×


Ոճաբանը՝ Բրյունետի ֆորսմաժորային երկրորդ զգեստի եւ գաղտնի ուղերձի մասին

Անձնական ապրումներ, սեր հայրենիքի հանդեպ եւ եվրոպական հեռարձակման թիմի հետ երկար բանակցություններ. Նարեկ Ջհանգիրյանը բացահայտում է երգի մրցույթի մասնակցի զգեստի հետեւում թաքնված գաղտնի ուղերձները։

Երգչուհու զգեստն իր վրա է բեւեռել տարբեր երկրների Եվրատեսիլի ֆան-ակումբներից մինչեւ եվրոպական նորաձեւության ամսագրերի ուշադրությունը: Զգեստի հիմնական պրինտը փոխառված է հայկական ավանդական վիշապագորգից։ Դրա հատվածները նախկինում հանդիպել էին Նարեկի մեկ այլ աշխատանքում՝ դեմքի դիմակում, որը թողարկվել է POMMIE-ի հետ համագործակցությամբ:



Սկզբնական գունային լուծումը գրադիենտով էր. անցում մանուշակագույնից սպիտակի: Սակայն երգչուհին եւ ոճաբանը եկան համաձայնության՝ երկգույնանի պալիտրան ավելի լավ կնայվի:

«Բրյունետի հետ որոշեցեցինք, որ միագույն զգեստը գունավոր պրինտի հետ ավելի լավ կնայվի՝ ի տարբերություն, այսպես կոչված, խելահեղության»,- ընդգծել է Նարեկը։


Ինչ վերաբերում է ձեւվածքին, ապա խնդիրն ավելի բարդ էր։ Զգեստի դետալների շուրջ պետք էր լուրջ մտածել՝ այն ելույթին համապատասխանեցնելու համար։ Օրինակ, «պարային ընդմիջման» մասին նորությունն ամբողջությամբ փոխեց մտածված էսքիզը։

«Լրացուցիչ դինամիկան եւ զգեստը պետք է միասնաբար «ապրեին»: Պետք էր հասկանալ, թե ինչն է պետք կարճացնել, ինչը՝ երկարացնել։ Անհրաժեշտ էր ստեղծել զգեստ, որը հարմար լինի պարելու ժամանակ»,- մեկնաբանել է Ջհանգիրյանը։


Բրյունետի բեմական կերպարում թաքնված են շատ խորհրդանիշներ ու հաղորդագրություններ։ Շատերը դա չեն էլ գիտակցում: Այսպես է Նարեկն արտահայտում իր ապրումները. «Զգեստը նման է գորգի՝ սկզբում կտոր-կտոր պատռված, ապա առանձին տարրերից հավաքված եւ արդեն վերջում ամրացված մի ուժով։ Դա խորհրդանշում է ներկայիս մետամորֆոզները, որոնց միջով անցնում է մեր երկիրը»։

Ջանգիրյանի վերջնական ստեղծագործությունը Բրյունետի համար անցել է հավանությունների մի ամբողջ փուլ․ երգչուհուց եւ նրա պրոդյուսերից մինչեւ Լիվերպուլի հեռարձակողներ։ Պետք էր հստակ հասկանալ, թե այն ինչ տեսք կունենա կադրում։ Հաշվի են առնվել անգամ այնպիսի դետալներ, ինչպիսիք են տեսախցիկի մակնիշը, որից անցկացվելու է ուղիղ  հեռարձակումը։


«Գույնը, պրոյեկցիան՝ այս ամենը մեծ ծանրաբեռնվածություն էր ստեղծում: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այն։ Երբեմն չէի հասկանւմ՝ արդյո՞ք կարող եմ զգեստը մինչեւ վերջ կարել, թե՞ թողնել այնպիսին, ինչպիսին որ կա։ Ցանկացած պահի այն կարող էին խնդրել փոփոխել»:

Արդյունքում ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու զգեստ է կարվել։ Երկրորդը՝ ֆորսմաժորային իրավիճակի համար։ Նարեկի խոսքով՝ ակնածանքով էր «փաթեթավորում» Բրյունետի կերպարը․ լրացուցիչ թելեր, կոճակներ եւ բոլոր տեսակի անհրաժեշտ իրեր։ Չնայած՝ դիզայներն իր մուսայի հետ Լիվերպուլում չէր, թիմին ամեն կերպ օգնում էր վիրտուալ։

Թեեւ չհաջողվեց առաջատար հորիզոնական գրավել Եվրատեսիլ 2023-ում, Բրյունետն իր Future Lover-ի կատարմամբ ակտիվորեն բարձրանում է արտասահմանյան չարթերում: Իսկ երգի մրցույթի շրջանակում իր կերպարների մասին խոսում են մինչ այսօր։

Վիկտորիա Պ.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին