76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:
Դերասանուհին մարտի 18-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, վիճակը ծանր էր:
Լուսինե Կիրակոսյանը ծնվել է Գյումրիում: Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ 1969 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Խաղացած ներկայացումներից են՝ Երվանդ Օտյանի «Սեր եւ ծիծաղ» (Նվարդ), Ս. Ստրատիեւի «Ավտոբուս» (կին), Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Սիրարփի), Բ. Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Լուկա), Գ. Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը» (Անահիտ), Մ. Մնացականյանի «Թաղի զավակը» (Սաթիկ), Պերճ Զեյթունցյանի «Կանգ առ երկրագունդ» (Սիրուշ), Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (մայր), Խ. Միլիանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» (Վեներանդա) եւ այլն։
Նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը 1» (1996) եւ այլ ֆիլմերում։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար («Ցիանակալիում կաթով կամ առանց կաթի»)։
Ցավակցում ենք սիրված դերասանուհու հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Լեւոն Սահակյան


×
8,035





