×


Մշակույթ, հավատ, նպատակ. ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմը

Երբ եւ ինչու ենք հաղթանակել, որն է մեր հաջողության գրավականը. կարեւոր հարցադրումներով եւ ուղերձներով նոր ֆիլմ` միտված ապագային՝ անցյալի սխրանքներն ու սխալներն իմանալով, մտորելու հնարավորություններով։ Մայիսի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի երկրորդ մասի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, որից բանկը որեւէ շահույթ չունի, իսկ գաղափարի շուրջ հավաքվել են դեռեւս 2020 թվականին։

«Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա գտնվեցին հասարակական եւ մշակութային գործիչներ, ֆինանսական եւ դատական համակարգի, միջազգային կազմակերպությունների եւ տարատեսակ հիմնադրամների ներկայացուցիչներ: BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանն ու առանձնացրել կարեւոր դրվագները:


«ԱրարատԲանկն արդեն չորրորդ տարին է, որ կորպորորատիվ սոցիալական պատասխանատվությանն ուղղված ծրագրերն իրականացնում է լուսավորությանն ոււ կրթությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմամբ։ Այն հիմնական նյութերը, որոնք օգտագործվել են առաջին ֆիլմում, ստեղծագործական խմբի տարիներ շարունակ կատարած ուսումնասիրությունների արդյունքում էին հավաքվել, երկրորդ ֆիլմը լրացնում է բոլոր այն հոգեբանական դրվագները, որոնք առաջին ֆիլմում չէին ներկայացվել։ Մարդու համար ամենադժվար խնդիրն ինքնաճանաչումն է։ Երկրորդ ֆիլմով մենք փորձում ենք մտորումների այն հնարավորությունը տալ, որով կհասկանանք՝ արդյոք մենք մեզ ճանաչում ենք։ Ֆիլմերը պլանավորելիս անգամ չէինք պատկերացնում, որ թեմաներն այսքան արդիական ու կարեւոր կլինեն հենց այս պահին, հենց այսօր։ Եթե այս ֆիլմը դիտելուց հետո յուրաքանչյուրս բռնենք ինքնաճանաչման ուղին, կհամարենք, որ ֆիլմը ծառայեց իր նպատակին»,- ասաց ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։

ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը


Ֆիլմերի պրեմիերաների օրերը կազմակերպիչները երբեք պատահաբար չեն ընտրում՝ առաջինը ցուցադրվել էր հայոց բանակի վերածննդի օրը՝ հունվարի 28-ին, իսկ երկրորդը մայիսին, քանի որ հենց այս օրերին է մեր ազգը պատմական մի շարք հաղթանակներ արձանագրել եւ միավորվել՝ հանուն մեկ նպատակի։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանի խոսքով՝ իրենց համար կրթությունը ռազմավարական կարեւորագույն ուղղություն է։

ԱրարատԲանկի գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը


«Առաջին ֆիլմը բարձր դասարանների աշակերտների համար որպես պատմությունը դասավանդելու այլընտրանքային միջոց էր, եւ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ուսուցիչները կամավոր ցուցադրություններ են իրականացրել, ինչն առիթ հանդիսացավ, որ մենք դիմենք ԿԳՄՍ նախարարության Կրթության զարգացման նորարարական կենտրոն հիմնադրամին՝ ֆիլմը երաշխավորելու համար։ Դա, իրականում, ավելի էր, քան երաշխավորությունը, քանի որ ԿԶՆԱԿ-ի հայրենագիտության բնագավառի պատասխանատու Հասմիկ Մարգարյանը Տավուշի 11 մենթոր ուսուցիչների հետ համատեղ մշակեց ուսումնամեթոդական ձեռնարկ, որը բավական հետաքրքիր է ուսուցման մեթոդների կիրառման առումով։ Այն թույլ է տալիս զարգացնել աշակերտների մտածելու, վերլուծելու կարողությունը։ Դաս կարդալ-պատմել մեխանիկական աշխատանքն այլեւս վերածվում է հասկանալու եւ վերլուծելու ունակության։ Ամեն մի դասի ամփոփումից հետո տրվում է շարադրություն կամ էսսե գրելու հնարավորություն՝ եթե, օրինակ, աշակերտը լիներ այս կամ այն հերոսի դերում, ապա ինչ կաներ։ Մենք սրանով գնում ենք դեպի նախագծային կրթություն», - նշեց Աննա Ալլահվերդյանը։


«Հայոց պատմության հինգ դրվագ է ներկայացվում եւ յուրաքանչյուրի վերջում տրվում են հայության հարատեւման բանալիները՝ պարտություն, համախմբում, հաղթանակ։ Ընտրվեց այս ֆիլմը, քանի որ շատ արդիական բովանդակություն ունի։ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի խորհրդով՝ ներգրավեցի Տավուշի 11 մենթոր-ուսուցիչներին, եւ միասին ստեղծեցինք ձեռնարկը։ Նրանք օգնեցին հատկապես դասի պլանավորման մեթոդների ընտրության հարցում: Նոր ու օգտակար ձեռնարկ կարող է լինել բոլոր ուսուցիչների համար»,- ասաց Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի հայրենագիտություն բնագավառի պատասխանատու Հասմիկ Մարգարյանը։

ԿԶՆԱԿ-ի հայրենագիտության բնագավառի պատասխանատու Հասմիկ Մարգարյանը


Ուսումնամեթոդական ձեռնարկը եւս ֆինանսավորվել է ԱրարատԲանկի կողմից եւ շուտով՝ նոր ուսումնական տարվա ընթացքում, այն կբաժանավի Հայաստանի եւ Արցախի բոլոր հանրակրթական դպրոցներին, ինչպես նաեւ Սփյուռքի տարբեր կրթօջախներին։

Ֆիլմաշարի հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանը նշեց, որ «ոտքի կանգնելու կամքը» միտքը վերցված է Նժդեհի խոսքերից. «Պատմության մեջ նման պարտություններն ու անելանելի իրավիճակները, որոնցից կարողացել ենք ելք գտնել, բազում էին եւ երկրորդ ֆիլմը հենց այն մասին է, թե ինչպես կարող ենք փոխել իրավիճակը, ինչ նախապայմաններ ունենք՝ հոգեւոր, մտավոր եւ այլն։ Մեզ հիմա պե՞տք է պետություն, թե ոչ։ Ֆիլմի ավարտին Արթուր Կարապետյանն առանց պաթոսի խոսք է տալիս, որ ապրելու է այն կանոններով, որ ֆիլմի մեջ խոսվում է։ Ու դա այդպես է. նա Կապանում ներկայացում է խաղում, որ կապանցին մնա Կապանում, ստեղծագործական թիմի աշխատակիցները գնում են ՈՄԱ, նրանք ապրում են դրանով, սա զուտ հռետորաբանություն չէ»։

Ֆիլմաշարի հեղինակ եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանը


Ինչպես առաջին ֆիլմում, այնպես էլ այստեղ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանն ամբողջ ֆիլմի ընթացքում, ստանձնելով պատմիչի դերը, ներկայացնում է պատմական իրադարձություններն ու դիտողի հետ վերլուծում դրանք։


«Չգիտեմ՝ որքանով է մեզ հաջողվել, բայց փորձել ենք ֆիլմում ասվածն անցկացնել մեր միջով, դա ինքնաճանաչման մեր ընկալումն է, մենք փորձել ենք այնպես անել, որ հանդիսատեսն էլ ինքն իրեն փորձի ճանաչել։ Մենք հնարավորինս ազնիվ ենք աշխատել՝ ելնելով այն աշխարհընկալումից, որն ունենք յուրաքանչյուրս։ Ամիսներ շարունակ նստել ենք եւ մանրամասն քննարկել սցենարը, փորձել ենք հասկանալ, թե ինչը կբերի մեզ ինքնաճանաչման, որն է ելակետը, որտեղից պետք է սկսենք հաջորդ քայլն անել»,- ասաց Արթուր Կարապետյանը։


Ֆիլմի երաժշտության հեղինակներն են երաժշտագետ, դաշնակարուհի Գիսանե Պալյանն ու կիթառահար Կարեն Արզումանյանը («Էմփիրեյ» ռոք խումբ), սցենարի հեղինակը Լիլիթ Բարսեղյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ ԱրարատԲանկի խորհրդի անդամ Նարեկ Բեգլարյանը։ Կազմակերպիչների խոսքով՝ դեռ շատ ասելիք ու անելիք կա։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/ եւ ԱրարատԲանկի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW