×


«Ասացին՝ պիտի նկարել սովորեմ»․ Արեգ Միրիջանյանի ցուցահանդեսն ու ճանապարհը դեպի Դրամատիկական թատրոն

Դիմանկարներ, բնանկարներ, թեմատիկ շարքեր, որոնք տարբեր են ոճերով, ժանրերով, բարձրացված խնդիրներով ու ընտրված հերոսներով՝ «Սար» պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Արեգ Միրիջանյանի անհատական ցուցահանդեսը, որն արդեն չորրորդն է նկարչի գործունեության ընթացքում։ Նրա ներկայացրած աշխատանքներից շատերը կարծես թատերական ներկայացումից պոկված ու առանձին կյանք ստացած կադրեր լինեն, եւ ցուցահանդեսի խորագիրն էլ այդ առումով պատահական չէ ընտրված՝ «Խաղը շարունակվում է»։ Արեգը նաեւ Երեւանի Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ բեմանկարիչն է, հասցրել է արդեն երեք ներկայացման նկարչական ձեւավորման հեղինակ դառնալ։

«Խաղ հասկացությունը շատ եմ կարեւորում արվեստում, քանի որ իսկապես փիլիսոփայական լուրջ նշանակություն ունի։ Արվեստը սկսվում է այն ժամանակ, երբ արվեստագետը սկսում է խաղալ: Գեղանկարչությունն էլ խաղ է գույնի, ձեւի, տարածության, միջավայրի, կերպարի հետ, եւ այս խաղն ինձ համար շարունակվում է, այսինքն՝ այդ որոնումը, փնտրելն ու գտնելը»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նկարիչը։


Արեգը ներկայացրել է իր հին ու նոր աշխատանքներից 31-ը․ «Անհատական ցուցահանդեսն ամփոփում է արածդ աշխատանքը, հնարավորություն է տալիս կողքի աչքով քեզ դիտել, տեսնել՝ ինչ ես արել, ինչն է ստացվել, ինչն է սխալ, կամ եթե ինչ-որ նոր բան ես գտել քեզ համար, արդյոք հետաքրքիր է»։

Ինչ վերաբերում է բեմանկարչությանը, ապա Միրիջանյանը Դրամատիկական թատրոնում աշխատում է 2016 թվականից։ Առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ՝ հեղինակելու «Անկոչ Աննան» ներկայացման նկարչական ձեւավորումը։ Այնուհետեւ աշխատել է դերասան եւ ռեժիսոր Հրաչյա Հարությունյանի հետ «Օրնիֆլ» եւ վերջերս վերաբեմադրված «Չաո» ներկայացումների շրջանակում։


«Գեղանկարչությունն ու բեմանկարչությունը պատկերային արվեստ են, բայց, այնուամենայնիվ, տարբերությունները շատ մեծ են։ Գեղանկարչության դեպքում ավելի ազատ եմ թվացյալ այդ սահմանափակված կտավի մեջ։ Բեմանկարչության դեպքում որոշակի սահմաններ կան, բայց ինձ այն գրավում է նրանով, որ տեսնում եմ իմ պատկերացումները, իմ մտքերն արդեն որպես կյանք, իրականություն թատերային պայմանականության մեջ։ Դա ինձ իսկապես շատ է գրավում»,- նշեց նա:


Արեգը նաեւ խոստովանեց՝ նկարել սկսել է ուշ՝ 15-16 տարեկանում, երբ դեռ չէր էլ մտածում, որ ճանապարհը կտանի դեպի բեմանկարչություն․ «Ուզում էի զբաղվել համակարգչային գրաֆիկայով, բայց ինձ ասացին՝ միեւնույն է, պետք է նկարել սովորեմ։ Սկսեցի պարապել, եւ դա ինձ շատ գրավեց։ Անհաջող փորձ ունեցա Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու, չստացվեց (ժպտում է,- հեղ․)։ Այնուհետեւ որոշեցի՝ քանի որ ծնվել եմ դերասանների ընտանիքում, միգուցե հարազատ մնալ այդ ուղղությանը եւ գնալ դեպի բեմանկարչություն։ Այդտեղից սկսվեց իմ ուղին։ Հրաշալի վարպետներ ունեցա՝ Արամ Գալստյան, Արամ Էլբակյան, Դավիթ Մինասյան, Տիգրան Ասատրյան, այնուհետեւ Դրամատիկական թատրոնում՝ Կարեն Գրիգորյան. հսկայական դպրոց է ինձ համար, որ անցել եմ եւ անցնում եմ»։


Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 30-ը, այնպես որ, դեռ կարող եք դիտել ներկայացված յուրօրինակ աշխատանքները, որոնցից մի քանիսն արդեն հասցրել են հայտնի դառնալ՝ «Պիերո», «Խեղկատակի վերջին երգը», «Ծիծաղ արցունքներից առաջ», «Մհեր Մկրտչյանի դիմանկարը»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին