×


Եվգենի Ելպաշեւը եւ Թամարա Գվերդծիթելին

«Սանսեթ բուլվար»-ի երեւանյան պրեմիերան հավակնում է գարնան ամենաաղմկոտ շոուն դառնալ

Ուեբերի լեգենդար «Սանսեթ բուլվար» մյուզիքլի պրեմիերան Երեւանում, թերեւս, այս գարնան ամենաաղմկոտ թատերական իրադարձությունն է։ Բեմադրության մասին սպառիչ պատմություն եւ բացառիկ լուսանկարներ փորձերից՝ հատուկ BRAVO-ի համար:

Այս ներկայացման հայտնվելը 100%-ով բացառիկ է. ամեն մայրաքաղաք չէ, որ կարող է պարծենալ պրոֆեսիոնալ բեմում պաշտոնապես եւ որակով բեմադրված բրոդվեյյան մյուզիքլով։ Երեւանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար․ մայրաքաղաքին այս շքեղ նվերը պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ։ Ցուցադրությունները տեղի կունենան ապրիլի 6-ից 12-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում․ ցուցադրությունների քանակը խիստ սահմանափակ է լիցենզիայի պայմաններով, ուստի կտրականապես խորհուրդ չի տրվում բաց թողնել ներկայացումը։




«Սանսեթ բուլվար» մյուզիքլի սյուժեի հիմքում համր կինոյի մոռացված թագուհու մասին Բիլլի Ուայլդերի կուլտային ֆիլմն է։ Մյուզիքլում այս արքայական դերի կատարումը վստահում են միայն երաժշտական թատրոնի առաջին աստղերին, միջազգային կարգի դերասանուհիներին. երեւանյան տարբերակում գլխավոր հերոսուհի Նորմա Դեսմոնդի դերը կկատարի  նշանավոր երգչուհի Թամարա Գվերդծիթելին։ Դերասանուհին մեծ ոգեւորությամբ է փորձերի մասնակցում, հաճույքով ընկալում երաժշտական թատրոնի օրենքները, վայելում Ուեբերի երաժշտությունը եւ ստեղծում համր ֆիլմի պրիմադոննայի զարմանալիորեն գունեղ ու հմայիչ կերպար։

Նման Նորմա Դեսմոնդ «Սանսեթ Բուլվարի» պատմության մեջ դեռեւս չի եղել: Թամարա Միխայլովնան խոստովանում է. «Իմ բախտը բերել է. երկուսուկես ժամ ես իրական հոլիվուդյան աստղ եմ լինելու: Նորման զարմանալիորեն նուրբ եւ խոր կերպար է. ես նրա մեջ տեսնում եմ ե՛ւ ողբերգություն, ե՛ւ սքանչելի ինքնահեգնանք, ե՛ւ բանականություն, ե՛ւ անլուծելի հակասություններ… Վստահ եմ, որ նրա կերպարում եւ ներկայացման սյուժեում կգտնվեն այսօրվա շատ ցավոտ հարցերի պատասխաններ։ Կնոջ ճակատագիրը, ով որոշել է հավատարիմ մնալ իրեն եւ իր կոչմանը, որին դավաճանել են ե՛ւ մասնագիտությունը, ե՛ւ տղամարդիկ, ամենից հաճախ ավարտվում է ողբերգությամբ։ Ես ունեմ ընդամենը վեց պրեմիերային երեկո, սակայն դրանցից յուրաքանչյուրում կփորձեմ փոխանցել այս գեղեցիկ ու չհասկացված հերոսուհու ողջ դրաման»։

Թամարա Գվերդծիթելին եւ խորեոգրաֆ Վասիլի Չերնենկովը


Բեմադրության ռեժիսորն է միջազգային փորձ ունեցող երաժշտական թատրոնի ռեժիսոր, Էնդրյու Լլոյդ Ուեբերի ղեկավարությամբ «Arts Educational Schools, London»-ի շրջանավարտ Անտոն Մուզիկանտսկին (Լոնդոն). ««Սանսեթ բուլվարը» ստեղծել են երկու հանճարներ Ուայլդերը եւ Ուեբերը: Մեկը գրել է համաշխարհային կինոյի ամենաուսումնասիրված սցենարներից մեկը, մյուսը՝ զարմանալի երաժշտություն այս պատմության մյուզիքլի համար։ Ե՛վ ֆիլմը, ե՛ւ մյուզիքլը կանոնական գործեր են։ Կարողանալ վերագտնել եւ վերաիմաստավորել այս նյութը նորովի, տեսնել, թե ինչպես է այն արտացոլում այսօրվա օրը, ռեժիսորական մեծ արտոնություն է: Ինձ համար առանձնահատուկ երջանկություն եւ հրաշք է ամեն օր աշխատել նման պրոդյուսերական թիմի, տաղանդավոր դերասանական կազմի հետ, Թամարա Միխայլովնայի հետ։ Մեր «Սանսեթ բուլվարը» պատմություն է անցյալի եւ ներկայի, ճշմարտության եւ պատրանքի, մարդկայնության եւ այն ընտրության մասին, որը բոլորն անում են՝ թողնելով անցյալը կամ մնալով նրա պատրանքի մեջ»:

Աշխարհի ամենահայտնի երաժշտական կոմպոզիտոր սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերի պարտիտուրը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հայտնի կոլեկտիվի մասնակցությունն անմիջապես ռեկորդ կապահովի մյուզիքլի համար. «Սանսեթ բուլվարի» երեւանյան տարբերակը կմտնի այս մյուզիքլի պատմության մեջ՝ որպես նվագախմբի ամենամեծ կազմով բեմադրություն։ Դիրիժորական նոտակալի մոտ կկանգնի դիրիժոր-բեմադրող, «Օպերայի ուրվականը» ստեղծագործության համար «Ոսկե դիմակ»-ի դափնեկիր, միջազգային փորձ ունեցող երաժշտական դիրիժոր Մարիամ Բարսկայան։

Եվգենի Ելպաշեւը՝ Ջո Գիլիսի դերում


Սյուժեն նվիրված է Հոլիվուդին եւ նրա կուլիսներին, ուստի բեմադրությունն ինքնին նախատեսվում է լինել հոլիվուդյան աստիճանի տպավորիչ եւ տեսարանային: Բեմանկարիչ Անաստասիա Պուգաշկինայի նախագծած հսկայական դեկորացիաները կզբաղեցնեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճի ողջ բեմը։ Լեգենդար «Արմենֆիլմ» կինոստուդիայի արտեֆակտները՝ լուսարձակները, արտացոլիչները եւ անցյալի հայտնի ֆիլմերը հիշող այլ սարքավորումներ նույնպես կդառնան լայնածավալ սցենոգրաֆիայի մաս։ «Արմենֆիլմի» հետ համագործակցության շրջանակում «Սանսեթ բուլվարի» համար վերականգնվել եւ կյանքի են կոչվել թանգարանային նշանակության բազմաթիվ առարկաներ. այսօր նրանք արդեն մասնակցում են փորձերի՝ վերստեղծելով կինոստուդիայի ոգին, իսկ ապրիլին արտիստների հետ միասին դուրս կգան բեմ։ Պրեմիերաներից հետո թարմացված վիճակում նրանք կվերադառնան հայրենի կինոստուդիա։

«Սանսեթ բուլվար» մյուզիքլի փորձին


Նորմա Դեսմոնդի զգեստները կարող են դառնալ նորաձեւության հավաքածուի հիմք եւ զարդարել ցանկացած պոդիում. համր կինոյի դարաշրջանի հոյակապ զգեստները հատուկ Թամարա Գվերդծիթելիի համար ստեղծել են զգեստների դիզայներներ Անաստասիա Պուգաշկինան եւ Եկատերինա Գուտկովսկայան: Նրբագեղ պուարե ձեւվածքը, անցյալ դարի 20-ականների ոճավոր ուրվապատկերը, Ջինջեր Ռոջերսի ոճի պարահանդեսային զգեստը, տպավորիչ գլխաշորերը եւ զարդանախշերը...

Եվգենի Ելպաշեւը եւ Թամարա Գվերդծիթելին


Ներկայացմանը մասնակցում է մոտ երեսուն դերասան՝ բոլորը «հաղթեցին» իրենց դերերը բաց ազգային քասթինգում, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսին։ Նրանց թվում են թատրոնի եւ կինոյի դերասան, «Լավագույն դերասան» անվանակարգում Հայաստանի ազգային թատերական մրցանակի դափնեկիր Արամ Կարախանյանը, դերասան եւ հաղորդավար, մնջախաղի եւ կլոունադայի վարպետ, մոնոներկայացման համար միջազգային փառատոնի Գրան պրիի դափնեկիր, ստենդափ պիեսների հեղինակ Սերգեյ Դանիելյանը, դերասանուհի, երգչուհի եւ հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, հեռուստաշոուների մասնակից, թատերական արտիստ, Հայաստանի ազգային թատերական մրցանակի «Լավագույն երիտասարդ արտիստ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերում կրկնակի դափնեկիր Սենիկ Բարսեղյանը, «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում  Հայաստանի ազգային թատերական մրցանակի դափնեկիր Անի Լուպեն եւ թատերական Երեւանի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրն ունի երկու կամ ավելի դեր:

Արթուր Մանուկյանը՝ Մաքս ֆոն Մայերլինգի դերում


Հայ դերասանների մասնակցությունը SKYFIST ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Պողոս Հարությունյանի առաջնահերթությունն է. «Ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, թե որքան տաղանդավոր ու ստեղծագործ է հայ ժողովուրդը։ Որպեսզի իմ հայրենի հողի ստեղծագործ մարդիկ իմանան, որ այստեղ նույնպես կարող են զարգանալ, բարձունքների հասնել ու ճանաչելի դառնալ ամբողջ աշխարհում։ Ուստի ես պատրաստ եմ համաշխարհային նախագծեր բերել Հայաստան եւ տեղացի դերասաններին ներգրավել այդ նախագծերում»։

Բացի անկրկնելի Թամարա Գվերդծիթելիից, գլխավոր դերերը կատարում են Եկատերինբուրգի դերասան, «Ոսկե դիմակի» դափնեկիր Եվգենի Ելպաշեւը՝ Ջո Գիլիսի դերում, ղազախստանցի դերասանուհի Ալիա Աղադիլովան՝ Բեթի Շեյֆերի դերում, եւ երեւանցի դերասան Արթուր Մանուկյանը՝ Մաքս ֆոն Մայերլինգի դերում։

Այժմ դերասաններն ամենօրյա ռեժիմով փորձեր են անում։ Բացի բեմադրական փորձերից, նրանք սովորում են երգել սոլո եւ անսամբլում, պարել պարուսույց Վասիլի Չերնենկովի ղեկավարությամբ, աշխատել խոսքի եւ բեմական շարժման վրա, «նվաճում» են հսկայական դեկորացիան եւ երազում պրեմիերայի մասին:


Ուրախ ենք նշել, որ «Սանսեթ Բուլվարը» Հայաստանում օրինական եւ պաշտոնապես բեմադրված առաջին բրոդվեյյան մյուզիքլն է: Ներկայացումը կանցկացվի ռուսերենով։ Բեմադրությունը իրականացվում է հեղինակային իրավունքի սեփականատերերի թույլտվությամբ՝ Ուեբեր թատերական ընկերության հետ բացառիկ համաձայնագրի համաձայն։ Անտոն Մուզիկանտսկու նոր բեմադրությունն արեւմտյան տարբերակի «փոխանցումը» չէ. այն մյուզիքլի հեղինակային ընթերցում է, հատուկ Հայաստանի համար ստեղծված օրիգինալ բեմադրություն, իսկ դա նշանակում է, որ նման «Սանսեթ Բուլվար» գոյություն չունի ոչ մի երկրում, եւ Երեւանի հանդիսատեսն աշխարհում առաջինը կտեսնի «իր» տարբերակը։

Հանդիսատեսին սպասում է միջազգային մակարդակի լայնածավալ թատերական տեսարան, որն անմոռանալի մշակութային փորձ ստանալու աննախադեպ հնարավորություն է։ Կլինեն նաեւ vip տոմսեր, որոնք թույլ կտան կուլիսներ գնալ եւ ստանալ ներկայացման հեղինակների ինքնագրերով բուկլետներ, օգտվել vip նստատեղերից դահլիճում եւ անտրակտի ընթացքում լավ ժամանակ անցկացնել lounge զոնայում ՝ իսկական թատերական բոհեմի նման:

Տոմսերը կարող եք ձեռք բերել www.skyfist.com -ից: Գինը՝ 5000-ից 100000 դրամ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW