա Քոչարյանը, որի հետ մի քանի օր առաջ հեռուստատեսային խաղի էինք մասնակցել, եւ տպավորել էի նրան: Հյուրախաղերի էին մեկնելու Ֆրանսիա եւ արտիստներ էին փնտրում: Ժաննան Նունեին առաջարկել էր ինձ էլ ներգրավել, քանի որ երգում եմ ֆրանսերեն: Ծանոթացանք, մի քիչ շփվեցիք, ու ինձ ասացին, որ անձնագիրս տանեմ, քանի որ Փարիզ ենք մեկնելու:

- Փաստորեն Փարիզը սիրո քաղաք է նաեւ Ձեզ համար:

- Հա (ծիծաղում ենք,- հեղ.), կարելի է այդպես ասել:


- Իսկ սերը հենց այնտե՞ղ ծնվեց:

- Քիչ-քիչ եղավ, Փարիզում կայծերը եղան, երկուսիցս էլ զգացվում էր, ինքն էլ ինձնից հետ չէր մնում (ծիծաղում ենք,- հեղ.), ապա ամեն ինչ շարունակվեց Երեւանում:

- Ինչքան էլ Ձեզ գիտեին, բայց Նունե Եսայանն ավելի հայտնի էր, վախ չունեի՞ք քայլեր անելիս, որ կարող է փոխադարձ չլինել:

- Իհարկե, ավելի հայտնի էր: Գիտեի, որ նման երգչուհի կա, բայց երբեք ծանոթ չեմ եղել նրա երգարվեստին: Հայրիկիս հավաքածուի ձայնասկավառակներն ու կասետներն էի լսում, որոնցում հիմնականում արտասահմանյան երգեր էին: Հայկականներից միայն 90 րոպեանոց Ռուբեն Հախվերդյան ունեի: Բայց մամաս ու Նունեն ծանոթ էին, նրա մասին խոսակցություններ ու անունը պարբերաբար լսում էի: Շատ երիտասարդ էի այդ ժամանակ ու անգամ պատկերացնել չէի կարող, որ որեւէ ռոմանտիկ բան կլինի մեր միջեւ:

- Վերադառնանք սիրուն, վախից ոչինչ չասացիք:

- Վախ չկար, հակառակն՝ ավելի մեծ հետաքրքրություն ունեի, թե ինչպիսին է աստղը կյանքում: Պարզվեց, որ նորմալ մարդիկ են, ինչպես եւ ուսուցիչներն ու շատ ուրիշները:

- Ե՞րբ որոշեցիք միասին ապրել ու ընտանիք կազմել:

- Սկզբում սերն ու կիրքը շատ մեծ էին, խելագար շրջան էլ եղավ, բայց երեխաներն այդ ամենը յուրովի վերափոխեցին ու ամրապնդեցին: Նրանք ավելի լցրին մեր կյանքն ու ամրացրին հարաբերությունները, սկսեցինք ընտանիք ասվածի մասին ավելի լրջորեն մտածել:


- Ընտանիքը որեւէ կերպ Ձեզ փոխե՞ց:

- Շատ փոխեց, սկսեցի ավելի շատ տանը լինել: Ուսանող տարիներին հայրս ասում էր. «Կարո՞ղ է տունը քեզ համար հյուրանոց է, գալիս քնում ես ու գնում»:

- Իսկ երեխաներն ի՞նչ բերեցին իրենց հետո ու ինչպիսի՞ մարդիկ են մեծանում:

- Ամեն մեկը բերեց իր լույսն ու մինչեւ հիմա մեր տունն այդ լուսով ողողված է: Երկուսն էլ հրաշք բալիկներ են, չեն նեղացրել մեզ ու հալալ կիսել են՝ ժառանգելով երկուսիս բնավորությունը, արտաքին նմանությունն ու շնորհքը: Տղաս՝ Հենրին, ավելի շատ տարված է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով, չնայած, որ երաժշտական տաղանդ ունի ու լսողությամբ վերարտադրելով կարողանում է լավ նվագել: Աղջիկս՝ Էլիզաբեթը, հիանալի նկարում է, պարում, քանդակում: Ուրախ եմ, որ արվեստի հետ գոնե մի քիչ շփվում են, կարեւոր չի, թե հետագայում ինչ կդառնան, բայց արվեստն օգնում է լավ մարդ մեծանալ:


-Տանն ավելի շատ համատեղ համերգնե՞ր եք ունենում, թե՞ ներկայացումներ:

- Ավելի շատ համերգներ (ծիծաղում է,- հեղ.):

- Նունե Եսայանն ուզել է, որ երգեք, ինչո՞ւ այդպես էլ նախապատվությունն այդ ասպարեզին չտվեցիք:

- Ժամանակին էստրադային սոլո կատարումներից խուսափել եմ, անհատ երգչի կարիրերայի մասին երբեք չեմ մտածել, երգի նկատմամբ տարերքս սահմանափակվում է մյուզիքլով, որտեղ անելիքս բազմատեսակ է՝ պար, շարժում, խոսք: Միշտ ուզել եմ իմ մասնագիտությանն ավելի մոտ լինել:


- Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ կինոդերեր ու սերիալային աշխատանքներ քիչ ունեք, միայն կարճամետրաժ ֆիլմերում եք նկարվել: Որա՞կն է վատը, թե՞ Ձեզ դրանցում չեք տեսնում:

- Միշտ խուսափել եմ, մանավանդ՝ սերիալներից, գեղարվեստական ֆիլմերի առաջարկներ քիչ եմ ունեցել, հրաժարվել եմ ու հետո չեմ փոշմանել, միայն մեկ անգամ է եղել, որ հասկացել եմ՝ իզուր չեմ համաձայնել: Ինձ համար շատ կարեւոր են դերասանական կազմն ու իմ խաղընկերները: Հիմա ամեն ինչ այնքան նույնն է, մարդկանց միայն շորերն են փոխվում տարբեր ֆիլմերում, ամենուր նմանատիպ կրկնօրինակում է, իսկ իմ փնտրածը դա չէ:

- Ո՞ր երկրի կինեմատոգրաֆն է Ձեզ դուր գալիս ու հաճույքով դիտում եք:

- Ավելի հոգեհարազատ է եվրոպականը, մանավանդ՝ ֆրանսիականը, հիմա Հոլիվուդի արտադրանքն էլ այն չէ: Սիրում ենք տանն ընտանիքով կինոդիտումներ անել, որդուս հետ շախմատիստուհու մասին սերիալ ենք նայում, ինքն էլ ընկերների հետ առցանց խաղում է ու առաջարկեց միասին հետեւել:

- Ինչո՞ւ Ավետիքը դարձավ Ավո:

- Չի դարձել, մնում է, պարզապես ինձ ավելի շատ որպես Ավո գիտեն: Ավետիք միայն հայրս էր ասում, դրա համար Ավոն ավելի հարմար է: Համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է անունն ամբողջությամբ ասել: Հիմա նախընտրում են միջազգային անուններ: Դրա հետ կապված ամերիկահայ կատակերգու Վահե Բերբերյանը լավ պատմություն ունի՝ երբ օտար շրջապատում ասում ես հայկական անունդ, զարմացած նորից են հարցնում ու ստիպված սկսում ես հայոց պատմությունից մինչեւ Ցեղասպանություն պատմել անվանդ ծագման մասին (ծիծաղում ենք,- հեղ.):


- Ավո, ի՞նչ է պետք անել մեր օրերում երջանիկ լինելու համար:

- Պիտի ուղղակի ապրել, սիրել կյանքն ու լիարժեք գիտակցել, որ սա երջանիկ պահ է: Հասկանալ, թե որքան մարդիկ կան, որ զրկված են այն ամենից, ինչ դու ունես: Գնահատել եղածն ու վայելել կյանքը:

- Իսկ ինքդ քեզ հասկանալու համար:

- Ազնիվ լինել, չփորձել քեզ շրջանցել ու խաբել:

-Աշխարհը սիրելու:

-Մեծ սիրտ:

-Հաջողության հասնելու:

-Էլի սիրել է պետք ամեն ինչը:

- Ունեցածով բավարարվելու:

- Այդ հարցը մարդուն չի վերաբերում, ավելի գլոբալ է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW