×


Արալեզ, «Կարմեն. ըմբոստ թռչնակ», նոր ակադեմիա ու հետահայաց ցուցադրություններ. մեկնարկում է «ՌԵԱ»-ն

Նոյեմբերի 7-ից 14-ը Երեւանում 18-րդ անգամ կանցկացվի «Ռեանիմանիա» պատկերապատման արվեստի եւ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը:

Այսօր «ՌեԱ»-ի կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ եւ պատմել կատարած աշխատանքների ու սպասվող ցուցադրությունների մասին:

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունի 

Այս տարվա փառատոնի պաշտոնական պաստառի հեղինակը հայտնի ֆրանսահայ անիմացիոն ռեժիսոր եւ իլյուստրատոր Զավեն Նաջարն է: Նա պատկերել է հայկական դիցաբանության մեջ հայտնի թեւավոր շանը՝ Արալեզին: Հին հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից՝ ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու եւ նրանց վերակենդանացնելու համար (հեղ.): Նաջարը շատ գեղեցիկ պաստառ է ստեղծել, որը խորհրդանշական է մեր 18-րդ փառատոնի համար:


Արդեն չորրորդ անգամ կանցկացնենք ազգային պատկերապատման մրցույթ եւ ֆինանսական աջակցություն կտրամադրենք երեք լավագույն նախագծերին: Հաղթողը հնարավորություն կունենա ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ պատկերապատման գիրք հրատարակել: Այսպիսով արդեն երրորդ տարին կունենանք հայկական ժամանակակից պատկերապատման գրքեր: Պատկերապատումը մեծ տարածում ունի աշխարհում, բայց, ավաղ, Հայաստանում այդ ժանրի գրքերը դեռ շատ քիչ են։

Քաղաքապետարանի մտահղացմամբ որոշեցինք աշխատարաններ ստեղծել եւ հաջորդ տարվանից մի քանի դպրոցների երեխաների հետ կոմիքսներ, հնարավորության դեպքում՝ նաեւ անիմացիոն աշխատանքներ պատրաստել։ Փոքր տարիքից երեխաների մեջ կսերմանենք այդ մշակույթը։

Այս տարի մի կարեւոր նախաձեռնություն ենք սկսել, որի մասին քննարկումներ ենք ունեցել դեռ 2014 թվականից: Հիմնել ենք «ՌեԱ» ակադեմիան՝ անիմացիոն արվեստի եւ տպագիր նկարչության, պատկերապատման միջազգային դպրոցը: Արդեն մեկ ամիս է՝ 25 մասնակիցների հետ առցանց դասընթացներ են տեղի ունենում: Լավագույն նախագծերը կմասնակցեն տարբեր ծրագրերի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյան 

18 տարիների կյանք ունեցող փառատոնի մասին նոր բան ասելը անշնորհակալ գործ կլինի, դրա համար կխոսեմ թվերի լեզվով: Եթե քո երկրի փառատոնով հետաքրքրված են 70-ից ավելի երկրների 500 կինոգործիչներ ու կինոարտադրողներ, բայց միայն 100-ին է բախտ վիճակվել ընդգրկվել հիմնական ցանկում, արդեն իսկ շատ բան է խոսում: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անիմացիոն ֆիլմերի ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր ենք: 

Շնորհակալ եմ պարոն Քասունուն, որ արդեն 18-րդ անգամ է անցկացվում այս հրաշալի փառատոնը: Մյուս տարի կփորձենք այն ընդլայնել ու մեր երկիրն ավելի հետաքրքիր դարձնել:


Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյան

Ամեն տարի Կաննի եւ Բեռլինի կինոփառատոների, ինչպես նաեւ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կինոշուկաներին մասնակցելիս մեզ համար ամեն ինչ այնքան հեշտ է լինում, քանի որ մեր երկրի փառատոնը ճանաչում են։ Կաննում առաջին անգամ մասնակցելիս մեզ հարցնում էին՝ արդյոք «ՌեԱ»-ն շարունակություն ունենալո՞ւ է։ Վստահեցնում էինք, որ փառատոնն անպայման կանցկացվի նաեւ հաջորդ տարի։ 

Այս տարի կինոյի հիմնադրամը հանդես կգա երկու նախաձեռնությամբ։ Կներկայացնենք «Անիմացիա առանց կանոնների» հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաեւ 1970-80-ականների մեր խորհրդային անիմացիոն կինոժառանգությունը։

Ցուցադրության անվանումը պատահական չի ընտրվել. անիմացիայի արտադրամասն ամենաըմբոստն է եղել ու ազատ ստեղծագործելու հնարավորություն է ունեցել, ինչն արտացոլված է աշխատանքներում: Ցուցադրելու ենք «Արձագանք», «Փարվանա», «Ձախորդ Փանոս», «Երջանիկ ավարտ», «Մկների ժողովը», «Կացին», «Միջանցք» եւ «Սեղմակոճակ» ֆիլմերը:

Մյուսը ֆրանսիացի անվանի դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքն է: Նախորդ տարի լրացել է նրա 70-ամյակն, ու երկար մտածում էինք, թե ինչպես անդրադառնանք այդ հոբելյանին: Մեծամասնությունը Ավետիքյանին ճանաչում է որպես դերասան, բայց նա երեք անիմացիոն ֆիլմ ունի, որոնցից «Շնային պատմությունը» Կաննում արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի: Սերժն էլ է ներկա լինելու ցուցադրությանը, եւ հետաքրքիր կլինի նրանից իմանալ Կաննի կինոփառատոն հասնելու ճանապարհը:


«Կարմեն. ըմբոստ թռչնակ»-ով մեկնարկը

Փառատոնի բացման արարողությունը նոյեմբերի 7-ին Կինոյի տանը կազդարարվի ֆրանսիացի ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» անիմացիոն երաժշտական դրամայով։
Ցուցադրությանը ներկա կլինի հայտնի երգչուհի Կամելիա Ժորդանան, որը հնչյունավորում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Նա ֆիլմից մի հատված կկատարի:

Մրցութային ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի «Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներներ Էրվին Հանի եւ Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհի», Կոհեյ Կադովակի «Տարբեր աշխարհներից» եւ այլ լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր:

Փառատոնի կարեւոր բաղադրիչներից է ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը, որը անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղերի եւ վիզուալ արվեստների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն մասնագիտական շուկան ու միջոցառումն է։

CoReAct համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 12 նախագիծ, որոնք մասնակիցները կներկայացնեն միջազգային ժյուրիին՝ ունենալով աշխատանքային ու գաղափարային քննարկումներ։ Այս տարի առաջին անգամ փառատոնը անցկացնում է ReA Academy Lab-ը՝ պրոդյուսերների, սցենարիստների եւ վիզուալ արվեստագետների համար։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ ՌԵԱ-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW