×


20-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը՝ պատվավոր հյուրերով ու Հայաստանի հետ համատեղ արտադրության ֆիլմով

«Հետ նայելով գալիքին» կարգախոսով Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվելու է հուլիսի 9-16-ը։ Տարին հոբելյանական է ոչ միայն փառատոնի համար․ հայ կինոյի 100-րդ տարում տեղական ու արտասահմանյան ֆիլմերով, Կաննի, Բեռլինի, Վենետիկի ամենաթարմ պրեմիերաներով, դրանց մրցանակակիր վարպետների հետ հանդիպումներով, ցուցահանդեսներով ու համերգներով «Ոսկե ծիրանը» յոթնօրյա կինոտոն կպարգեւի արվեստասերներին։

Բացման միջոցառումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էր, որտեղ հյուրերին նախ սպասում էր կարմիր գորգի արարողությունը։ Շուտով արդեն դահլիճում մեկնարկեց բուն միջոցառումը, ներկայացվեցին մրցութային ու արտամրցութային ծրագրերը, մրցանակներ հանձնվեցին պատվավոր հյուրերին, այնուհետեւ ցուցադրվեց բացման ֆիլմը։


Երեւան եկած կինոգործիչների թվում այս տարի էլ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն են, որոնց պիտի հանձնվեր «Փարաջանովյան թալեր» մրցանակը։ Այն տրվում է համաշխարհային կինոյում նշանակալից վաստակի համար։ 1976 թվականին Սերգեյ Փարաջանովը բանտախցում շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել է դրամներ եւ անվանել դրանք «թալերներ»: Այսօր թալերները Երեւանի Ս. Փարաջանովի թանգարանում են: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակն այդ դրամներից մեկի արծաթե պատճենն է:

Հուրախություն կինոսերների՝ այս տարի Երեւան են հրավիրվել Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրներ, եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդեն եղբայրները, որոնց էլ նախ շնորհվեց «Ոսկե ծիրան»-ի պատվո մրցանակը։


«Շատ հպարտ ենք այստեղ գտնվել․ Հայաստանը երկիր է, որ տվել է բազմաթիվ մեծանուն արվեստագետների։ Շնորհակալություն փառատոնին իր այս կարեւոր գործի համար, քանի որ աշխարհը ճանաչում է ձեզ փառատոնի միջոցով։ Մեզ հայտնեցին, որ քաղաքին պակասում են կինոթատրոններ, մեծ հույս ունենք՝ այդ բացը կլրացվի, քանի որ կինո գնալն անփոխարինելի փորձառություն է։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ փառատոնը, կեցցե՛ կինոն»,- նշեցին ռեժիսորները։

«Աստծո հետ հանդիպելու առիթ չեղավ, ստիպված եղանք նրան հրավիրել Երեւան»


Փառատոնի մյուս սպասված հյուրը ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն է։ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն անձամբ հանձնեց նրա մրցանակը:


 «Տարիներ առաջ, երբ իմ «Սահման» ֆիլմը հրավիրվեց Ճապոնիա՝ Տոկիոյի փառատոնին մասնակցելու, ցանկություն հայտնեցի տեսնել իրենց լավագույն կինոռեժիսորին։ Տվեցին անունը եւ ասացին՝ նա միայն կինոռեժիսոր չէ, նա նաեւ սցենարիստ է, դերասան, հաղորդավար, մի խոսքով՝ նա ճապոնական կինոյի աստվածն է։ Աստծո հետ հանդիպելու առիթ ինձ չընձեռեցին, եւ մենք այժմ ստիպված եղանք նրան հրավիրել Երեւան»,- կատակեց Խաչատրյանը:

Կիտանոն իր հերթին խոստովանեց, որ մինչեւ Հայաստան գալն այնքան էլ լավ չէր պատկերացնում, թե ինչ մրցանակ է ստանալու, եւ բավական երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ է անցել։ Հիմա արդեն հասկանում է, որ արժեր այդ ճանապարհը հաղթահարել՝ Փարաջանովյան թալերը ստանալու համար, միաժամանակ ընդգծեց՝ այն իսկապես պարտավորեցնող է հետագա գործունեության համար։


Կինոփառատոնը մեկնարկեց բելգիացի ռեժիսոր Ջեսիկա Վուդուորթի «Լուկա» ֆիլմով, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի 52-րդ կինոփառատոնում։ Ֆիլմը Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի եւ Հայաստանի համատեղ արտադրություն է։ Դերերում հանդես են գալիս Յոնաս Սմուլդերսը, Սամվել Թադեւոսյանը, Ջերալդին Չապլինը, Յան Բեյվուտը, Ջանգո Շրեւենսը, Սամ Լուվիկը։

Բացման ֆիլմի ընտրությունն էլ պատահական չէր, քանի որ թեման խորհրդանշական է մեր օրերի խնդիրների ու տրամադրությունների համար։ «Լուկա»-ն ցուցադրվելու է նաեւ այսօր երեկոյան՝ «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։


Կինոդիտումների մեկնարկը տրված է, դրանք տեղի են ունենում Երեւանի Կինոյի տանը եւ Մոսկվա կինոթատրոնում, իսկ տոմսերը հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ տեղում։ Փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին