Տասը տարի առաջ նրանք պարզապես մի տանիքի տակ հավաքված կերպարներ էին, իսկ երեկ բեմում ցույց տվեցին, թե ինչի են հասել այս տարինեի ընթացքում: Հանդիսատեսը եկել էր տեսնելու՝ պահպանվե՞լ է արդյոք այն նույն «քիմիան», որի շնորհիվ տարիներ շարունակ հետեւել են նրանց:
Առաջին համարում ներկայացվեց, թե տարիների թռիչքից հետո ինչպես են դասավորվել սիրելի կերպարների ճակատագրերը: Թեեւ կյանքում շատ բան է փոխվել, բեմում դերասանները խոստովանում են՝ իրենց հարաբերություններում ոչինչ չի փոխվել:
«Ստացվեց, քանի որ հետաքրքիր հինգ տարի ենք անցկացրել իրար հետ, հետո էլ եղել ենք համերգների: Այդ ընթացքում շարունակել ենք շփվել, աշխատել, տարբեր նախագծեր անել: Միշտ իրար հետ ենք եղել՝ անկախ նրանից՝ էկրանից երեւացել ենք, թե ոչ»,– ասաց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը։
Չնայած երկարատեւ դադարին՝ բեմ բարձրանալուց առաջ հուզմունքն ու լարվածությունը նույնն էին, ինչ 2015 թվականին, երբ առաջին անգամ ներկայացման ձեւաչափով ելույթ ունեցան Միացյալ Նահանգներում, խոստովանում է Արփի Գաբրիելյանը։
«Մտածում էինք՝ տեքստերը մոռանալու ենք, չենք հիշելու, բայց, ինչպես միշտ, մեր ընդհանուր «քիմիան» աշխատեց»,- ասաց դերասանուհի-երգչուհին:
Անի Երանյանը եւս ուրախ է վերամիավորման համար. «Երեւի թե ամենաուժեղ հույզերն այն առիթով են, որ այսքան տարի անց նորից միասին բեմ ենք բարձրանում, միասին շրջագայելու ենք: Տարիներ շարունակ այն օրերն ու էմոցիաները, որ ապրել ենք իրար հետ, կարոտել էինք եւ ուզում էինք, որ շարունակվեին»։
Սցենարական աշխատանքները երկար ֆիլտրման փուլ են անցել: Յուրաքանչյուր կերպար ու կատակ մշակվել է մի քանի տարբերակով՝ հանդիսատեսին լավագույնն ու ամենածիծաղելին հասցնելու համար:
«Մեր սցենարը մոտավորապես 10-12 «դրաֆթ» է ունենում. անընդհատ ֆիլտրում ենք: Նույնիսկ այս համերգից հետո հասկացա, որ բաներ կան, որ կարելի է ավելի մշակել»,- ասաց Գրիգոր Դանիելյանը:
Ներկայացման ընթացքում քաղաքական հումորների պակաս չկար: Բեմից հնչում էին նույնիսկ գործիչների անուններ, ինչը հանդիսատեսի շրջանում ծիծաղի ու ծափահարությունների բուռն ալիք էր բարձրացնում:
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ տարիներ շարունակ հումորի ոլորտում լինելով՝ իրենք երբեք չեն անցնում վիրավորանքի սահմանը. «Մենք 1996 թվականից զբաղվում ենք հումորով: Ես իմ կյանքում տեսել եմ բոլորին եւ ելույթ եմ ունեցել բոլորի ներկայությամբ: Մեզնից երբեք ոչ ոք չի նեղանում, որովհետեւ մենք երբեք չափը չենք անցնում. մեր ոչ մի հումոր վիրավորական երանգ չունի»:
«Տամարայի կյանքով ավելի շատ եմ ապրել, քան իմ անձնականով»
Մարջան Ավետիսյանն էլ, անդրադառնալով ներկայացման քաղաքական երանգներին, նշեց, որ հումորին պետք է ճիշտ վերաբերվել. ««Ֆուլ Հաուս»-ն այն բացառիկ նախագծերից է եղել, որում միշտ արտացոլվել է քաղաքականությունը: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել: Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդիկ ադեկվատ վերաբերվեն հումորին, անգամ եթե այդ հումորը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Մարդու վերաբերմունքը հումորային նախագծերին խոսում է նրա բարձր ինտելեկտի մասին։ Իսկ մեր ամբողջ կյանքը քաղաքականացված է. մենք սիրում ենք դրա մասին խոսել ու հումոր անել»:
Դերասանուհու համար Տամարայի կերպարն առանձնահատուկ է: Խոստովանեց՝ այս դերով է ամենաշատը հայտնի դարձել ու սիրվել հանրության կողմից. «Վերջերս էլի ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ տպավորություն է, թե ես Տամարայի կյանքով ավելի շատ եմ ապրել, քան իմ անձնականով: Այս կերպարում լիքը բաներ կան, որոնք իմն են՝ հենց Մարջանինն են, ու երեւի դրա համար էլ այդքան անկեղծ, ուղիղ ու ջերմ է ստացվում»:
Էկրանային սեր, որը դարձավ ընտանիք
«Ֆուլ Հաուս»-ը շատերի համար պարզապես նախագիծ էր, իսկ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համար՝ ճակատագրական հանդիպում: Հենց այս սիթքոմի նկարահանման հրապարակում ձեւավորվեց նրանց զույգը, որն այսօր արդեն ամուր ընտանիք է:
Նախագծի ցուցադրությունների տարիներին դեռ չծնված նրանց որդին՝ Ռոբերտը, այժմ մեծացել է ու դարձել «Ֆուլ Հաուս»-ի ամենաանկեղծ դիտողն ու քննադատը:
Արփին ու Միհրանը ծիծաղով պատմում են, որ որդին նոր է սկսել դիտել սերիալը: «Մի օր Անիին տեսավ, ասում է. «Անի՛, իսկ ինչո՞ւ եք դու ու մաման պապային ծեծում»(ծիծաղում են): Հարցնում եմ՝ «Մամայի՞ն ավելի շատ ես սիրում սերիալում, թե՞ պապային», ասում է՝ «Երկուսիդ էլ»: Ինձ թվում է՝ երկուսիս էլ սիրում է, իր համար հետաքրքիր է»,- պատմեց դերասանուհին:
Ներկայացումն ավարտվեց «Ֆուլ Հաուս»-ի խորհրդանշական երգով, որը Միհրան Ծառուկյանը կատարեց իրեն ձայնակցող հանդիսատեսի ջերմ ծափողջույնների ներքո։
«Ֆուլ Հաուս․ վայրէջք» լիամետրաժ ֆիլմը, ինչպես նշեցին հեղինակները, կունենա շարունակություն, որում հանդես կգան Քրիստինա Եղոյանը եւ Գոռ Հակոբյանը: Ի դեպ, Գոռն այս ներկայցմանը մասնակցում էր տեսանյութերի միջոցով։
Երեւանյան ներկայացումներից հետո «Ֆուլ Հաուս»-ի թիմը հանգստանալու ժամանակ չի ունենա. հոկտեմբերին մեկնելու են եվրոպական շրջագայության: Գրաֆիկը բավական ծանր է լինեու՝ 6 համերգ՝ 6 օրում:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
32





