×


Սերժ Ավետիքյանի երկլեզու արվեստանոցը Հայաստանում. հաջողված 2-րդ շրջանն ու նոր ներկայացումը

6 ամսվա աշխատանքներից հետո ավարտվել է Դրամատիկական երկլեզու արվեստանոցի հերթական ուսումնական շրջանը:

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել է «Արվեստների խաչմերուկ» խորագրով միջոցառումների շարքը: Նախ տեղի է ունեցել արվեստանոցի արտիստներին նվիրված նկարների ցուցահանդես, որոնց հեղինակը Նոննա Հովհաննիսյանն է: Նա 6 ամիսների ընթացքում հետեւել է դասընթացի մասնակիցներին ու մոտ 50 աշխատանք պատրաստել: Իսկ վերջում հանդիսատեսի դատին է հանձնվել Սեմուել Բեքեթի երկերի հիման վրա բելգիացի ռեժիսոր Միշել Բերնարի «Սպասելով երանելի օրերին» բեմադրությունը։

BRAVO.am-ին արվեստանոցի արդեն 2-րդ շրջանի աշխատանքների ու վերջնական արդյունքի մասին պատմել է ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը, որի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ էլ ստեղծվել է մշակութային նախագիծը:


«Բառերով հնարավոր չէ բացատրել, թե ինչ ես զգում 6 ամսվա ուսուցումից հետո ստեղծած ներկայացումը դիտելուց հետո: Բեքեթի ստեղծագործությունների հիման վրա բեմադրությունը երեխաները ֆրանսերենով շատ գեղեցիկ մատուցեցին: Ուրախ եմ հայտնել, որ կարողացել ենք հասնել մեր հիմնական նպատակին»:

Արվեստանոցում ուսուցումը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին ու բավական հագեցած եղել. ֆրանսերենից բացի, մասնակիցներն աշխատել են դերասանների եւ բեմադրիչների հետ, ինչպես նաեւ Թամարա Ստեփանյանն ու Լեւոն Մինասյանը նրանց փոխանցել են կինոյի մասին գիտելիքներ, իսկ ֆրանսիացի խորեոգրաֆ Թիերի Թիու Նիանգը մարմնի հետ աշխատելու հնարքներին սովորեցրել:


«Մարմնի պլաստիկայի առումով ստացած գիտելիքները երեւացին նաեւ ներկայացման ժամանակ: Շարունակելու ենք մեր սկսած աշխատանքը: Ցանկանում եմ, որ ֆրանսերենը կիրառենք արվեստի տարբեր ճյուղերում: Լինելով ֆրանկոֆոն երկիր՝ մեզ մոտ այս լեզվին քչերն են տիրապետում: Ֆրանսախոս երիտասարդները հնարավորություն կստանան հետագայում աշխատել Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Մարոկկոյում ու էլի շատ երկրներում: Դա չի նշանակում արտագաղթել, այլ հարստանալ եւ կարողանալ դրսեւորել իրենց»:  

Դասընթացն անվճար է, արդեն 2-րդ տարին է՝ դրան մասնակցելու հնարավորություն են ստացել մոտ 30 արվեստագետներ Երեւանից եւ Գյումրիից: Ավետիքյանը պատմում է, որ դիմողներից ընտրություն կատարելն այնքան էլ հեշտ չէ, հանդիպում են 19-27 տարեկան մոտ 50-60 թեկնածուների հետո ու ընթացքում պարզում, թե ովքեր կհամապատասխանեն իրենց արվեստանոցին: Կարեւոր է տեսնել նրանց ձգտումը, սովորելու ցանկությունն ու ծանոթանալ զբաղվածությանը:


«Սա բարդ աշխատանք է, որովհետեւ լեզու սովորելը հեշտ չէ. պետք է շաբաթը 3-4 անգամ ժամանակ գտնեն ու մասնակցեն 2 ժամանոց դասերի՝ կարողանալով համատեղել իրենց հիմնական դասերի ու աշխատանքի հետ: Դժվար է ասել, թե ինչպիսի թեկնածուների ենք նախապատվությունը տալիս, մեզ համար էլ դա անակնկալ է, զրուցելու ընթացքում ենք զգում: Երբեմն նաեւ սխալ ընտրություն ենք կատարում՝ սկզբում նրանք չեն պատկերացնում, թե ինչպիսի մեծ աշխատանք ու էներգիա է պետք,  եւ մի քանի դասից հետո էլ չեն գալիս»:

Ուսուցման 3-րդ շրջանը եւս հոկտեմբերին է մեկնարկելու ու տեւելու մինչեւ 2024-ի գարունը: Մտադիր են ամեն ամսվա համար նոր 6 մասնագետ հրավիրել Ֆրանսիայից, այս տարի դասերի շրջանակը կմեծանա ու կներառի նաեւ երաժշտությունն ու բեմադրությունը:

Լուսանկարը՝ Նոննա Հովհաննիսյան


«Ամեն տարի փորձում ենք նոր բան սովորեցնել: Դասերը դոգմաներից դուրս են, երեխաներն ազատ են նոր տարածքներ մտնելու ու որոնումներ անելու առումով: Հենց դա է մեր երկլեզու արվեստանոցի ամենակարեւոր նպատակներից մեկը: Մյուս դասընթացի շրջանակում կաշխատեմ ներգրավել նաեւ երիտասարդ պրոֆեսիոնալների, որոնք թատրոններում աշխատում են, ցանկություն ունեն լեզու սովորել եւ հարստացնել իրենց գիտելիքները: Հասուն դերասաններն ու սկսնակները նաեւ միմյանցից կսովորեն: Ուսուցման ընթացքում միշտ նաեւ թարգմանիչ ենք տրամադրում, որպեսզի լեզվի նրբությունները եւս հասկանան»:


Ավետիքյանին ուրախացնում է, որ դասընթացն ավարտածներից 4-5 հոգի իրենց մասնակցությունն են ունեցել բելգիացի դրամատուրգների գործերում՝ Փարիզում են խաղացել, ինչպես նաեւ Գյումրիում եւ Երեւանում: Նրան հատկապես դուր է եկել, թե որքան ազատ ու բնական են կարողացել խաղալ ֆրանսերենով: Համարում է, եթե անգամ ծրագիրն ավարտած 30 մասնակցից 10-ը կարողանան օգտվել դրանից, էլի գոհ կլինեն:

«Ինձ դուր է գալիս, որ նոր ասելիքով են ուզում հանդես գալ, ոչ թե թատրոններում տեղավորվել, այլ առանձին խմբերով ազատ եւ ինքնուրույն ստեղծագործել: Նախատեսում ենք 8-10 հոգու Ֆրանսիա տանել, բայց քանի որ այդ ամենը բավական ծախսատար է, կընտրենք լավագույններին, որպեսզի Ֆրանսիայում իրենց հասակակիցների հետ աշխատեն: Այնտեղ արդեն թարգմանիչ չի լինելու, դրա համար լեզվի լավ իմացությունը շատ կարեւոր է»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Zmica Photograph-ի, Atelier d'Art Dramatique-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին