×


«Հայ եմ ես». Kivera Naynomis-ի երեւանյան ցուցադրությունը՝ Հեղինե թագուհուց մինչեւ Գարեգին Նժդեհ

Երեւանում անցկացվող նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացվեց Kivera Naynomis բրենդի «Հայ եմ ես» հավաքածուն:

Բացումն արեց սպիտակ զգեստով ու խաչով գլխազարդով մոդելը: Երկար հյուսերով ու ոտաբոբիկ մոդելները նախ կրում էին սպիտակի տարբեր երանգներ, ապա միանգամից իշխեց սեւը, որին նորից սահուն հաջորդեցին բաց երանգները, հայտնվեցին կարմիրը, նուռը, ցորենի հասկերն ու խաղողը: Ցուցադրվեց 40 զգեստ՝ 3-ը տղամարդկանց համար, իսկ երեկոյի փակումն արեցին շապիկների վրա «Եղել ենք» ու «Կլինենք» գրություններով երեխաները, որոնցից մեկը դիզայների որդին էր:


Ցուցադրությունից հետո անթիվ շնորհավորանքներ ստանալուց ու գրեթե բոլոր հյուրերի հետ լուսանկարվելուց հետո, Արեւիկ Սիմոնյան վերջապես կարողացավ պատասխանել BRAVO.am-ի հարցերին:

Նախ սկսեցինք նրա ապրումներից, երբ լարված աշխատանքից հետո հավաքածուն հանձնել է մարդկանց դատին. «Ամեն ցուցադրություն էլ անհանգիստ է անցնում, միշտ հուզվում եմ ու լարվում: Կարեւորն այն է, որ ոչ ոք մեր բացթողումները չնկատեց, ձեզ էլ չեմ ասի, թե որոնք էինք դրանք (ժպտում է,-հեղ.): Այս անգամ գոնե մի քանի վայրկյանով կարողանում էի նայել, թե պոդիումի վրա ինչ է կատարվում, սովորաբար չի ստացվում: Գուցե, այն պատճառով էր, որ մեր թիմը մեծ եւ ուժեղ էր»:


Ապա դիզայները բացատրել է, թե ինչու է նման հերթականությամբ որոշել անել ցուցադրությունը: Ցանկացել է, որ բացումն անի Սուրբ Հեղինե թագուհին, որը Երուսաղեմում մեծ եկեղեցաշինություն է իրականացրել եւ 4-րդ դարում Քրիստոսի Խաչի գյուտի տեղը կառուցել Սուրբ Հարության տաճարը: Սիմոնյանը շատ է կարեւորում նրա թողած ժառանգությունը:


Տղամարդկանցից պոդիումի վրա առաջինը դիզայները ցույց է տվել Վասակին՝ որպես հայ ազգում եղած դավաճանության օրինակ, ապա սեւով հայտնվել է Գարեգին Նժդեհը՝ իր մեջ խտացնելով մեր ժողովրդի քաջությունն ու չհանձնվելու ոգին: Ցուցադրության վերջում էլ ցույց է տվել Հայաստանի գանձերը՝ նրանց թվում առանձնացնելով Մասիս սարը, հողն ու ջուրը, խաղողը, խաչքարերը:

Սիմոնյանը հատուկ է մտածել, որ բոլոր մոդելները ոտաբոբիկ լինեն՝ զգան հողի ուժն ու օգնեն հասկանալ, որ պետք է գնահատել մեր ունեցածը: Դիզայներն իր հավաքածուում հատկապես կարեւորում է երեխաների մասնակցությունը:


«Ցանկացա, որ նրանք ամենավերջում հայտնվեն, քանի որ երեխաները մեր ապագան են:  Մենք եղել ենք, հիմա կանք ու հաստատ լինելու ենք, որքան էլ մեզ փորձեն ջարդել ու կոտրել: Մենք փոքր, բայց ուժեղ ազգ ենք, դրա համար էլ ցանկացա այդ ամենը երեխաների միջոցով ցույց տալ, որ միշտ ծնունդ ենք ունենալու»:

Նշում է, որ զգեստները ստեղծվել են բավական կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ ամսում: Թեեւ տեղյակ է եղել նորաձեւության շաբաթվա անցկացման մասին, սակայն անընդհատ մտորումների մեջ է եղել ու վերջնական ոգեշնչում ունեցել Երուսաղեմում: Այնտեղ մեկնել է իր թիմի հետ, գրեթե չեն քնել ու եղել են քաղաքի բոլոր կարեւոր պատմամշակութային վայրերում:


«Այնտեղ հասկացա, թե որպես ազգ՝ որքան առավելություններ ու արտոնություններ ունենք: Չեմ կարող նկարագրել, թե որքան հպարտ էի հայ լինելուս համար, կյանքում նման բան չէի զգացել, բացառիկ ապրումներ ունեցա: Դանից հետո վերադարձա ու հավաքածուի ամբողջ կոնցեպտը փոխեցի. ուզում էի ասել, որ մենք հայ ենք, գնահատենք մեզ, զարթնենք ու ցույց տանք, թե ինչեր ենք ունեցել ու ինչեր կարող ենք ունենալ: Զգեստներին ուշադիր նայելիս կնկատեք, որ ամեն մեկն այնտեղի եկեղեցիներից ոգեշնչված եմ ստեղծել»:

Սիմոնյանը պատմում է, որ այս անգամ շատ փորձարկումներն են արել, տարբեր նյութերի հետ աշխատել՝ անգամ շինարարական, ու ստացել իրենց անհրաժեշտ բաղադրիչները: Խոստովանում է, որ իր համար հետաքրքիր փորձ էր:

Դիզայներ Արեւիկ Սիմոնյանը


Նրա համար բոլոր զգեստներն են կարեւոր, բայց առանձնացնում է առաջինն ու վերջինը՝ խաչով գլխազարդովն ու խաղողի ողկույզները: Նշում է, որ մոդելներին երկար են փնտրել ու վերջապես կարողացել գտնել:

Իսկ թե ում համար են նախատեսված զգեստներն, այսպես է բացատրում. «Այս անգամ պարզապես ուզում էի դրանց ցույց տալ որպես առանձին արվեստի գործեր: Նախապես չեմ մտածել, թե ովքեր են զգեստները կրելու»:


Սիմոնյանից հետաքրքրվում եմ, թե ինչն է իրեն հայ դարձնում. «Մեր եկեղեցիներն եմ ամենաշատը սիրում, մեր հողը, որն անչափ ձգում է, մանավանդ, երբ արտերկրում ես ապրում: Հավատում եմ, որ շատերն են այդ կապը զգում, անգամ եթե այստեղ են ծնվել ու մեծացել: Այս հողն անսահման մեծ ուժ ունի, այլ երկրներում կարող ես շատ գեղեցիկ ու գրավիչ վայրերում լինել, բայց նման բան միայն Հայաստանում ես զգում»:


Խոսեցինք նաեւ երեւանյան առաջին նորաձեւության շաբաթվանից: Սիմոնյանը կարծում է, որ թեեւ բավական բարդ է նման միջոցառում անցկացնել, բայց կազմակերպիչները փորձել են ամեն ինչ ճիշտ անել, խնդիրներ էլ առաջացել են, բայց դրանից հնարավոր չէ զերծ մնալ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW