Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում հայկական ձեռագիրը շարունակում է ուշադրություն գրավել։ Այս անգամ հայկական հետքը նկատելի է Dior-ի նոր գովազդային արշավում, որի գլխավոր դեմքը երգչուհի Ռիհանան է։
Արշավը նվիրված է ֆրանսիական նորաձեւության տան խորհրդանշական «J’adore Intense» օծանելիքին եւ առանձնանում է հայկական ծագում ունեցող երկու հայտնի անունների մասնակցությամբ՝ ֆրանսահայ անվանի պարֆյումեր Ֆրանսիս Քուրքջյանի եւ լիբանանահայ հայտնի ոսկերչական տան՝ «Yeprem»-ի։
Посмотреть эту публикацию в Instagram
«Blind Scents» («Բույրերը՝ փակ աչքերով») խորագրով տեսանյութերի շարքում Ռիհանան բացահայտում է սիրված օծանելիքի բույրային նոտաները։ Այս յուրահատուկ փորձառության ընթացքում նրան ուղեկցում է Dior-ի օծանելիքների ստեղծագործական տնօրեն Ֆրանսիս Քուրքջյանը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։
Հայկական ներկայությունը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։ Տեսանյութերի ընթացքում Ռիհանան կրում է «Yeprem» ոսկերչական տան ադամանդե զարդերը՝ հաղորդելով արշավին առանձնահատուկ շքեղություն եւ փայլ։
Ոսկերչական տունը հիմնադրվել է 1964 թվականին Բեյրութում՝ լիբանանահայ ոսկերիչ Եփրեմ Չաքարդեմյանի կողմից։ Տարիների ընթացքում այն դարձել է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշ, իսկ այսօր ընկերության ղեկավարումն իրականացնում են հիմնադրի զավակները։
Այսպիսով, Dior-ի նոր արշավում Ռիհանայի հանրահայտ կերպարի կողքին միավորվում են հայկական ծագում ունեցող երկու ստեղծագործական անուններ՝ Ֆրանսիս Քուրքջյանը՝ օծանելիքի արվեստում, եւ Yeprem-ը՝ բարձրակարգ ոսկերչության ոլորտում։
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
290





