×


«Մտածում էի՝ մայրիկ դառնալով մի քիչ կլրջանամ, բայց չստացվեց». Արփի Ալտոյի բացահայտումները

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Արփի Ալտոյի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Բավական պարզ եմ ու բաց, իսկ եթե կան չբացահայտված կողմեր, ավելի լավ է՝ այդպիսին էլ մնան:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Շատ դժվար է առանձնացնել միայն 3 արվեստի նմուշ, որոնք մեծ ազդեցություն են թողել, քանի որ ստեղծագործական զարգացման ճանապարհին նման երաժշտական գործերը շատ են եղել ու դեռ կլինեն: Կնշեմ, թե այս պահին ովքեր են գերակշռում ձայնադարանումս: Լիովին կախված է այս պահի իմ ներաշխարհից՝ Սերգեյ Ռախմանինով, Ալեքսանդր Սկրյաբին, Չիկ Կորեա, Մայլս Դեւիս:

- Արվեստագետների ընտանիքից լինելու ամենայուրահատուկ կողմերը:

- Նշեմ հա՛մ շատ լավ, հա՛մ շատ դժվար կողմերը: Տարբերակ չունես հետաքրքիր եւ գունեղ կյանք չունենալ՝ ողողված արվեստի գունային կոնտրաստներով: Մյուս կողմից  էլ սովորական կենցաղային առօրյայի հերքման եւ դժվար ընդունման խնդիրն է ծառանում, որը բարդացնում է մարդկանց հետ շփումը:


- 3 պատճառ, թե ինչու է հայկական երաժշտությունն այդքան հոգեհարազատ Ձեզ:

- Ամենահասարակ պատասխանն այն է, որ ամբողջ հոգով հայ եմ՝ չնայած, որ մայրս արմատներով գերմանացի է (ծիծաղում է,-հեղ.): Շատ եմ ուրախանում, երբ իմ այլազգի ունկնդրին ծանոթացնում եմ մեր հարուստ մշակույթի հետ, եւ աննկարագրելի բավականություն ստանում դրանից:

- Ձեր կատարմամբ 3 ամենասիրելի երգերը:

- «Նազան իմ յարը», «Հով արեք, սարեր ջան», «Համայակ»:



- Երգչուհի լինելու 3 առավելություն:

- Առավելություններ շատ կան, սակայն ամենահաճելին այն է, որ վստահորեն կարող եմ ասել՝ չեմ համարում, որ նույնիսկ մեկ օր աշխատել եմ (ծիծաղում է,-հեղ.): Ամբողջը հաճույք է:

- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:

- Շատ ինքնաքննադատ եմ գործի մեջ. եթե մի օր կարող եմ աննկարագրելի հաճույք ստանալ արդյունքից, հաջորդ րոպեին՝ ամբողջը ջնջել եւ սկսել նորից: Արվեստագետները շատ են ունենում ստեղծագործական հակասական վերելքներ եւ վայրէջքներ:

Արփի Ալտոն


- 3 վայր, որտեղ երգելն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:

- Առաջինը միանշանակ Կոմիտասի «Անտունի»-ն երգելն էր Գեղարդավանքում, էմոցիոնալ առումով շատ դժվար էր՝ Դադիվանքի հանձնման օրն էր: Կատարումս առանց իմ իմացության էր տեսաձայնագրել ամուսինս: Երկրորդը Շառլ Ազնավուրի հիշատակի համերգն էր Մարսելում, որը նույնպես շատ հուզիչ էր, իսկ երրորդը սպասվում է շուտով:

- 3 երկիր, որ գերել են Ձեզ:

- Լինելով եվրոպական գրեթե բոլոր երկրներում, կառանձնացնեմ Պորտուգալիան: Այն չափազանց գունեղ, ջերմ մթնոլորտով եւ աուրայով է: Ապա Շրի Լանկան է, որտեղ մոտ 3 ամիս աննման ժամանակ եմ անցկացրել ընտանիքիս հետ, վերջինը, որքան էլ ճամփորդեմ, Հայաստանն է՝ իր բոլոր փոքրիկ թերություններով:

- Մայր լինելու ամենահաճելի կողմերը:

- Մտածում էի՝ մայրիկ դառնալով մի քիչ կլրջանամ ու կմեծանամ, բայց չստացվեց (ծիծաղում է,-հեղ.): Ասեմ ավելին՝ վերադառնալով մանկություն, ավելի փոքրացա:

- Իսկ մի քիչ հոգնեցնողները:

- Քնկոտ եմ դարձել, կարծում եմ՝ շատ մայրիկներ նման խնդիր ունեն, բայց տղաս հաճախ է ինձ ընկերակցում (ծիծաղում է,-հեղ.):

- Ի՞նչ եք սովորել Ձեր որդուց:

- Զարմանալիորեն շատ բան, որ երբեք չէի ակնկալի ստանալ փոքրիկ մարդուկից: Մեկ-մեկ սկսում եմ կասկածել, թե ով ում է դաստիարակում եւ ուղղորդում (ծիծաղում է,-հեղ.): Երեխաներն ավելի խոր են, քան շատ մեծահասակներ:

Արփի Ալտոն


- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Կուզեի ոչ թե նորը ձեռք բերել, այլ վերականգնել հինը: Քանի որ հայրս գեղանկարիչ, քանդակագործ է, շատ էի ժամանակ անցկացնում խեցեգործությամբ զբաղվելով: Միանշանակ, կվերականգնեմ:

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Ծուլությունից, հետեւաբար, ձեռք բերել մի փոքր աշխատասիրություն (ծիծաղում է,-հեղ.):

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Երեքին չեմ կարող նշել, բայց կա մեկը, որին կարոտում եմ չափազանց շատ՝ քույրս: Նրան կորցրել եմ հիվանդության պատճառով եւ այդպես էլ չեմ համակերպվել այդ կորստի հետ:

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Բացասական մտքերից (ծիծաղում է,-հեղ.):

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

- Տղաս կոտրեց ոտքը, իսկ ես հաջորդ օրը պետք է մեկնեի համերգների: Բավական անսպասելի էր եւ դժվար երկուսիս համար, բայց արդեն լավանալու ճանապարհին ենք:

Արփի Ալտոյի ընտանիքը


- 3 անհրաժեշտ ապրում:

- Անընդհատ լինել սիրահարված՝ գործիդ, սիրելիիդ, ինքդ քեզ:

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Զգալ հարազատիդ աջակցությունն ու սերը, ունկնդրիդ գնահատականը, ինչը շատ թանկ է, եւ ինքս իմ կատարած արդյունքից գոնե մի քիչ գոհ լինելու զգացողությունը:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Նման պահերը այս տարի շատ-շատ են, բայց կառանձնացնեմ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում ելույթս, որն անչափ հուզիչ էր:

Արփի Ալտոն


- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում

- Խաղաղությունը՝ բառի բոլոր իմաստներով:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Շատ բաներ կարող եմ նշել, ինչի համար շնորհակալ եմ՝ սկսած ընտանիքից ու վերջացրած կարիերայով: Բայց, երեւի թե, ամենաշատը շնորհակալ եմ մորս՝ ժամանակին իմ ծուլությունը հաղթելու եւ այսքան երաժշտական ունակություններ փոխանցելու համար: Այս ամենի հետեւում իր քրտնաջան աշխատանքն է:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Անընդհատ ցանկանում եմ սկսել մեքենա վարել, սակայն Հայաստանում վախս չեմ կարողանում հաղթահարել: Հուսանք՝ մի օր կստացվի:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Այս տարին սկսել եմ առանց պարտադիր ցանկի, եւ հավատացեք՝ շատ ավելի ակտիվ եւ հետաքրքիր են զարգանում իրադարձությունները (ծիծաղում է,-հեղ.): Ֆիլմի հերոսի նման ուղղակի հետեւում եմ կյանքի կողմից գրվող սցենարին: Հաճախ արժե փորձել ուղղակի ապրել եւ չխոչընդոտել կյանքի բնականոն հոսքին: Փորձեք, շատ հետաքրքիր է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ անձնական արխիվից
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW