×


Ժաննա Բուտուլյանը, Սաթենիկ Հազարյանը, Արման Ղազարյանը եւ մյուսները՝ «Զոնայում»

Մի հանցավոր խումբ գրավել է Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմը. «Զոնա»-ն, ստեղծագործական թիմի բնորոշմամբ, ուղղիչ-աշխատանքային կատակերգություն է՝ խիստ վտանգավոր դերասանների մասնակցությամբ: Նրանց բերման ենթարկելու հատուկ գործողությանը ներկա գտնվեց նաեւ BRAVO.am-ը՝ լուսանկարելով հետաքրքիր դրվագներն ու առաջնախաղի հյուրերին:

Հանդիսատեսը դիտում է ներկայացում ներկայացման մեջ, չկան գլխավոր կամ երկրորդական դերեր՝ յոթ տարբեր կերպարներ են: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ քրեակատարողական հիմնարկում մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով գալիս է ռեժիսոր, որը պետք է բեմադրի Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունը, եւ բախվում են շահերն ու տարբեր մշակույթները: Ռեժիսորի դերում Արման Ղազարյանն է։


«Պարադոքսային իրավիճակում է իմ հերոսը. ընկնում է մի աշխարհ, որից տեղյակ չէ, ու սկսվում են փորձությունները: Սա թող լինի ավելի թեթեւ ու զվարճալի ներկայացում հանդիսատեսի համար, քանի որ լուրջ ներկայացումների պակաս հիմա իրականում չկա»,-նշեց դերասանը:

Ռեժիսոր Դավիթ Հարությունյանը


Ներկայացման իրական ռեժիսորը Դավիթ Հարությունյանի խոսքով՝ այս թեմային քիչ անդրադարձ է եղել. «Բացի Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»-ից, այս թեմայով այլ ներկայացում չեմ հիշում։ Կալանավորի կյանք, հումոր եւ մշակույթ, որոնք խառնվել են բանտի ակումբում, իսկ հիմքում ազատության գաղափարն է, ինչպես նաեւ` հասարակության պառակտվածությունը, բայց ամենն ասված է հումորով, քանզի այն շատ մեծ ուժ ունի։ Հիմա ամեն մի մանր բանի համար մարդը կարող է հայտնվել անազատության մեջ»:


Տարբեր խառնվածքներ ու նախասիրություններ ունեցող մարդիկ հանկարծ միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ անտեսելով բոլոր տարաձայնությունները։ Դերասաններին կբացահայտեք նորովի, իսկ ամենաանսպասելին Սուրեն Թումասյանի կերպար Գուգոն է։ Զվարճալի իրավիճակների եւ ծիծաղի մեջ շատ են նաեւ ուղերձները եւ հարցադրումները, որոնք հնչեցնում է Էրվին Ամիրյանի կերպար Կամոն։


Առաջին հայացքից՝ հանցագործ մարդիկ խոսում ու կարեւորում են այն բարձր արժեքները, որոնք ոչ հանցագործներն արդեն մոռացել են: Սերգեյ Գրիգորյանի կերպար Սուրոն էլ տարվում է ներկայացման գաղափարով ու թագավորի կերպարով։ Արթուր Հարությունյանի կերպար Սաքոն էլ բռնկուն մարդ է. մինչ այս դերասանը դատապարտյալի կերպար թատրոնում չէր խաղացել։ Բեմում «հանցագործների» կողքին միանգամից առանձնանում են երկու գեղեցկուհիները՝ Ժաննա Բուտուլյանը եւ Սաթենիկ Հազարյանը։


«Դերասանը թատրոնի բեմում է հղկվում ու դառնում ավելի լավը: Նոր գործընկերներ ու նոր ռեժիսոր՝ ինձ միայն օգուտ է տալու այս աշխատանքը: Կերպարս ռաբիս ու գռեհիկ աղջիկ է, ոչ մի կապ չունի իմ անձի հետ: Թիմով շատ երկար ենք աշխատել, որ ստանանք նրան»,- պատմեց Ժաննան:

Սաթենիկը նախ բժշկուհի Լալայի կերպարում է, որից հետո՝ թագուհու. «Բոլորը զարմանքով հարցնում են՝ ինչի մասին է «Զոնան»: Հանդիսատեսը թող ինքը բացահայտի: Մինչեւ գիշերը ժամը երեքը փորձեր էինք անում, աշխատում էինք առանց տրտնջալու»:


Դե, իսկ ի՞նչ քրեակատարողական հիմնարկ եւ հանցագործներ, առանց ժարգոնային արտահայտությունների: Խոսելով օգտագործող բառերի մասին՝ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը նշեց. «Նրանք չէին կարող խոսել գրական հայերենով, շատ անբնական կլիներ։ Կոնտրաստը ցույց ենք տալիս, քանի որ բուժքույրը եւ ռեժիսորը չեն խոսում նրանց նման: Մենք ուշադիր ենք լինելու, որ շատ չփչանա բեմական խոսքն անգամ կերպարային առումով»:


Ներկայացման հեղինակը Սարգիս Կալպակյանն է, պրոդյուսերները՝ Հարություն Խալաֆյան եւ GES Production: Ներկայացումը հաջորդ անգամ կխաղան մայիսի 25-ին:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW