Ֆրանսիացի դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսն իր Jacquemus ապրանքանիշի նոր՝ աշնանային հավաքածուի ցուցադրությունն իրականացրել է Փարիզի արվարձանում գտնվող Վերսալի այգում:
Տարբերվող ու գեղեցիկ նորաձեւության շոուներով աչքի ընկնող դիզայներն այս անգամ էլ ամեն ինչ արել է իրեն հատուկ ոճով: Հյուրերը, որոնց թվում են եղել Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, Եվա Լոնգորիան, Լետիցիա Կաստան, Էմիլի Ռատակովսկին, Քլեր Ֆոյը, ցուցադրությանը հետեւել են 400 մետրանոց պոդիումի երկարությամբ տեղակայված նավակներերից:
Մոնիկա Բելուչին եկել էր հիանալու դստեր՝ մոդել Դեւա Կասելի ելույթով: Բելուչիի նախկին ամուսինն ու Դեւայի հայրը՝ Վենսան Կասելը, բացակայել է. Թինա Կունակիից բաժանվելուց հետո նա կարծես բաց է թողնում միջոցառումները, իսկ սուպերմոդելը ներկա է եղել: Սիմոնի բոլոր ցուցադրություններին ներկա է լինում նաեւ տատիկը՝ Լիլինը:
Le Chouchou հավաքածուն ստեղծելիս Ժակմյուսը ոգեշնչվել է արքայադուստր Դիանայի եւ Մարի Անտուանետի կերպարներից: Հագուստները ստացվել են օդային ու ճախրող, կարված են եղել ժանյակից, շղարշից ու մետաքսից՝ մի քիչ հիշեցնելով բալետային զգեստներ: Քենդալ Ջենների վզնոցն արվել է Լեդի Դիի հայտնի սեւ չոկերի նմանությամբ:
Մոդելների թվում են եղել նաեւ Ջիջի Հադիդը, Վիտորիա Չերետտին, Դեւա Կասելն ու ուրիշներ:
«Այս պատմական վայրն այնքան է ոգեշնչել ինձ հավաքածուն ստեղծելիս, օգնել է բացահայտել ստեղծագործական նոր հնարավորություններ: Մեծ պատիվ է, որ կարող եմ այստեղ ներկայացնել զգեստները: Սա յուրահատուկ պահ է Jacquemus-ի համար»,- խոստովանել է Ժակմյուսը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
3,428





