×


Ոճաբանների օգնությունը մերժող դերասանուհիները

Վերջին տասնամյակների ընթացքում ոճաբանները չափազանց պահանջված են ու կարեւոր, քանի որ առանց նրանց ոչ մի խոշոր հանրային միջոցառում հնարավոր չէ պատկերացնել: Հենց նրանց ընտրած հագուստներով են աստղերը հայտնվում կարմիր գորգերին ու քննարկման առարկա դառնում:

Սակայն Bravo.am-ի այսօրվա հերոսուհիները չափազանց շատ են կարեւորում իրենց անհատականությունը, որպեսզի օգտվեն ոճաբանների ծառայություններից:

Օդրի Տոտու

Ոչ բոլորն են ոճի դասեր վերցնում, եւ նախընտրում են իրենց զգեստապահարանում ունենալ միայն սեփական ընտրությամբ հագուստներ: Նրանից մեկը Կոկո Շանելի դերը մարմնավորած Օդրի Տոտուն է:


«Գեղեցիկ զգեստները համարում եմ արվեստի գլուխգործոցներ: Կարող եմ հիանալ դրանցով ու նայել ժամերով: Բայց սեփական զգեստապահարանն ընտրելիս առաջնորդվում եմ հարմարավետության տեսանկյունից: Նորաձեւության թրենդներին չեմ հետեւում, ամսագրեր էլ կարդում եմ, երեւի, միայն վարսահարդարի մոտ: Իսկ հագուստ գնում եմ, քանի որ այն ինձ դուր է գալիս»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է Տոտուն:

Նշել է, որ գնումների գնալն իր համար իսկական տանջանք է, ամբողջությամբ դրանով տարվում է միայն այն դեպքում, երբ ոչինչ հագնելու չունի կամ էլ որեւէ բան պետք է ընտրի ֆիլմի պրեմիերայի համար:

«Գուցե, ֆրանսիական էլեգանտության ճիշտ օրինակ չեմ, բայց իմ կարծիքով, կարեւորն այն է, որ ձեր ոճը արտացոլի, թե ով եք դուք իրականում, ոչ թե ձեզնից սարքի ձեւափոխված տիկնիկ: Հենց դրա համար էլ երբեք չեմ աշխատել ոճաբանի հետ: Բոլոր հագուստները՝ անգամ ամենակարեւոր միջոցառումների համար, ինքս եմ ընտրում, որովհետեւ զգեստը հոգու հայելին է: Որոշ լուքերի համար ինձ խիստ քննադատության են ենթարկել, բայց ավելի լավ է ես սխալվեմ, քան կրեմ այն, ինչ գլխիս են կապել: Հենց սխալներն են մեզ իրական մարդ դարձնում»:


Բլեյք Լավլի

Բլեյք Լավլին արժանիորեն համարվում է ամենանորաձեւ ու նրբաճաշակ կանանցից մեկը: Իր բոլոր կերպարները սեփական ընտրության են՝ խիստ կոստյումներ, վառ ու զուսպ զգեստներ, նրա զգեստապահարանում ամեն ինչ կա:

Նորաձեւությունը դերասանուհին օգտագործում է ինքնաարտահայտման համար, ինչպես նրա մարմնավորած Սերենա Վան Դեր Վուդսենը «Բամբասկոտը» սերիալում: Լավլին մեկ անգամ չէ, որ նշել է հերոսուհու հետ միայն մեկ ընդհանրություն ունեն՝ սերը գեղեցիկ հագուստի նկատմամբ:

Նա WWD-ին պատմել է, որ պահում է նորաձեւության ցուցադրությունների ժամանակ իր հավանած կերպարները, ապա միանգամից աշխատում դիզայներների հետ, որոնց մեծ մասն իր ընկերներն են: Նրանք էլ օգնում են ոչ սովորական կերպարներ ստանալ:


«Սիրում եմ ինքս այդ ամենով զբաղվել: Նորաձեւությունն իմ թուլությունն է, հագուստներ ընտրելը շատ ստեղծագործական պրոցես է: Հենց նույն պատճառով էլ սիրում եմ ընկերներիս սանրվածք ու դիմահարդարում անել, կամ էլ պատրաստել խոհանոցում: Ամենուր կարող եք ստեղծագործող լինել»:

Իր ֆիլմի պրոմոտուրի ժամանակ Լավլին մեկ օրվա ընթացքում 7 անգամ զգեստափոխվել է, բայց ամեն հաջորդ կերպարը մյուսից վառ ու տպավորիչ է ստացվել: Նա շարունակում է ապացուցել, որ Հոլիվուդի ամենաոճային կանանցից մեկն է: Պատահական չէ, որ Met Gala-ն այս տարի հենց նրան է ընտրել որպես միջոցառման հաղորդավարներից մեկը: Բլեյքը կրկին հուսախաբ չի արել՝ ներկայանալով անկրկնելի տրանսֆորմեր զգեստով:


Սիենա Միլլեր

Անհնար է Սիենա Միլլերը ներկա լինի որեւէ միջոցառման ու աննկատ մնա: Դերասանուհուն «ամենավառ թիթեռնիկ» են անվանում ամենատարբեր միջավայրում: Նա միշտ կարողանում է նուրբ ճաշակի ու հագուստ ընտրելու կարողությամբ գրավել մարդկանց ուշադրությունը: Սակայն այդ ամենն անում է ինքնուրույն, ոչ մի մասնագետ ու ոճաբան չի օգնում նրան:

2006 թվականին Միլլերը թողարկել է ջինսե հագուստների սեփական բրենդը: Նա հաճախակի է հայտնվում ամենաոճային աստղերի ցուցակներում: Հատկապես casual ոճի սիրահար է, որում կարողանում է շատ տարբեր ու ռիսկային լուքեր ընտրել: Նրանց ընտանիքում ճաշակի հետ կապված խնդիրներ չկան՝ Սիենայի հարազատ քույրը՝ Սավաննա Միլլերը, դիզայներ է:


Թիլդա Սուինթոն

Թեեւ ոճաբանները պարզապես երազում են համագործակցել Թիլդա Սուինթոնի հետ, բայց նա իր ընտրությունն արդեն վաղուց է կայացրել: Դերասանուհին չի կարող պատկերացնել, թե ինչպես մեկ ուրիշը կարող է իր փոխարեն որոշել, թե ինչ պետք է կրի:  Չէ՞ որ կարող են սխալ ընտրություն կատարել ու չընդգծել նրա անհատականությունը:

Սուինթոնը թույլ չի տալիս որեւէ մեկն ազդի իր ոճի վրա ու երկար տարիներ բացառապես ինքն է կազմում զգեստապահարանը:

«Կարծում եք որեւէ մեկը կա՞ հյուրանոցային համարում, որպեսզի ձեր հագուստը հանի ճամպրուկից ու կախի: Ամեն ինչ ինքս եմ անում»,- ասել է նա:


Մարիոն Քոտիար

Ֆրանսուհիների ճաշակի մասին լեգենդներ են հյուսում: Քոտիարն ապացուցում է, որ դա բնավ էլ միֆ չէ, պարզապես բավական է նայել նրա լուքերին: Նա կարողանում է դասական հագուստը համադրել նորարարությունների հետ, անգամ ոճաբաններին են հիացնում այդ փորձարկումները:

Երբ նա Dior-ի դեսպանն էր, համագործակցում էր միայն դիզայներների հետ ու նրանցից վերցնում հագուստը, այդ փորձը հետագայում էլ կիրառեց:

Քոտիարն անհավանական լավ է հասկանում բարձր նորաձեւությունից, շարունակում է հարգել ու գովել մարդկանց, ովքեր ստեղծում են իր սիրելի հագուստները:

2021 թ. Կաննի կինոփառատոնում կրեց Chanel, որն ընտրել է կուտյուրի բացառիկ հավաքածուից: Նա Harper's Bazaar-ին ասել է. «Ինձ անչափ հուզել են այս զգեստի կարողների անհավանական էմոցիաներն ու ապրումները, կրելով այն՝ նաեւ նրանց եմ հարգանքի տուրք մատուցել»:


Օլիվիա Ման

Մանն իսկական ժամանակակից լեդի է, նա խենթանում է զգեստների ու կիսաշրջազգեստների, կոմբինեզոններից ու կոստյումների համար: Մանը ոճաբանների ծառայություններից չի օգտվում մի պարզ պատճառով.

«Եթե սխալվեմ որեւէ հագուստի հետ կապված, դա միայն ու միայն իմ պատճառով կլինի»:

2012 թ. People-ին դերասանուհին պատմել է, որ իր ընկերուհիներից մեկն աշխատում է Vogue-ում. «Նրան էի ուղարկում իմ հավանած զգեստների նկարներն ու հարցնում՝ արդյոք դրանք միասին լա՞վ են նայվում: Հիմա նա Սառա Ջեսիկա Փարկերի ոճաբանն է»:


Ամալ Քլունի

Մյուս գեղեցկուհին, որը բացառապես ինքն է որոշում իր զգեստները, Ամալ Քլունին է: Հայտնի փաստաբանը, որն արդեն երկար տարիներ է դերասան Ջորջ Քլունիի կինն է, հաճախ է հայտնվում հանրային միջոցառումների ու պրեմիերաների ժամանակ:

Ամալը միշտ գտնում է տարբերակ մարդկանց շլացնելու իր ընտրած հագուստով, երկար ու գեղեցիկ մազերով եւ անզուգական ժպիտով: Անգամ դասախոսությունների գնալիս՝ գտնում է առանձնանալու ձեւը:

Քլունին հատկապես սիրում է կրել վինտաժե զգեստներ, նախապատվությունը տալիս է նաեւ շատ վառ գույներին ու կոստյումներին:


Դիանա Քրյուգեր

Գերմանացի դերասանուհին նույնքան հմայիչ ու ոճային է կարմիր գորգին ու առօրյա կյանքում: Նա աշխատել է ոճաբանների հետ, սակայն վերջնականապես որոշել է հրաժարվել նրանց ծառայություններից, քանի որ ոչ մեկը չէր կարողանում ընդգծել իր ոճը:

«Նախընտրում եմ ամեն ինչ ինքս անել: Կարմիր գորգերի համար դիզայներներից եմ հագուստ վերցնում, քանի որ այդկերպ ավելի հեշտ է: Վերադարձնում ես զգեստներն ու պարտավոր չեմ ամեն անգամ գնել»:

Հիշել է, որ սկզբում զարմացած է դիտել իր լուսանկարները, երբ իր համար ուրիշներն են հագուստ ընտրել. «Մտածում էի՝ Աստված իմ, ասես ես չլինեմ, սկսել էի նմանվել բոլորին: Դրա համար էլ որոշեցի ինքս զբաղվել իմ հագուստներով»:

Հեղինեի դերակատարուհին գիտի, ինչ կրել ու արտակարգ տեսք ունենալ:


Դայան Կիտոն

76-ամյա դերասանուհին արդեն երկար տարիներ է հստակ ու տարբերվող ոճ ունի, իսկ դրանում նա պարտական է միմիայն իրեն: Նա սիրում է համադրել հակասական իրեր:
«Սիրում եմ հագուստներ ընտրել ու կազմել իմ զգեստապահարանը»,- ասել է նա:

Կիտոնը միշտ է ոճային դեմք եղել, 1977 թվականին նրա մարմնավորած Էնի Հոլլի կերպարից հետո շատերն են սկսել տղամարդկանց ժիլետներ կրել, փողկապներ ու կանթերով տաբատներ: Իսկ սոցկայքերի առկայության պայմաններում նաեւ ոճային բլոգեր է դարձել:  

Կիտոնը նորաձեւ է եղել միշտ, նա հատկապես թուլություն ունի գլխարկների նկատմամբ ու մեծ հավաքածու է տարիների ընթացքում ձեռք բերել, խաչերի տեսքով կախիչների ու զիվորական կոշիկների:


Քեյթ Մոս

Մոսն ու նորաձեւությունն անբաժանելի են, չնայած դրան, սուպերմոդելը երբեք չի օգտվել ոճաբանի ծառայություններից: Սեփական փորձն ու ճաշակը նրան թույլ են տալիս կազմել հիանալի երեկոյան, ամենօրյա ու համարձակ լուքեր:

«Նրան կարելի է հետեւել անսահման, նա բնական է ու անկրկնելի»,- մեկ անգամ չէ, որ Մոսի մասին ասել են մասնագետները: Իսկ այդ անկրկնելիությանը հասել է բացառապես իրեն ու սեփական նախասիրություններն իմանալու շնորհիվ:

Նրա անփոխարինելի հագուստը ջինսն է, հենց նրա շնորհիվ է մեր զգեստապահարանում հայտնվել նեղ ջինսե տաբատի ու սրածայր բարձրակրունկ կոշիկի համադրությունը:


Որքան էլ Մոսը համարձակ կերպարների սիրահար է, միեւնույն է սեփական ոճը հիմնականում կազմված է սեւ ու մոխրագույն երանգներից: «Եթե գտել եք որեւէ բան, ինչը հավանում եք ու սազում է ձեզ, հավատարիմ մնացեք դրան»,- գտնում է նա:

Սիրում է անհավանական փորձարկումներ անել՝ համադրելով ջինսն ու վիկտորիանական ոճի թիկնոցները, կոկտեյլային զգեստն ու փանկ կոշիկները, անհավանական պրինտով մուշտակն ու լայն կիսաշրջազգեստը: Ամեն դեպքում նա հավատարիմ է մնում իր ներքին խառնվածքին ու տրամադրությանը:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW