×


Մայրանուշ Գրիգորյան. «Շատ ծանր տարա, որ «Խնձորի այգում» Ալլա Թումանյանը նկարահանվեց, ոչ թե ես»

Bravo.am-ի համար Հայաստանի վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանի հետ հարցազրույցը շատ տպավորիչ սկսվեց: Դերասանուհին տաքսիից իջավ, ու ասես միանգամից հայտնվեցինք 1970-ականների ֆիլմի կադրում: Գլխաշորով էր, մազերը՝ փաթաթած, պայուսակում մի քանի հագուստ կար՝ եթե զգեստափոխվելու անհրաժեշտություն լիներ, ձեռքին էլ՝ ծաղիկներ: Գրիգորյանն արխիվային լուսանկարներով ու բանաստեղծության տետրով զինված էր եկել, մի խոսքով՝ ցանկացած իրավիճակի պատրաստ: Միանգամից գլխաշորը հանեց, մազերը կարգի բերեց եւ ասես Vogue-ի իսկական հերոսուհի լիներ: 

Նախ ցանկացավ մեզ համար բանաստեղծություն կարդալ. բացեց էջերից մեկն ու ցույց տվեց դեռ 2006 թվականին իր ձեռագրով արտագրած Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին…» բանաստեղծությունը: Իրոք տպավորիչ էր. դեռ ոչ մեկը հարցազրույցին այսքան մանրակրկիտ չէր պատրաստվել:


- Կատաղած գործ է։

- Իսկապես, ամեն բառը՝ մի ուղերձ։ 

- Արդեն սկսեցի՞նք հարցազրույցը։

- Վաղուց սկսել ենք. հենց եկաք ու սկսեցինք խոսել։ Եթե հիմա եք այսքան ակտիվ ու կյանքով լի, երիտասարդ տարիներին ինչպիսի՞ն էիք։

- Էլի շատ ակտիվ էի։ Իմ եւ ապագա ամուսնուս հանդիպումների վայրը ձմռանը Ծաղկաձորն էր, որտեղ դահուկ էինք քշում, մյուս եղանակներին «Հրազդան» ստադիոնում էինք մարզվում։ Սպորտի իսկական սիրահար եմ եղել։ Երեքուկես տարի հանդիպելուց հետո ամուսնացանք. նա Պոլիտեխնիկի վերջին կուրսում էր սովորում, իսկ ես՝ Թատերականի երկրորդում։

- Իսկ ինչպե՞ս էիք ծանոթացել։

- Հանրային գրադարանում մեր ծանոթությունն ինձ համար ճակատագրական եղավ։ Մեկ-մեկ մտածում եմ՝ լա՞վ էր, որ ամուսնացա Դավիթի հետ, բայց նաեւ մշտապես ասում եմ, որ երեքուկես տարի մեր սերն ինքնամոռաց էր՝ «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի նման։ Չեմ ամաչում այդ մասին նշել, որովհետեւ դա իմ ապրած կյանքն է, իմ երկու բալիկների սկիզբը։ Շատ սուղ ենք ապրել. մեր ծնողների բնակարանները փոքր էին, եւ տասներկու տարի ապրեցինք մեր մտերիմներից մեկի տանը, մինչեւ մեզ բնակարան հատկացրին: Այդ ժամանակ երկու աղջիկներս արդեն ծնվել էին։

- Իսկ ո՞նց էիք կարողանում նեղության մեջ, բայց երջանիկ ապրել: Հիմա թվում է՝ ամեն ինչ կա, բայց մարդիկ լիարժեք երջանիկ չեն:

- Աշխարհում ամենահզոր բանը սերն եմ համարում։ Արվեստի գործ եք ստեղծում, տիեզերանավ, ռադիո, շենքեր, քանդակ, թե ճարտարապետություն, առանց սիրո ոչինչ չի լինում։ Ինձ հաճախ էին ասում. «Վա՜յ, այս ծանր պայմաններում դու ո՞նց ես ապրում: Ափսոս ես, էկրանի մարդ ես, հաճելի ես, ներկայանալի, լավն ու սիրուն ես, բայց պայմանները ծանր են։ Փոփոխություն արա քո կյանքում»։ Իմ մտերիմներն առաջարկում էին բաժանվել։ Բայց ինչպե՞ս կարող էի. մեծ աղջիկս արդեն ծնվել էր, ու համոզված էի, որ ամեն ինչ կհաղթահարեմ: Չէ՞ որ հետագայում էլ կարող էր սեր չլինել։ Այնպես որ, միմյանց հետ 44 տարի ապրել ենք սիրով: Հիմա Դավիթը երկնքում է։ 

Մեզ ճանաչողները գիտեին, որ իրար շատ ենք սիրում: Առհասարակ, ընտանիքը կայանում է, երբ մարդիկ հասկանում են միմյանց։ Նա ընդունում էր, որ ես խենթ ու խելառ եմ, շփվող, կինո ու թատրոն սիրող, ես էլ՝ իր խիստ, պահանջկոտ ու մի քիչ կամակոր բնավորությունը։ Վեճեր, խոսակցություններ ու պահանջներ հաճախ շատ էին լինում, բայց ամեն ինչ հաղթահարեցինք։ 


- Ինքներդ էլ նշեցիք, թե որքան շփվող եք. ինչպե՞ս եք մարդկանց հետ այդքան արագ ընդհանուր լեզու գտնում։ 

- Սիրում եմ բարի, կամեցող, անկեղծ, գեղեցիկ ու շնորհաշատ մարդկանց՝ լինի 3-4 տարեկան երեխա, թե 90 տարեկան մեծահասակ։ Փոքրիկին մանկասայլակի մեջ տեսնելիս պետք է անպայման մի սիրուն բան ասեմ ու օրհնանք տամ։ Այդ շնորհքն ի վերուստ է տրված: Սիրում եմ մարդկանց հետ ծանոթանալ, խոսել, պատմել, ուրիշի հոգսից ու ցավից հարցնել, եթե կարողանում եմ՝ օգտակար լինել, կամ գոնե բարին ցանկանալ ու մի խորհուրդ տալ։   

- Բայց Ձեր կյանքը հենց փոքր տարիքից էլ բավական ծանր է եղել. մեծացել եք բազմազավակ ընտանիքում ու նյութական դժվարություններ կրել: Ինչի՞ շնորհիվ եք լավատեսությունը պահպանել։

- Դժվարություններ իսկապես շատ-շատ եմ հաղթահարել, բայց ինձ միշտ երես էին տալիս ու ասում, որ սիրուն եմ, ասող-խոսող, խելացի... Խորհուրդ էին տալիս նպատակներ սահմանել ու հասնել դրանց։ Հենց դա էլ դարձավ իմ կարգախոսը. համոզվեցի, որ համբերության, աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ հնարավոր է ամեն ինչի հասնել։ Իմ բախտը շատ բերեց, որ «Խնկո Ապոր» գրադարանում շատ լավ ուսուցիչ ունեի. Մանիկ Կոշկակարյանը խորհուրդ տվեց դպրոցն ավարտելուց հետո թղթերս տանել ինստիտուտ: Համոզված էր, որ կընդունվեմ: Այդպես էլ եղավ։ Հիմա երկնքից լսում է մեզ: Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ։ 

- Իսկ որտեղի՞ց էր բեմի ու թատերարվեստի հանդեպ Ձեր սերը: 

- Սովորում էի Չարենցի անվան դպրոցում, որը գեղեցիկ ու ճոխ դահլիճ ուներ: Այնտեղ «Գիքորը» բեմադրեցինք, ու զգացի բեմի գեղեցկությունը: Նաեւ միշտ զբաղված էի հնարամիտների ու սրամիտների ակումբի աշխատանքներով։ Մեծ քույրս ու եղբայրս՝ էլի գեղեցիկ եւ խելացի, չէին կարողացել ինստիտուտ ընդունվել, իսկ ես նպատակ դրեցի անպայման սովորել, գիտեի՝ ուր եմ գնում եւ ինչի համար։ Մտքովս էլ չէր անցնում, որ առաջին քայլերս անելուց հետո ճանապարհ է բացվելու նաեւ ինձնից փոքր հինգ քույրերիս ու եղբայրներիս համար։ Բացումն արեցի, իսկ հետո բոլորն էլ ընդունվեցին տեխնիկումներ եւ ինստիտուտներ. իրենք էլ են միշտ հիշատակում այդ փաստը։ 

Իրոք դժվար տարիներ էին: Մայրս մեզ մեծ դժվարությամբ էր պահում։ Կենտրոնի բնակիչ էինք՝ մեր տունը Զաքյան եւ Ամիրյան փողոցների մոտ էր: Ամբողջ թաղամասը գիտեր, որ նա սիրուն Վարդուշն է։ Եվ մենք՝ ութ երեխաներս, բոլորս շատ գեղեցիկ ու բոյ-բուսաթով էինք՝ սիրուն մաշկով ու փարթամ մազերով։ Գեղեցկությունն ու բարությունը հզոր ուժ են, եւ 70-ականներին ինձ շատ օգնեցին, երբ ընդունվեցի ինստիտուտ։ Բայց չկատարեցի կուրսղեկիս՝ Կիմ Արզումանյանի, թող Տերը լույսերի մեջ պահի նրա հոգին, պահանջը. «Մինչեւ չավարտեք, չսիրահարվեք ու չամուսնանաք»։ Կուրսում տասներկու հոգի էինք, մեզ ասում էր. «Բոլորդ ճանաչված մարդիկ եք դառնալու»։ 

- Դարձա՞ք։

- Կիմ Արզումանյանը «Սայաթ-Նովա» ֆիլմն է նկարել, Սունդուկյանի անվան թատրոնում բազմաթիվ լավ ներկայացումներ է բեմադրել: Նրա կինը Մետաքսյա Սիմոնյանն էր: Նրանց տղան էլ էր մեր կուրսում սովորում, ինչպես նաեւ Հասմիկ Տեր-Կարապետյանը, Արմեն Էլբակյանը, Թամար Հովհաննիսյանը, Գայանե Սարգսյանը, Ամիրան Գալստյանը: Բոլորը ճանաչված մարդիկ են, բեմի ու թատրոնի նվիրյալներ, մի մասը՝ Սունդուկյանում, մյուսները՝ Դրամատիկականում, Պատանի հանդիսատեսում։ Իսկ ինձ ամուսինս չթողեց աշխատել. դեռ ինստիտուտի տարիներին էր զգուշացնում, որ ես թատրոնում չեմ աշխատելու։ 

- Իսկ ինչպե՞ս համակերպվեցիք այդ մտքի հետ: Չէ՞ որ այդքան սիրում էիք եւ Ձեր ապագան բեմում պատկերացնում։ 

- Ծնողներս էին շատ տխրել, որ թատրոնում չեմ խաղալու։ Մեծ աղջիկս՝ Աննան, մի քանի ամսական էր, երբ 1976 թվականին Կիմ Գուրգենիչը սկսեց վերականգնել հեռուստաթատրոնը։ Նա խումբ էր հավաքում եւ ինձ էլ զանգեց. «Եթե բախտդ բերի եւ ընդունվես, մեծ ու միջին դերեր կստանաս: Արի եւ մրցույթին մասնակցիր»։ Ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանը բեմադրեց Ալեքսեյ Արբուզովի «Քաղաքն արշալույսին» ներկայացումը, որում խաղացի, բայց մինչեւ այն մոնտաժեցին, ու ժյուրին հավանություն տվեց, տարին փոխվեց։ Այդպես դարձա այն երջանիկներից մեկը, ով ընդունվեց հեռուստաթատրոն։ 


- Ձեր ամուսինը հեռուստաթատրոնին դեմ չէ՞ր։ 

- Կողմ էր, որ այդ տարբերակով երեւամ էկրանին։ Նշում էր. «Առավոտյան թատրոնում կլինես, ճաշին՝ կինոստուդիայում, արդյո՞ք կհասցնես տուն գալ ու երեխային խնամել կամ էլ մեզ համար կերակուր պատրաստել»։ Դերասանի կյանքն այդպիսին է. նա մշտապես տնից բացակայում է, դրա համար են ասում, որ արվեստը խանդոտ է: Դա վերաբերվում է նաեւ օպերային, բալետին, երգարվեստին, պարին։ Չգրված օրենք է՝ կամ սիրահարվում ես ու ընտրում արվեստը, կամ՝ ընտանիքը։ Ես կիսատ-պռատ հաջողեցի: Այդպես էլ իմ ուզած դերերը հեռուստաթատրոնում ու ֆիլմերում չխաղացի, որովհետեւ փոքր երեխա ու հիվանդ ամուսին ունեի: Դավիթին շատ էի սիրում, բայց մի քիչ տկար էր եւ մի քանի տարին մեկ լուրջ վիրահատությունների էր ենթարկվում։ Շատ քիչ եմ երջանիկ եղել։ Առաջին վիրահատությունից հետո տարբեր խնդիրներ ի հայտ եկան, ու անընդհատ հիվանդանոցներում էինք լինում. շարքային անգինան ու գրիպը գոնե անպակաս էին: 

Նրան խնամել եմ, բալիկներիս կրթել, հեռուստաթատրոնում եւ Հանրային ռադիոյում աշխատել, ֆիլմեր եւ մուլտֆիլմեր կրկնօրինակել: Երբ 1990-ականներին դրանց թիվը հազարից անցավ, դադարեցի տետրերում գրառումներ անել: 

- Ինչպե՞ս կրկնօրինակումը հայտնվեց Ձեր կյանքում ու ո՞նց այդքան մասնագիտացաք։ 

- «Խնձորի այգին» ֆիլմի համար կինոփորձի մասնակցեցի, բայց Ալլա Թումանյանն անցավ ու մարմնավորեց գաղթական կնոջը՝ Նունուֆարին: Սոս Սարգսյանն էլ Մարտին ապերն էր։ Շատ ծանր տարա, որ ինձ չընտրեցին: Հեռուստաթատրոնն արդեն փակվել էր, ինչն էլի շատ ցավոտ էր եղել ինձ համար։ 

Այնքան էի ուրախացել, որ 1985 թվականին մասնակցեցի Մարզահամերգային համալիրի բացմանը. դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի սկիզբը՝ 13-14 օր շարունակ, հյուրերի էինք ընդունում։ Կարեն Դեմիրճյանի ցանկությամբ Նոր տարվա միջոցառում էր կազմակերպվել, որ այդ ահռելի ու գեղեցիկ կառույցի բացումը շքեղ լինի։ ԽՍՀՄ տարբեր երկրներից հյուրեր ունեինք: Գալիս էին կրկեսի աշխատողներ, պարի ու թատերական խմբեր եւ իրենց շնորհավորանքը փոխանցում։ Ես «Քաջ Նազար»-ի դերասաներից մեկն էի՝ Նունուֆարը: Հեքիաթի հերոսներով բոլորին ընդունում էինք ու բեմ բարձրանում, ինչին հաջորդում էր շքեղ տոնակատարությունը: 

Բայց միեւնույն է՝ չէի կարողանում մոռանալ, որ «Խնձորի այգում» այդպես էլ չխաղացի։ Ամիսներով արտասվում էի. «Բա ես ի՞նչ եմ անելու»: Ամուսինս դեռ չէր թողնում թատրոնում խաղալ։ Որոշ ժամանակ անց «Հայֆիլմ»-ից ռեժիսորի օգնական Ժորան զանգեց։ «Պիտի Ալլա Թումանյանի փոխարեն ձայնագրվես» (ծիծաղում ենք,- հեղ.)։

- Փաստորեն այդ ֆիլմում ամեն դեպքում պետք է հայտնվեիք։ 

- Այո։ Ալլան ռուսական դպրոց էր ավարտել: Ճիշտ է՝ եվրոպական արտաքին ուներ,  բայց չէր կարող գաղթական կնոջ պես խոսել։ Մինչեւ այդ զանգը 5-6 ամիս էր անցել, դեռ տխուր էի, բայց երբ Ժորան սկսեց ֆիլմից խոսել, հասկացա՝ կամ աղն է պակաս, կամ մաղը։ Այսպես սկսեց. «Հանգստացիր, դու գիտես իմ վերաբերմունքը»։ Կինոստուդիայի ժողովուրդն ինձ սիրում էր, ես էլ՝ նրանց։ Շարունակեց․ «Պիտի գաս»։ Մի պահ դադար տվեց ու ավելացրեց․ «Ալլային ֆիլմում հնչյունավորես» (ծիծաղում ենք,- հեղ.)։

Ինձ այդ գործում իսկական վարպետ եմ համարում: Երբ վարպետ եմ ասում, Արմեն Ջիգարխանյանին եմ հիշում. նրա հետ «Մոսֆիլմ»-ի համար Գառնու տաճարում երկու սերիանոց հին հունական ֆիլմում ենք նկարահանվել, ինչի համար անչափ հպարտ եմ։ Բախտս բերել է, որ մեկումեջ նկարահանվել եմ:

- Բայց չպատմեցիք, թե ի վերջո ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք կրկնօրինակմամբ զբաղվել:

- Ալբերտ Մկրտչյանը տարավ, կոկորդս օգտագործեց ու ինձ հասանելիք 9 ռուբլին այդպես էլ չվճարեց (ծիծաղում ենք,- հեղ.): Ֆիլմի անունը չեմ էլ հիշում. պատերազմի տարիներին հղի կինը տեսնում է, թե ինչպես է ձիավորը սպանում իր ամուսնուն, ու երեխային կորցնում է: 11 դուբլ եմ արել... Պատկերացրեք՝ ինչպիսի տառապալից ճիչ պետք է արձակեի: Գնացի այն աշխարհ ու հետ եկա. զրոյից ձայն էինք ստանում: 24 տարեկան էի, ինքս երբեք նման ապրում չէի ունեցել. իմ երկու դուստրերին էլ տասը րոպեում շատ հեշտ ծննդաբերել եմ, միշտ մարզվել եմ, արշավների գնացել, դահուկ վարել, սուսերամարտով ու լողով զբաղվել: Բայց առանց տանջանքների ոչինչ չի լինում, ու այդպես էլ սկսեցի զբաղվել կրկնօրինակմամբ:

- Կրկնօրինակման շատ հարուստ փորձ ունեք, Դուք էլ հիշատակեցիք Ձեր հայտնի տետրի մասին: Մի քանի հիշարժան աշխատանքների մասին էլ կպատմե՞ք:

- «Թթենի»-ում հղի Շուշանի կերպարում Թամար Հովհաննիսյանին եմ ձայնագրել: Եթե այնպես էր պատահում, որ դերասանները քաղաքից բացակայում էին, ռեժիսորներն ինձ էին կանչում նրանց հնչյունավորելու: «Թթենի»-ի ռեժիսորը նույնիսկ ասել է. «Թամար ջան, հանկարծ չնեղանաս, Մայրանուշի ձայնից քո դերը միայն շահում ու բարձրանում է: Նա քո խաղն ավելի է հարստացնում»: 


«Մեր մանկության տանգո»-ի մի դրվագում Գալյա Նովենցի փոխարեն ես եմ ծիծաղել: Պատկերացրեք՝ նա «Կտոր մը երկինք»-ում Սոֆիկո Ճիաուրելիին էր ձայնավորում, ես էլ՝ իրեն: Նովենցը, Ժենյա Ավետիսյանը, Վիոլետա Գեւորգյանը նեղացել էին, թե ինչու էին այդ դերի համար վրացուհու ընտրել։ Վիգեն Չալդրանյանն էլ իր «Լռության սիմֆոնիա» ֆիլմում վրացուհի Նինո Կասրաձեին նկարահանեց, որին էլի ես եմ ձայնավորել: Չալդրանյանը 7-8 հոգու փորձեց, բայց հետո ինձ ընտրեց: Հոգիս հանում էր, մինչեւ իր ուզածը ստանում էինք:  

- Ձայնը կինոյում ամենաուժեղ արտահայտչամիջոցներից է: Չե՞ք նեղսրտում, որ էկրանին չեք երեւում, փոխարենն օգնում եք ուրիշների խաղն ավելի լավը դարձնել: 

- Խոսքը դերասանին իսկապես տպավորիչ եւ ազդեցիկ է դարձնում: Այն միտքը, որ հետո դերասաններն ու ռեժիսորներն ինձ են շնորհակալ լինում, ամեն ինչ մոռացնել է տալիս: Հաճախ եմ լսել այս խոսքերը. «Մայրանուշ, դու հարստացրիր այդ դերը»: Դրանով էլ մխիթարվում էի: 

- Ձեր մասնակցությամբ ֆիլմերից խոսենք՝ հատկապես «Ձորի Միրո»-ից ու «Աշնան արեւ»-ից: 

- Շարքը կարող ենք շարունակել՝ «Հող եւ ոսկի», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Հարսնացուն Ջերմուկից»։ Բայց ամեն ինչ սկսվեց 1977 թվականին՝ «Աշնան արեւ»-ից: Մեծ աղջիկս մեկ տարեկան էր, երեխային սկեսրոջս մոտ թողեցի, որ կարողանամ նկարահանվել: Մեզ տարան հեռու-հեռու՝ Հրանտ Մաթեւոսյանի Ահնիձոր գյուղը: Ֆիլմի սկզբում զանգվածային տեսարան կար, որում կանայք պետք է մերկանային ու մտնեին ցրտաշունչ գետը: Բնականաբար, չէի կարող համաձայնել, բացի այդ էլ, երկրորդ ռեժիսոր Հակոբ Իսկանդարյանը տեղեկացրեց, որ Կարեն Ջանիբեկյանի հետ պետք է փոքրիկ անկողնային տեսարանում նկարահանվեմ: 

Իմ ամուսնուն իմանալով՝ ասացի. «Ես երեւի գնամ Երեւան»: Ամուսինս վաղուց էր զգուշացրել. «Չլինեմ-չիմանամ՝ գրկախառնվես, համբուրվես կամ մերկ նկարվես»: Հեռուստաթատրոնում էլ էր այդ ամենն ինձ արգելում: Գաղտնի մի քանի բան արել էի՝ համոզված լինելով, որ չի նայելու: Երկու ոտքս մեկ կոշիկի մեջ դրեցի ու ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին ասացի. «Բացառվում է: Ոչինչ, որ նեղություն կրեցի ու հասա այստեղ, բայց նկարվել չեմ կարող. ամուսինս կբաժանվի, ու ես կդժբախտանամ»։ Սկսեց համոզել ու բացատրել, թե ինչպես կնկարի, ինչ փոփոխություններ կանի: Կարեն Ջանիբեկյանն այդ տարիներին խենթ ու խելառ էր, նրա դեմն առնել չէր լինում: Որոշեցի՝ կամ տեսարանը չենք նկարի, կամ կհեռանամ Երեւան: 

Հովհաննիսյանն առաջարկում էր զանգել ու ամուսնուս հետ խոսել, բայց այդ տարբերակն էլ բացառեցի: Նա կատակով սիրում էր ասել. «Կացինը սենյակի անկյունում դրած է, իմ շրջապատը մեծ է (Կարեն Դեմիրճյանի գործարանում էր աշխատում), եթե նման բան լսեմ կամ մեկնումեկն ասի, որ մերկ կամ կիսամերկ նկարվել ես, վերջ»։ Բայց ռեժիսորն ու կինոն հաղթեցին. լավ է՝ ամուսինս մի քիչ վատ էր տեսնում (ծիծաղում ենք,- հեղ.): Մերկացրին, ու մտանք գետը: Խայտառակ եղա. շապիկը պոկում էի, բայց միեւնույն է՝ էլի մարմնիս էր կպչում: Այդ կադրը ֆիլմում այդպես էլ չօգտագործեցին: Հրանտը շատ դժգոհ էր վերջնական արդյունքից. նրա ու Բագրատի միջեւ շատ վեճեր են եղել:


- Ամենահետաքրքիրը հենց այն պատմություններն են, որոնք կադրից դուրս են մնում: Ի վերջո, ինչո՞ւ համաձայնեցիք մնալ ու նկարահանվել Կարեն Ջանիբեկյանի հետ:

- Ափսոսում եմ, որ ֆիլմում իմ կերպարի՝ Մայայի կենսագրությունը, չի երեւում: Նա ջոկատավար է, շատ է սիրել իր քանդակագործ ամուսնուն, չորս երեխա են ունեցել, բայց հետո գնացել է պատերազմ ու չի վերադարձել: Ֆիլմում կինոյից դուրս է գալիս ու Սիմոնին խնդրում ուղեկցել վերին թաղերում գտնվող իր տուն: Դե, փոքր գյուղ է, ու բոլորն իմանում են այդ մասին: Ցավոք, կերպարիս մասին չի հիշատակվում, միայն Աղունն է ամուսնու հետ վիճելիս նրան վատաբանում. «Այն փչացածը»։ Իսկ ինչ մնում է մեր համատեղ տեսարանին, նկարեցին չափի մեջ՝ մի քիչ ոտքը բաց, մի քիչ՝ ուսը: Միասին անկողնային տեսարան այդպես էլ չենք ունեցել: Բագրատն այդ դրվագը շատ նուրբ է ցույց տվել, միայն տպավորություն է ստեղծվում, որ գիշերը միասին են անցկացրել: Առավոտյան Սիմոնը գոհ դուրս է գալիս բակ, իրեն իսկական տղամարդ է զգում, ձնագնդիկ է սարքում ու նետում: Այդ ամենը երեւում է միայն պատուհանից, բայց ակնարկն, իհարկե, հասկացվում է: Սիմոնի մոտ այն զգացողությունն է, որ ինքն էլ է ուժեղ, ու կինը կարող է հավանել նրան:  

- Նաեւ Սոս Սարգսյանի հետ նկարահանվելու փորձ ունեք, ինչպե՞ս Ձեզ ընտրեցին «Ձորի Միրո»-ում Նարեի դերի համար: 

- Արդեն պատմեցի, որ պետք է «Խնձորի այգում» Ալլա Թումասյանին կրկնօրինակեի: Այդ ընթացքում Սոս Արտաշեսովիչի հետ սիրով աշխատեցինք ու միասին ձայնագրվեցինք: Հին կինոստուդիայում ճաշարան կար, որտեղ աշխատանքի արանքներում հոգնած դերասանները հասցնում էին որեւէ բան ուտել ու վերադառնալ գործին: Աշխատանքը վերջացրել էինք ու կրկնօրինակումից հետո նստած էինք, երբ Սոս Արտաշեսովիչը մոտեցավ ու ասաց. «Մեկ-երկու հոգի եկել, գնացել է «Ձորի Միրո»-ի համար, բայց ընտրել չեմ կարողանում, նրանց մեջ գաղթական կնոջ չեմ տեսնում: Արի կինոփորձ անենք»: Այդ փորձի նկարն էլ հիմա հետս է: Մի պատի տակ խեղճուկրակ նկարեցին, բայց առանց այդ լուսանկարի էլ Սոս Արտաշեսովիչն ինձ արդեն ընտրել էր: Ժիրիկին (Ժիրայր Ավետիսյան) ասել էր. «Մայրանուշը բռնում է»: Սարգսյանը դեռ «Աշնան արեւը» չէր էլ տեսել:


- Չմոռանաքն Ձեր մասնակցությամբ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» շատ հայտնի ու սիրված ֆիլմը: Ինչպե՞ս Գոռ Կիրակոսյանն ընտրեց Ձեզ: 

- Այդ ընթացքում մի քանի մեծ ու փոքր դերեր էլ եմ ունեցել, բայց ամենաերեւացողն ու հանրահայտն, իհարկե, «Մեծ պատմություն փոքր քաղաքումն» է: Արդեն վաղուց հայտնի է, որ ֆիլմն իրական պատմության հիման վրա է նկարահանվել, եւ Գոռի դիպլոմային աշխատանքն էր: Նա շատ տաղանդավոր մարդու՝ Կարո Կիրակոսյանի զավակն է: Արդեն 7-8 ֆիլմ է նկարել դրանից հետո, բայց ինձ ոչ մեկին չի հրավիրել: Բայց վերադառնամ մեր ծանոթությանը, Գոռի հետ հանդիպեցինք, ու միանգամից ծանոթացրեց սցենարին, ասաց, որ շատ լավ կատակերգություն է լինելու: Գրիգորը (Հրանտ Թոխատյան) մահացել է, Վլադիմիր Մսրյանի աղջիկնն իմ քույրն է, Մարին Օֆելյան է, ես՝ Դեզդեմոնան, իսկ Պոնչը (Վահագն Սիմոնյան)՝ մեր եղբայր Համլետը: Միանգամից սկսեցի լացի կտորը խաղալ. «Ախ, Գրիգոր ջան, անտեր մնա այդ դաշնամուր ստեղծողը…»: Ամեն ինչ շատ բնական էր, ու Գոռը հավանեց: Ձայնս էլ այն ժամանակ ավելի լավն էր, քան հիմա. դե 20 տարի ավելի քիչ էի խոսել (ծիծաղում ենք,- հեղ.)։ Սցենարն իսկապես շատ լավն էր, ու նկարահանումների սկզբից մինչեւ վերջ ծիծաղել ենք: Այնպիսի տեսարան չկա, որ չուրախանայինք։ «Մեծ պատմություն»-ը նայելիս ձեր ուշքը գնում է, մինչդեռ մենք օգոստոսին Կարմիր բլուրում վաթսուն աստիճան շոգի պայմաններում խաղալիս տառապում էինք: Դագաղը եռում էր, Հրանտն էլ՝ մեջը: Փոխանակ դերի մասին մտածեի, Հրանտի մասին էի մտահոգվում. հանգուցյալը քրտնում էր (ծիծաղում ենք,- հեղ.), արեւը կոշիկներն այրում էր, քամի էի անում, դուբլերի արանքում հովանոցը պահում վրան:


- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացին» ֆիլմում: 

- Էլի շատ լավ սցենարով բարի ֆիլմ է, որը պատմում է գաղթականների նավով Հայաստան վերադարձող Չառլիի մասին: Նա Եղեռնից փրկվածների թոռ է, բայց Խորհրդային Հայաստանում հայտնվում է բանտում: Ուրախացա, երբ Մայքլը ցանկացավ հանդիպել հետս: Նրան պատմեցի, որ գործունեությունս Խնկո Ապոր գրադարանում հեքիաթ պատմելով եմ սկսել, երեւի գունավոր էի խոսում ու հավանեց ինձ՝ առաջարկելով ֆիլմում մարմնավորել իր տատիկին: Առաջին իսկ զրույցից ընտրել է, փորձ չի էլ արել: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW