×


«Դեռ շատ շուտ է հուսահատվել». «Տունը սահմանին» ներկայացման պրեմիերան ու կարեւոր ուղերձը

Մեկ ժամով քարացած հանդիսատես, որը ներկայացման ավարտին հուզված ու արցունքն աչքերին լքում է Գյումրու դրամատիկականի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճը: Բեմում Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» ներկայացման պրեմիերան էր: Լեհ Սլավոմիր Մրոժեկն այդ գործը գրել է 1967-ին, բայց ասելիքը շատ արդիական է ու տպավորություն է, որ հենց հայերի մասին է:

Աշխարհաքաղաքական «խաղերի» արդյունքում ընտանիքը հայտնվում է անելանելի վիճակում, քանի որ նոր որոշման համաձայն սահմանն անցնելու է նրանց տան միջով: Ընտանիքի դերերում են Արսեն Սաղաթելյանը, Գայանե Մանուկյանը, Վարագ Գեւորգյանը եւ Նառա Սանթոյանը, իսկ անխիղճ դիվանագետները Հասմիկ Սուվարյանը, Արկադի Ղարագուլյան ու Վալենտին Պետրոսյանն են:

Սա այն ներկայացումներից է, որը պետք է դիտել ու սեփական հետեւություններն անել, բայց 25-ամյա ռեժիսորը BRAVO.am-ի համար որոշ բացահայտումներ է արել:

Առաջնեկը

Էմոցիաներս անբացատրելի են, շատ եմ հուզված: 3-րդ կուրսում որպես դիպլոմային աշխատանք արել եմ «Անասնաֆերմա»-ն, որը թատրոնի առաջարկով տեղափոխվել է փոքր բեմ, սա պաշտոնապես իմ առաջին ներկայացումն է, ինչը շատ պարտավորեցնող է: Իմ ուզածից նույնիսկ ավելին եմ ստացել դերասանական պրոֆեսիոնալ կազմի, նրանց անկեղծության ու ազնվության շնորհիվ:

Ռեժիսոր Արտուշ Միքայելյանը եւ դերասան Արսեն Սաղաթելյանը


Լյուդվիգ Հարությունյանի ռեժիսորական հոտառության շնորհիվ եմ այս գործն ընտրել: Բազում պիեսներ ենք դիտարկել ու հասկացել, որ «Տունը սահմանին»-ը շատ մերօրյա է: Ներկայացման ընտանիքը բոլորս ենք՝ երկրագնդի վրա ապրող ու շնչող ամեն մարդ:

Կինոսցենարը կարդալուց անմիջապես հետո 2-3 կերպարի համար դերասաններ միանգամից եմ ընտրել, մյուսներին ընթացքում եմ որոշել: Շնորհակալություն բոլորին, իրենց վարպետության շնորհիվ է ներկայացումը ստացվել: Երեւի, մի 80 անգամ դիտել եմ, ու ամեն անգամ տեքստերը նորովի են հնչել:

«Տունը սահմանին» ներկայացումը


Հուզիչ երաժշտությունը

Ներկայացման երաժշտությունը գյուրջիեւյան ծանր ու բարդ նոտաների շուրջ կառուցվեց: Առանցքը Գյուրջիեւի ու Դե Հարթմանի «The Big Seven»-ը դարձավ: Բացի այդ էլ գյումրեցի շնորհալի կոմպոզիտոր ունենք՝ Հայկ Պիջոյանը, որի «Արխիվ» ալբոմի պրեմիերան եղավ փետրվարին: Նրա վաղ շրջանի կատարումներից մեկն էր ինձ պետք, զանգահարեցի ու խնդրեցի տրամադրել: Պարզվեց` ալբոմի հիմնական ու կարեւոր գործերից մեկն է: Նրա ստեղծագործության հիմքում նույնպես արցախյան խնդիրը, այսօրվա մեր անելանելի ու չհասկացված վիճակն է: Այդ կոմպոզիցիան շատ գեղեցիկ համադրվեց Գյուրջիեւի երաժշտության կողքին:

«Տունը սահմանին» ներկայացումը


Աղոթքը

Դեռ սեղանի շուրջ աշխատելու ժամանակ որոշել էինք, որ հաց ուտելու ամեն տեսարան սկսվելու է աղոթքով: Այն շատ սիրուն ադաթ է եղել, որը ժամանակի ընթացքում մոռացվել է ու վերացել: Հայ ընտանիքներում բոլորը ճաշից առաջ պետք է լինեին սեղանի շուրջ ու միասին աղոթեին: Աղոթքի բառերը Կոմիտասի «Ամեն հայի սրտից բխած» շարականից ենք վերցրել: Երբ տունը բաժանելուց հետո հերոսները պետք է իրենց մնացած փոքր կտորի վրա կանգնած աղոթեին, հասկացանք՝ ի զորու չեն երկու ձեռքը միացնել իրար, քանի որ պահում են ափսեները, ու շարունակեցին մեկ ձեռքով աղոթել:

«Տունը սահմանին» ներկայացումը


Լավատեսական վերջաբանը

Ներկայացման վերջաբանը դրվել է պրեմիերայից 2 օր առաջ. ամբողջ դեռ մեկ ամիս առաջ էր պատրաստ, բայց ավարտը թողնում էինք ինքնահոսի ու սպասում, որ ինքը կգտնի մեզ: Տարբերակներից մեկն այն էր, որ գլխավոր հերոսը շարունակի մնալ նույն հիմարն ու այն համոզմունքին, թե պատմական պահի է ականատես, եւ համակերպվի իրականության հետ: Այդկերպ պատճառ կգտնեինք, թե ինչու է մեր ազգը հասել այս վիճակին: Բայց որպես երիտասարդ ստեղծագործողներ ուզում ենք այս իրավիճակում մեր ելքն առաջարկել: Ինչպես ներկայացման վերջաբանում է, դու ինքդ քո խնդիրները լուծելու համար պետք է գտնես անհրաժեշտ մեխն ու փայտը, համարձակ լինես ու ամրացնես երկրիդ սահմանները:  



Ուղերձը

Լինելով արցախյան պատերազմի մասնակից ու այդ թոհուբոհի անմիջական ականատես՝ այդ էմոցիաները շատ բուռն են ու ազդեցություն են ունեցել ներկայացումը ստեղծելիս: Հենց իմ աչքի առաջ են կայացվել որոշումներ, որ մենք այլեւս այս կամ այն շրջանի տերը չենք: Որպես ստեղծագործող՝ ասելիքս այն է, որ դեռ շատ շուտ է հուսահատվել: Պետք է հենց այս պահին փորձենք մեկս մյուսի ձեռքն ամուր բռնել ու պինդ կանգնել մեր հողակտորի վրա, որպեսզի այն էլ չկորցնենք: Պետք է նկատենք իրար: Նաեւ չհաշտվենք կորցրածի հետ ու չհամակերպվենք, որ Արցախը հայկական չի լինելու:

Ուզում եմ այս ներկայացումը երկար կյանք ունենա ու միասնական լինելու գաղափարը հասնի բոլորին՝ մեծերից մինչեւ ամենափոքրերը: Ցանկանում եմ, որ այն շարունակի ապրել եւ մոտիվացիա լինի իմ ու հայ ժողովրդի համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW