×


Սեր, ինտրիգներ եւ անկեղծություն. «No Makeup» ներկայացման պրեմիերայի հետաքրքիր դրվագները

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում անլուծելի թվացող խառնաշփոթ էր վեց կերպարի կյանքում, որոնց մարմնավորում էին Անի Պետրոսյանը, Ստեփան Ղամբարյանը, Ելենա Վարդանյանը, Լիա Զախարյանը, Մհեր Մխիթարյանը, Աննա Մանուչարյանը եւ Աղաս Մանուկյանը։

Ինտրիգներով, անկեղծությամբ, բառախաղային եւ իրավիճակային հումորով աչքի ընկնող «No Makeup» ներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարը գրել է Արմեն Վարդանյանը:


«Սցենարն ունի եվրոպական հիմք, բայց կերպարների բնավորություններից սկսած մինչեւ ընդհանուր պատմությունը փոխվել է, հետեւաբար, կարող ենք ասել, որ Արմենը նոր պիես է գրել։ Գոյություն ունի «դռների կատակերգություն», երբ տարբեր տեղերից հայտնվում են մարդիկ, որ չպետք է հայտնվեին, եւ մենք երկու հարկի վրա տանում ենք զուգահեռ գործողություն»,- նշեց ռեժիսորը:

Գոջամանյանը հավելեց, որ ներկայացման երկրորդ անվանումը «Երկհարկանի կատակերգություն» է. «Գլխավոր ուղերձն անկեղծությունն է. հատկապես մեր օրերում մարդիկ ավելի շատ պատրաստ են պահանջել անկեղծություն, քան՝ տալ»:

Սա Արմենի եւ Սեդրակի այս ժանրում արդեն վեցերորդ համագործակցությունն է։ Երկու հարկանի բեմ ստեղծելու համար բավական մեծ աշխատանք է տարվել։


Դերասանների ընտրության հարցում ռեժիսորը կարեւորել է նախկինում նրանց հետ համագործակցություն չունենալու հանգամանքը․ «Նրանց միշտ դիտարկել եմ որպես լավ տվյալներով, գունավոր անհատներ, միակը, որի հետ աշխատել եմ, Ստեփան Ղամբարյանն է, բայց չկարողացա դերն այլ մարդու վստահել»։

Անի Պետրոսյանի մարմնավորած կերպարը՝ Մերին, դերասան է, որն իր մասնագիտական հմտություններն օգտագործում է շրջապատի մարդկանց կյանքը քաոսի վերածելու համար։ Նա ժամանակավոր բնակվում է իր նախկին դասախոս Ասպրամ Արմենակովնայի տանը (Ելենա Վարդանյան), որն էլ իր հերթին կրկնապատկում է խառնաշփոթը։

«Կերպարս ստանում է Լեդի Մակբեթի դերը, բայց վթարի պատճառով կորցնում է այն խաղալու հնարավորությունը: Դերասանի համար սա ամենասարսափելի բանն է։ Եվ սկսվում է պատմությունը: Ռեժիսորն առաջարկեց դերն, ու համաձայնեցի սիրով: Կոնկրետ իմ կերպարը հենց Արմենն է մտածել»,- ասաց Ելենա Վարդանյանը։


Սիթքոմների դերասան Աղաս Մանուկյանի համար թատրոնը յուրահատուկ աշխարհ է, որտեղ հայտնվելու առաջարկին միանգամից է համաձայնել. «Կերպարս ներկայացման վերջում է հայտնվում, բայց տպավորիչ ձեւով։ Անունը Դավիթ է՝ անասնաբույժ է եւ հարբեցող։ Հետաքրքիր դեր է»:

Ներկայացման կեսից, երբ ամենաթեժ ու անհասկանալի զարգացումներն են, կայծակնային հայտնվում է Լիա Զախարյանը. «Հերոսներից մեկի քաղքենի կնոջ կերպարում եմ: Յանան կյանքը սիրող ու վայելող, ինքնավստահ կին է: Հայտնվում է, բոլորին խառնում իրար ու հեռանում»,- պատմեց դերասանուհին՝ նշելով, որ ցանկություն ունի որպես հանդիսատես էլ դիտել «No Makeup»-ը:


Զգեստների ձեւավորումն արել է Արայիկ Գաբաջյանը, հատուկ ներկայացման համար երաժշտության հեղինակը Հովհաննես Արշակյանն է, բեմանկարիչն Արթուր Հարությունյանն է, պաստառի հեղինակն Արվին Քոչարյանն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW