×


«Ես նոր տիեզերք բացահայտեցի»․ Գարիկ Մարտիրոսյանը՝ տարվա մեծ մասը Երեւանում անցկացնելու եւ նոր նախագծերի մասին

Մոսկվաբնակ հայտնի շոումեն, հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է «PeopleTalk» հաղորդաշարին եւ Լաուրա Ջուգելիայի հետ զրույցում պատմել իր նոր նախագծերի, գործընկերների հետ հարաբերությունների մասին, եւ ոչ միայն։ Գարիկն անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք լքել է Ռուսաստանը եւ հաստատվել Երեւանում, նաեւ պարզաբանել է, թե ինչ նախագծերի վրա է այստեղ աշխատում:

Նա նշել է, որ արդեն մի քանի տարի է՝ ստեղծագործական տարբեր ծրագրերի շրջանակում աշխատում է մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Ղազախստանում, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա պատմել է, որ երկու տարուց ավելի է՝ այստեղ իր հայ գործընկերների հետ աշխատում է մի քանի նոր նախագծերի վրա:

«Ոչ թե նախորդ տարվանից, այլ արդեն մի քանի տարի է՝ ես Երեւանում զբաղվում եմ տարբեր նախագծերով։ Անցած տարվա եւ նախանցած տարվա մեծ մասն այնտեղ եմ անցկացրել։ Ես նոր տիեզերք բացահայտեցի ինձ համար, որը կոչվում է մանկական ժամանցային բովանդակություն: Մենք ՈւՀԱ-ի թիմ ունեինք՝ «Նոր հայեր», որում շատ տաղանդավոր մարդիկ կան, եւ նրանցից մեկը որոշեց ստեղծել մանկական հումորային երաժշտական շոուներ։ Այնքան անսպասելի էր ինձ համար, երբ լսեցի նման նախագիծ անելու նրա ցանկության մասին։ Այդպիսով գնացի Հայաստան, որ օգնեմ այդ գաղափարն իրականացնել։

Եվ ահա երեք տարում մենք նրա հետ ստեղծեցինք այդ մանկական շոուն։ Այն ցուցադրվում է «Արմենիա TV»-ով կիրակի օրերին եւ կոչվում է «Փերփերի»։ Շատ յուրօրինակ ձեւաչափ է։ Իսկ աշնանն արդեն Հայաստանում սկսվեցին այդ շոուի ներկայացումները։ Երեխաները հնարավորություն ունեցան թատրոնում տեսնել այն հրաշալի կերպարներին, որ տեսնում էին հեռուստաէկրաններին: Մենք ուժ, գումար եւ ժամանակ չենք խնայել այս զիլ շոուն ստեղծելու համար»,- պատմել է Գարիկը։

Լուսանկարը՝ ՏՆՏ-ի Գարիկ Մարտիրոսյանը


Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք միայն այդ նախագծով է զբաղվում Հայաստանում։ Գարիկ Մարտիրոսյանն ասել է, որ նոր ծրագրերը մի քանիսն են եւ ոչ միայն մանկական նախագծերի շրջանակում, այլեւ՝ հումորային ու երաժշտական. «Մի հրաշալի հայ սթենդափեր կա՝ Նարեկ Մարգարյանը, ու մի տաղանդավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյանը, մենք նրանց հետ ստեղծում ենք ֆիլմեր ու սերիալներ, արդեն հստակ քայլեր են արված։ Այժմ ստեղծում ենք առաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը Հայաստանում, դա, իհարկե, կատակերգություն է։ Արդեն ամռանը սցենարը պատրաստ կլինի, ու կսկսենք նկարահանել։ Հավանաբար, 2024 թվականին կթողարկվի այդ ֆիլմը, դուք այն, ցավոք, չեք հասկանա, քանի որ հայերենով է լինելու»,- կեսկատակ ասել է նա։ Լաուրան հարցրել է՝ իսկ ռուսերեն թարգմանությամբ չի՞ լինի հետագայում, Գարիկը պատասխանել է. «Երբ Օսկար ստանանք, կլինի թարգմանություն ամբողջ աշխարհի համար»:

Շոումենը նաեւ խոստովանել է, որ միշտ ցանկանում է նոր ծրարգեր անել Հայաստանում, եւ որ իրեն շատ հետաքրքիր է հեռուստատեսային ու երաժշտական հայկական շուկան։ Նա պատմել է, որ նախորդ տարի մի ամբողջ ալբոմ են գրել Արման Փահլեւանյանի հետ, աշխատել են 3․33 խմբի Նարեկ Հովսեփյանի (A Chilla) եւ Ֆելիքս Խաչատրյանի հետ։ Գարիկի խոսքով՝ այն հումորային ռեփ է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝ 




Պատրաստեց՝ Աստղիկ Իսկանդարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին