×


«Սոված է, չտես է, գոռոզ է, մուննաթ է, ծովակարոտ է, հայ է». Հովիկ Աֆյանի բացահայտումները

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Կարմիր», «Քաղցր կյանք», «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակ, արձակագիր Հովիկ Աֆյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Սարսափելի վախենում եմ կատուներից: Ճաշի միջի կարտոֆիլը չեմ ուտում: Հա, մեկ էլ արդեն չգրող գրիչներս հատուկ տեղում պահում եմ. մի օր գրել են, չէ՞:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն», որովհետեւ հենց այդ գրքում եմ հանդիպել ապրելու կատարյալ բանաձեւը՝ «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Այվազովսկու «9-րդ ալիքը», որովհետեւ այն չհանձնվող մարդկանց մասին է, ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»՝ «Գայանե» բալետից:

- Գիրք գրելու ամենասիրելի կողմերը:

- Համարյա Աստված ես:

- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Համարյա Աստված ես:

Հովիկ Աֆյանը


- Ստեղծագործության վերնագիր ընտրելու 3 գաղտնիք:

- Երբեք չվերնագրել նախքան սկսելը: Կարդալ այն, ինչը գրել ես, հիշել այն, թե ինչ էիր ուզում գրել:

- 3 գրողներ, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:

- Չորսն են: Ընդ որում՝ առանց տեղերի. Մարկես, Սարոյան, Հեմինգուեյ, Մաթեւոսյան:

- Հայ հեղինակների ամենասիրելի գործերը:

- Իհարկե, Մաթեւոսյան, ընդ որում՝ ծայրից ծայր ու ամեն օր: Թումանյանի «Կիկոսի մահն» եմ շատ սիրում. շատ հայկական ցավ է: Չարենցի ու Սահյանի պոեզիան եմ սիրում. մեկը վառում է, մյուսը հաց է տալիս, նույնիսկ բույրն ես զգում ու բոցը: Մոռացվող Բակունցին եմ սիրում, երեւի, որովհետեւ էլ ոչ մեկն այդպես սիրուն չի գրում իբր բնության մասին, բայց իրականում՝ մարդու: Մեկ էլ հայ հեղինակ լինելն եմ սիրում, որովհետեւ համարձակներին եմ սիրում:

- Ժամանակակից հայ գրականությունը մի քանի բառով:

- Կա: Սոված է: Չտես է: Գոռոզ է: Մուննաթ է: Ծովակարոտ է: Անգլերեն ու ռուսերեն ակցենտով խոսող է: Համարձակ է: Մարդ է: Հայ է: Կողմնակի գործերով միշտ զբաղված: Խառը:


- Գրող, որի հետ դեմ չէիք լինի երեկոյան զրուցել:

- Եթե պիտի միայն զրուցենք՝ տեսնելով, թե ծովն ինչքան կեղտ ու հույս է բերում աշխարհի մյուս կողմից, Մարկես: Եթե պիտի նաեւ խմենք, Հեմինգուեյ, բայց պայմանով, որ նա իր կատվին չի բերի:

- Իսկ ամենահետաքրքրող հարցը, որ կտայիք:

- Հացն ի՞նչ արժե ձեզ մոտ: Վստահ եմ՝ դա միակ հարցը կլինի, որին չեն կարող պատասխանել:

- 3 հեղինակ, որ կավելացնեիք դպրոցական ծրագրում:

- Նույնիսկ չգիտեմ, թե ովքեր կան հիմա: Մի տեսակ վախենում եմ, երբ գրականության դիմաց դնում են «պարտադիր» բառը: Նույնիսկ ստիպում են, որ անգիր սովորես... Բայց անպայման կուզեի, որ գրականության ժամին աշակերտները 3 բանի կարեւորությունը սովորեն՝ տան, բակի, երազի:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին կարդալ Ձեր գրածներից:

- Եթե ինչ-որ բան գրել եմ, ուրեմն ուզում եմ, որ կարդան:

- Մի քանի բնութագիր, որ հատուկ է համարյա բոլոր գրողներին:

- Չեն լսում, թե ինչ ես գրել, ասում են, թե ինչ են գրել հենց այն պահին, երբ դու ասում ես, թե ինչ ես գրել: Առանձնապես չեն հետաքրքրվում, թե ոնց եղավ դռնկից հարեւանը, որ հիվանդացել էր, բայց երեխայի պես լացում են՝ բացահայտելով, որ Անտարկտիդայում մանուշակներ չեն աճում: Մեկ էլ կարդում են, շատերն՝ իրենց իսկ գրքերը:

Հովիկ Աֆյանը


- Իսկ ամենատարածված միֆերը նրանց մասին:

- Ինձ հատկապես զվարճացնում է այս մեկը, թե իբր գրողը զարթնում է կամ չի քնում, լվացվում է կամ ոչ, ուտում է կամ ոչ, բացում է պատուհանը, աչքերը փակում է, խոր շունչ է քաշում՝ կլանելով մաքուր օդը, ու դիմավորում է մուսային, որ ճերմակ թեւերով նստում է նրա ուսերին:

- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի գիրք:

- Մարդ: Մահ: Ծնունդ:

- Աբովյան քաղաքում Ձեր սիրելի վայրերը:

- Մեր հին տան բակը՝ Սեւանի 4/1 հասցեում: Հենց շենքի դիմաց մի փայտե նստարան կա: Դրա վրա միշտ պապս էր նստում, ու երբ գնում էի, բարձր ասում էր. «Վայ, ցավերդ տանեմ»: Հենց հոգնակի թվով էլ ասում էր... Ու տանում էր:

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Իմ աղջիկը, որ արդեն 9 տարեկան է: Առաջ, երբ իրեն դպրոց էի տանում, հենց դպրոցի բակում համբուրում էի, նոր ներս էր մտնում, այս տարի արդեն խնդրում է, որ իրեն դպրոցի բակից հեռու համբուրեմ, մեկ-մեկ էլ ուզում է մենակ գնալ դպրոց: Մեր հին հարեւանը, որ գնաց Ռուսաստան՝ խոպան, բայց երկու շաբաթից հետ եկավ, երբ հարցրի՝ բա ինչի՞ եկար, ասաց՝ ցուրտ էր: Ու մեր բակի անկյունում բաց կանաչ «բուտկայի» մեջ աշխատող կոշկակարը: Ինձ ամեն օր թվում է՝ ահա մեկը, ով խոնարհվում է իր գործի առաջ:

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

-Գրում-մրում է: Երեւի դա:

Հովիկ Աֆյանը


- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Ես նույնիսկ իմ՝ այլեւս չգրող գրիչներից չեմ հրաժարվում: Ու դա վատ է:

- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Հնդկական օվկիանոսը: Գիշերային Երեւանը: 90-ականների սկզբի Աբովյանը:

- 3 անհրաժեշտ ապրում:

- Կարող եմ, իհարկե, 3 բան ասել: Բայց հետո դրանք բոլորը կմիացնեմ ու կասեմ մեկ բառով՝ սեր:

- 3 ոգեշնչող հանգամանք:

- Մարդ: Բաց կամ փակ պատուհան: Լվացք:

- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Այդքան էլ վստահ չեմ, որ այս տարի է եղել, նույնիսկ չգիտեմ, թե մնացե՞լ է արդյոք այս գրառումն այդ պատի վրա: Բայց հաստատ գիտեմ՝ սա այն սկզբունքն է, որը հաց ու պանրից կարեւոր է վերցնելը ճանապարհ գնալուց առաջ, կապ չունի՝ այդ ճանապարհը պատերազմ է տանում, թե սեր, արգելափակված է, թե ոչ:


- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Շատ դառը սուրճը: Մեծ բաժակով:

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Զարմացնելու: Ե՛վ մարդուն եմ շնորհակալ, ե՛ւ Աստծուն:

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Ծովում լողալ: Էն, որ շատ հեռու ես գնում:

- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Անպայման դիմավորելու եմ տարվա մնացած բոլոր արեւածագերը: Արդեն հասցրել եմ ճանապարհել ձմեռվա երկար գիշերները:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին