×


«Օրերի փրփուր»-ի հայկական տարբերակի պրեմիերան եւ ծորացող սերը

1946 թվականին ֆրանսիացի գրող Բորիս Վիանը ներկայացրեց իր «Օրերի փրփուր» վեպը, որը Le Monde-ի վարկածով աշխարհի 100 լավագույն գրքերի ցանկում 10-րդն է:

Աշխատանքի հիման վրա մի քանի ֆիլմ է նկարահանվել, որոնցից ամենահայտնին Օդրի Տոտուի, Օմար Սիի եւ Ռոմեն Դյուրիսի մասնակցությամբ է, ու տասնյակ անգամներ բեմադրվել: Հայաստանում առաջինը, ով որոշեց այն ներկայացման վերածել, դերասանուհի եւ ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանն է: Նա ներկայացումը բարձրացրեց 6-րդ հարկ, իսկ ավելի կոնկրետ՝ «Թատրոն տանիքում»:


Չնայած՝ պրեմիերայի օրը օդերեւութաբանները խոստացել էին անձրեւոտ եղանակ, այն հաջորդեց գեղեցիկ մայրամուտին ու անցավ ապրիլյան զով եղանակի ներքո:

Ռեժիսոր Տաթեւիկ Մելքոնյանը


Ներկայացման դերերում են Հարություն Սարգսյանը, Աննա Մկրտչյանը, Վիլեն Սարգսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Գրիգոր Գրիգորյանը, Սոնա Վարդանյանը, Մինաս Ասրյանն ու Միշա Հակոբյանը:

Այնպես ստացվեց, որ Bravo.am-ի համար ներկայացումն ամփոփեցինք հենց տանիքին ու «Օրերի փրփուր»-ի ողջ ստեղծագործական կազմի հետ:


Առաջին հարցը, որ տանջում էր՝ արդյո՞ք բավական թեթեւ ու բաց հագնված դերասանները չեն մրսում, ինչը եւ ճշտեցի նրանցից: Խոստովանեցին, որ փորձերի ժամանակ ավելի շատ են սառել, ժամանակի հետ սովորել են տանիքի ցրտին, իսկ պրեմիերայի հույզերն ընդհանրապես չեն թողել այն զգալ:

Աննա. Տանիքում դերասանները շատ ավելի դժվար պայմաններում են խաղացել՝ ուժեղ քամու, անձրեւի ու կարկուտի տակ:

Մինաս. Բայց որտեղ մենք ենք, ցուրտ լինել չի կարող (ծիծաղում են,-հեղ):


- Ի՞նչ հույզեր ու տպավորություններ ունեք պրեմիերայից հետո, ստացվե՞ց ձեր ուզածը:

Տաթեւիկ. Սկզբից այլ բան էի ուզում, բայց ընթացքում փոխվեց: Այսօր արդյունքն իմ դուրը եկավ:


Մինաս. Առաջնային է, թե ինչպես ներկայացումն անցավ հանդիսատեսի համար: Կարողացել ենք ինչ-որ բան տեղ հասցնել:

Սոնա. Մեր միակ զգացողությունը հանդիսատեսից եկած էներգիան է, որը շատ լավն ու ճիշտ էր:


Հարություն. Մեր ուզածը փոխանցվել է հանդիսատեսին. անհնար է որեւէ բան տարած չլինեն: Մինչեւ վերջ հավատում էի իմ արածին ու գործընկերներիս, միասնական էինք ու վստահում էինք մեր ռեժիսորին: Ինձ համար ամենակարեւորն ու հաճելին փորձերի ընթացքն էր, շատ բան եմ սովորել, իսկ նման դեպքում ներկայացումը չէր կարող չստացվել:

- Ոչ բոլորդ եք տանիքում խաղացել, Տաթեւիկ, Ձեզ համար էլ առաջին փորձն էր, ո՞րն է այստեղ աշխատելու առանձնահատկությունը:

Մինաս. Ինձ համար նորություն ու հետաքրքիր փորձություն էր, ինքս ինձ էի ստուգում ուրիշ տարածքում:


Աննա. Տանիքում առաջին անգամ չէի աշխատում ու հասկացել եմ, որ այստեղի հանդիսատեսը շատ ավելի պահանջկոտ ու բաց է, մթնոլորտն էլ է ուրիշ: Այսօր մարդկանցից փոխանցված էմոցիաները սպասվածից շատ ավելին էին, ինչը հաճելի է:

Տաթեւիկ. Տանիքն ինձ համար առանձնահատուկ էր նրանով, որ նոր էր, բայց քանի որ ես նույնիսկ թատրոնում երբեք ավանդական ձեւով չեմ բեմադրել, այստեղ ամեն ինչ հարմար էր: Ամենակարեւորը դերասանների հետ աշխատանքն է, լավ թիմ ունեմ, իսկ առաջացած բոլոր դժվարությունները սովորական էին:


- Ի՞նչ կասեիք ձեր թիմին պրեմիերայից հետո՝ դիտողություններ կամ լավ խոսքեր:

Տաթեւիկ. Դիտողություններ երբեք չեմ անում, միշտ զրուցում եմ դերի մասին: Միայն կուզեի շնորհակալություն ասել, հուսամ՝ դեռ կուզեն ինձ հետ աշխատել:

Գրիգոր. Ներկայացում բեմադրելիս ամենակարեւոր չգրված պայմաններից մեկը դերասանի ու ռեժիսորի միմյանց վստահելն է: Եթե դա չլինի, ամեն ինչ արհեստական կստացվի: Իմ անունից ասեմ՝ հավատում ու վստահում էի նրան, զգացել եմ՝ փոխադարձ էր:


Տաթեւ. Կարեւոր է նաեւ խաղընկերներիդ վստահելը, ինչը մեր դեպքում եւս կար: Մեկս մեկի նկատմամբ հոգատար էինք եւ օգնում էինք: Սկզբում ուրիշ բան էինք բեմադրել, բայց այստեղ շատ բաներ փոխվեցին, դա էլ տանիքի առաձնահատկությամբ էր պայմանավորված: Անսպառ հաճույք էր այս մարդկանց հետ աշխատելը (ծափեր են հնչում,-հեղ):

Սոնա. Կուլիսներում Վիլենից լսեցի, որ տանիքը խիզախների տեղն է (նորից հիացած բացականչություններ,-հեղ.):


- Իսկ ինչո՞ւմ է «Օրերի փրփուր»-ի գեղեցկությունը:

Տաթեւ. Երեկ Արամ Կարախանյանը շատ գեղեցիկ մեկանբանեց ներկայացումը. «Սկզբում բոլորդ ասես փրփուրների մեջ լինեք, իսկ հետո այդ ամենը սկսում է ծորալ»:

Աննա. Ինձ համար ամենակարեւորն այն է, որ սերը երեւում է իր տարբեր դրեւորումներով՝ լավ ու վատ:

Վիլեն. Այս ամենը ազնիվ ենք արել:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին