×


Էմմա Պետրոսյան. «Չեմ մոռանում այն շրջանը, երբ վաճառեցինք մեր բնակարանը, որպեսզի Արամոյի ալբոմը ծնվի»

Զգացմունքային եւ պոետիկ՝ այսպիսին են Էմմա Պետրոսյանի երգերը, որոնք տարբեր ժամանակներում տարբեր երաժշտական եւ բանաստեղծական երանգավորում են ունեցել, բայց միշտ կրել են իրենց մեջ ամենակարեւորը՝ ասելիքը: Ժամանակները բոլորին՝ առավել եւս արվեստագետներին, շատ փխրուն են դարձրել եւ զգայուն ստեղծված իրավիճակի նկատմամբ: Բացառություն չէ Էմմա Պետրոսյանը, որն ապրում է իր երկրի հույզերով եւ արտահայտում այդ հույզերը երգի միջոցով:

- Ե՞րբ եք ստեղծագործելու կարիք զգում: Եվ ինչպե՞ս են ծնվում Ձեր երգերը:

- Իմ մեջ եղած հույզերը, մտքերը, կուտակումները երգի տեսքով են դուրս գալիս: Իմ երգը մարդու մասին է, նրա սիրո, պայքարի, լինելու մասին է: Պատերազմի ընթացքում երգեր ծնվեցին. մեկը շատ հուզական է ստացվել, բայց տողեր կան, որ այսօր գուցե փոխեի: Պատերազմի ժամանակ իմ դասերն ուսանողներիս հետ զրույցների էին վերածվել. քննարկում էինք, թե մենք ով ենք եւ ուր ենք գնում: Դեպի առաջ քայլ անելու համար անպայման հույս է հարկավոր:

- Ինչպիսի՞ն է հետպատերազմյան հայ հասարակությունը եւ ի՞նչ խնդիրներ ունի իր առջեւ դրված:

- Բոլորս ավելի խոցելի ենք դարձել: Որտե՞ղ բաժանվեցինք, ե՞րբ սկսեցինք չհարգել ու դադարեցինք սիրել միմյանց: Հուսով եմ՝ շուտով կլինի մի բան, որ բոլորիս կմիացնի: Երբեմն ինձ մեղավոր էի զգում. ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել: Հիմա կարեւոր է հասկանալ, թե մենք որքանով ենք պատրաստ միավորվել վաղվա համար:


- Հավատո՞ւմ եք հայրենասիրական երգերին, զգո՞ւմ եք դրանք:

- Երբ անդրադառնում եմ Ստեփան Լուսիկյանի՝ 90-ականներին հայրենիքի մասին գրած երգերին, փշաքաղվում եմ. այնքան իրական են: Վերջին տարիներին գրված Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվն» այնքան իրական է, որ այսօր երաժիշտ են, երաժիշտ չեն՝ երգում են: Ուրեմն՝ այն տեղին էր եւ ճիշտ ժամանակին եկավ: Այն, ինչն իսկական է, ապրելու է, ինչը՝ ոչ, կանցի ու կգնա:

- Ի՞նչ զգացողություններով եք նայում ապագային եւ ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Մտահոգիչ է այսօրվա անորոշությունը: Անապահովության զգացողություն կա: Բայց հավատում եմ, որ ճանապարհներ կգտնվեն: Աշխատում եմ երիտասարդների հետ եւ իրենք են ինձ հավատ ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Այդ մի քանի ժամը, որ անցկացնում եմ լսարանում, ինձ շատ է օգնում, ես էլ իրենց եմ օգնում: Սիրում եմ իրենց հետ իրենց պես լինել, նույնիսկ հագնվում եմ իրենց նման: Մենք փորձում ենք հասկանալ՝ ինչի մասին է մեր այսօրվա, վաղվա հայրենիքը:

- Պատերազմից հետո մենք նույնիսկ միասնական վերաբերմունք չունենք թշնամու նկատմամբ, թշնամու հետ բարեկամանալու կոչեր են անգամ հնչում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է դա արվում:

- Բարեկամություն քարոզողները թշնամու վարքագծում բարեկամանալու նշաննե՞ր են տեսնում: Խոսել՝ այո, բայց ի՞նչ բարեկամություն: Մենք պետք է հասկանանք՝ ինչ քայլ անել, որ մեր զինվորը չզոհվի, գերության մեջ չհայտնվի: Չգիտեմ՝ այդ ինչ լեզվով պիտի խոսենք, բայց բավ է՝ մենք էլ ո՛չ տարածքային, ո՛չ մարդկային կորուստ պետք է չունենանք:


- Ձեր երգերը շատ զգացմունքային են: Դա Ձեր տեսակի դրսեւորո՞ւմն է, թե՞ ուզում եք հուզել, հոգուն դիպչել:

- Մի ժամանակ բոլորը հարցնում էին՝ ինչու եմ այսպիսի տխուր երգեր երգում: Սկսեցի ըմբոստանալ, բացատրել, որ տխրություն չէ՝ մտածողություն է, խոհեր են: Ո՞վ է ասել, որ հայ մարդու երգը պետք է զվարթ ու թռչկոտելով լինի: Իմ երգը լսելու, զգալու եւ հոգու երգ է: Ինչպիսին է իմ հոգին, ինչպիսին է իր արմատը. ես այդ արմատներից բռնած եմ ապրում: Ուսանողին էլ եմ ասում՝ երբ երգում եք, նայեք նաեւ արմատին:

- Արամոյին եւ Ձեզ միասին ներկայացնելը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում: Ակնհայտ է, որ դուք տարբեր խառնվածքի տեր մարդիկ եք:

- Շատ տարբեր ենք, բայց նույն աշխարհից ենք: Մշտապես իրար հետ ենք եւ իրարից անջատ անհատներ ենք: Սա գիտակցում ենք եւ աշխատում ենք չվնասել իրար ու միասին քայլել: Զույգերը միասին առաջ են գնում եւ այդ ընթացքում փոխվում են: Պետք է նորից ու նորից ճանաչել միմյանց: Շատ կարեւոր է, թե որքանով եք կարողանում մտնել միմյանց աշխարհ եւ լսել մեկմեկու: Երկու տարբեր մարդիկ իրար հետ ընկերություն անելով, իրար ճանաչելով միասին ճանապարհ են ացնում՝ դա է ընտանիքը: Իսկ ամենահանճարեղ ապացույցը սիրո մեջ հետեւյալն՝ ես այն եմ, ինչ կամ:

- Իսկ Ձեր համատեղ կյանքի ո՞ր փուլն եք ամենաշատը սիրում ու հիշում:

- Մենք միահյուսված ենք արվեստով: Չեմ կարող մոռանալ այն շրջանը, երբ վաճառեցինք մեր բնակարանը, որպեսզի «Սեւ ու սիտակ» ալբոմը ծնվի: Բնական է՝ մենք էլ ենք ունեցել տարաձայնություններ, իրար չլսելու փուլեր ու պահեր: Կարող ենք վիճել, բայց բարձրանալ բեմ եւ առանց մի բառ ասելու ժպտալ իրար, որովհետեւ երգն այդ պահին ոչ թե բուժում է, այլ մոռացության է մատնում: Մենք էլ աշխատում ենք չքչփորել, հետ չնայել եւ այն: Երբ բեմի վրա բարձրախոս է տալիս, հասկանում եմ՝ որքան էր այդ պահն ինձնով ապրված, նույն էլ՝ իր դեպքում: Այստեղ էլ ոչ մի բառ պետք չէ: Եվ սա է մեր դեղատոմսը:


- Կարո՞ղ է գալ այնպիսի փուլ, երբ սերը կնոջն էլ պետք չլինի, առաջնահերթությունները փոխվեն:

- Ամեն ինչ էլ հնարավոր է, եւ ոչ մի բանից պետք չէ վախենալ. կյանքը ճիշտ կուղղորդի: Պետք է պահը վայելել, սուրճը վայելել, քայլել... Սիրո բացակայությունը միանգամից զգալի է. հասկանում ես, որ վերջ, էլ անելիք չունես: Եթե գալիս է վերջը, պայքարելն անիմաստ է:

- Զգացմունքայի՞ն են հայ կանայք: Դա առավելությո՞ւն է, թե՞ թերություն:

- Այո, հայ կանայք շատ հուզական են, եւ ես բացառություն չեմ: Մարդկային է, իհարկե, երբ հուզվում ես: Մի քիչ չափերն անցնում ենք երեւի (ժպտում է): Ինձ էլ երբեմն օգնում է, իսկ խանգարում է, երբ շատ է լինում: Մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ՝ մի հատ քեզ հավաքիր, Էմմա, հասկացանք:

- Ի՞նչն է այսօր Ձեզ ոգեւորում:

- Հիմա ինձ շատ քիչ բան է ոգեւորում, չեմ էլ ուզում, որ ոգեւորի: Տարիներն ինձ փակել են: Կարոտում եմ, երբ ուրախ ու անհոգ էինք: Կարոտում եմ «Սեւ-սպիտակ» ալբոմը, հետո Արամի «Երանի» ալբոմի շրջանը, մեր համերգները, հատկապես Արամ Ղարաբեկյանի հետ համերգը: Երազանքս էր կամերային նվագամբի հետ երգել, կատարվեց: Առաջին անգամ երգելիս հուզվեցի, նա գրպանից հանեց իր սպիտակ թաշկինակը, գրկեց... Ինձ համար շատ կարեւոր ժամանակներ էին: Արամ Ղարաբեկյանը հայրենիք էր, Լուսիկյանը հայրենիք էր: Մարդիկ, որոնք հավատացին, նվիրվեցին ու տրվեցին անմնացորդ:


- Յուրաքանչյուր արվեստագետի կյանքում եղել են մարդիկ, որոնք անջնջելի հետք են թողել: Եղե՞լ են Ձեր ստեղծագործական կյանքի ընթացքում այդպիսի մարդիկ:

- Մի քանիսին արդեն թվարկեցի, պետք է նշեմ նաեւ Վահե Շահվերդյանին: Իմ առաջին պիեսը նրան ներկայացրի: Նա վարպետ էր, նրա խոսքն ինձ համար շատ կարեւոր էր: Նա գրկեց ինձ ու ասաց՝ ապրես: Ինչպես կարող եմ մոռանալ այն պահը, երբ հայտվեցի Շառլ Ազնավուրի կողքին: Շատերն են եղել իմ կայացման ճանապարհին: Հիշում եմ, երբ դողդոջուն ձեռքերով բռնում էի բարձրախոսը, Արթուր Գրիգորիչը կողքիս էր, ուժ էր տալիս: Նրանք հավատացին ինձ ու Արամին: Մուրզիկի՝ Արա Թորոսյանի անունը պետք է ընդգծեմ, որովհետեւ միասին բազմաթիվ ստեղծագործություններ ենք գործիքավորել: Նա լավ գիտի՝ ինչպիսին է Էմմայի հյուսվածքը, Էմմայի գորգն ինչ գույներից է հյուսված: Մարդիկ, որոնց հետ աշխատել եմ ու դեռ պիտի աշխատեմ, ինձ համար շատ կարեւոր են: Ազգովի նույնպես շատ գործ ունենք անելու. միասին երկիր պետք է կառուցենք:

Զրուցեց Լենա Գեւորգյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին