×


Լուսանկարը՝ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան

Շիրազի թանգարանը՝ ներսից. Պատգամը, Սարոյանի հետ միջադեպը եւ Արարատ բարձրանալու ձեռնափայտը

Թեեւ Հովհաննես Շիրազը չի հասցրել ապրել իր անվան տուն-թանգարանում, սակայն ամեն ինչ այնտեղ լցված է նրանով՝ պոեզիայով, հայրենասիրությամբ, ոգով ու Հայաստանի նկատմամբ անսահման սիրով։

BRAVO.am-ի «Ներսից» շարքի համար շրջել ենք Գյումրիում գտնվող բանաստեղծի տան սենյակներով ու նրա մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ լսել: Դրանում մեզ օգնել է տուն-թանգարանի ֆոնդապահ Կարինե Գաբրիելյանը:

Բանաստեղծի սենյակը

Այցը սկսում ենք Շիրազի սենյակից, որտեղ նրա իրերն են՝ միայն գրասեղանի վրայի ծածկն է փոխվել։ Կանաչն անփոփոխ են պահել, քանի որ այն բանաստեղծի սիրելի գույնն էր՝ խորհրդանշում է բնության զարթոնքն ու կյանքի սկիզբը։

Նրա սեղանին միշտ դրված է եղել Լեոյի «Հայոց պատմություն»-ը եւ Նարեկացու «Մատյան ողբերգությանը»։ Ամեն էջում փակցրել է երեխաների նկարները, որպեսզի «Նարեկ»-ի զորությունը նրանց պահապան լինի ու հեռու պահի հիվանդություններից եւ փորձանքներից:


«Շիրազն ասել է, որ Նարեկացին ու Աստված հավասար են, տարբերությունը միայն այն է, որ Աստծուն գլխից վերեւ ենք պահում, իսկ «Նարեկը»՝ բարձի տակ: Սեղանին դրված է նաեւ ատամնաբույժներին նվիրված գործ, որը մահվանից տարիներ անց է տպագրվել։ Այն կոչ է ատամնաբույժներին.

«Ձեզ մոտ կգան սերունդները,
Լավ ստուգեք բերանները,
Այն հայերը, որ չեն խոսում
Հայոց լեզվով` ճիշտ եմ ասում`
Դավաճան են,
Ով էլ լինեն,
Ով էլ լինեն
Դավաճան են,
Փթած ատամ էլ մի ջոկեք`
Ատամի տեղ լեզուն պոկեք»:

Շիրազն ասել է՝ բերանումդ ինչքան ատամ ունես, այնքան օտար լեզու կարող ես իմանալ, բայց պարտավոր ես մայրենիով խոսել: Օտար լեզվով խոսելը սպիտակ ջարդ է համարել»։

Սենյակի պատին փակցված կարպետը 1902 թվականի ձեռքի աշխատանք է ու կոչվում է «Մայր Հայաստան», որի վրա նշված են հայերից խլված գավառները, իսկ կինը խորհրդանշում է հայրենիքը՝ թխսկան հավը նստել է ու բոլոր ձագերին իր շուրջը հավաքել:


Բանաստեղծը հայ ու արտասահմանցի հեղինակների կարդալ շատ է սիրել, ու պահարանում հենց իր գրքերն են, որոնց միայն մի մասն է պահպանվել։ Շիրազն ինքն թարգմանած շատ գործեր ունի:

«Ազատ ժամանակ շատ է կարդացել, Մասիս որդին պատմել է, որ ամեն երեկո հեքիաթի փոխարեն հայրը նրանց համար հայոց պատմություն է կարդացել: Դրա համար էլ ողջ պատմությունն անգիր գիտեին՝ առանց որեւէ կարեւոր փաստ բաց թողնելու»։

Ընտանիքն ու սիրտը

Սենյակի  մի հատվածում ընտանեկան լուսանկարներն են, պատկերված է առաջին կինը՝ Սիլվա Կապուտիկյանն ու նրանց որդին՝  նկարիչ եւ քանդակագործ Արա Շիրազը, որը մահացել է 2014-ին։

Նրանց կողքին բանաստեղծի 2-րդ կինն է՝ Շուշանիկ Արիստակեսյանը, որի հետ 7 երեխա են ունեցել ու բոլորին էլ հայկական քաղաքների կամ սարերի անուններ տվել: Միայն մեկ որդուն հոր պատվին Թադեւոս է կնքել, բայց քանի որ անունը հայկական ծագում չունի՝ գրանցել է Հայկ-Թադեւոս:

Կողքին Շիրազի «Կտակ» ստեղծագործությունն է, որում դիմել է որդուն եւ, քանի որ ուրիշ գանձ չի ունեցել կտակելու, փոխարենը որպես հայր իր երազանքն է թողել։


«Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան»։

«Դրա համար էլ մահից հետո որդին թույլ չի տվել հոր սիրտը մարմնի հետ թաղել, 2006 թվականին 4 երիտասարդ բարձրացել են Արարատի գագաթն ու ձյուների մեջ թաղել Շիրազի սիրտը, այնտեղից մի բուռ հող բերել եւ Երեւանում Կոմիտասի անվան Պանթեոնում շաղ տվել Շիրազի գերեզմանին: Ի դեպ, այն տարբերվում է մյուս գերեզմաններից, քանի որ վրան տապանաքար չկա: Որդուն՝  Արային, ասել է. «Գիդես, չէ՞, օր մեռա՝ վրես քար չես քցե, օր հայրենիքիս արեւի շողերը, անձրեւի կաթիլները միշտ զգամ: 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պտի էղնի: Էհ, մերն օր էղավ, ժողովուրդը պդի բղավե, օր մերն է: Քարը օր դնես, ձենն ակնջիս չի հասնի...»:


Մնում է հուսալ, որ նրա ցանկությունը մի օր իրականություն կդառնա՝ Շիրազը կլսի ու կերջանկանա այդ բղավոցներից։

«Էքսպրոմտ»

Շիրազի առանձին գործերին անդրադառնում ենք ոչ միայն այն պատճառով, որ թանգարանում իրենց ուրույն տեղ ունեն, այլ որովհետեւ, նախ եւ առաջ, դրանք պատգամ են մեզ՝ հետագա սերունդներին:

Դրանից մեկն էլ հայտնի «Էքսպրոմտ»-ն է, միայն Շիրազի պես իսկական հայրենասերը կարող էր նման խորն ասելիքով 6 տողանոց պոեմ ստեղծել: Այն կարմիր կավիճով իր տան պատին է գրել, հետո՝ արտագրել թղթի վրա եւ ցույց տվել Ավետիք Իսահակյանին, վերջինս էլ ավելացրել է պոեմ գրությունը. «Հայ ազգի ամենափոքր պոեմն է, բայց այս փոքրությամբ այնքան ծավալուն, այնքան բովանդակալից է: Եթե ամբողջ կյանքում Շիրազը ոչինչ էլ չստեղծագործեր, միայն այս մեկով կընդգրկվեր համաշխարհային գրականության մեջ, որովհետեւ համահունչ է բոլոր ժամանակների հայ կերպարին»:

Թանգարանի տան պատին էլ գրված են այս տողերը։

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,  
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ»։


Թանգարանի ստեղծումը

1983 թ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում գրողների համաժողով է եղել, որին ներկա է եղել նաեւ Շիրազը։ Տեսնելով, թե ինչպես են Իսահակյանին մեծարում ու գովասանքի խոսքեր հնչեցնում, ասել է. «Տեսնիս ես օր մեռա, ինձի կհիշե՞ն, կմեծարե՞ն»:

«Քաղկոմի քարտուղար Նառա Հարությունյանը խոստացել է տուն նվիրել, որտեղ Շիրազը կապրի, իսկ նրա մահից հետո տուն-թանգարանի կվերածվի։ Շրջել են քաղաքում ու Շիրազն այս տունն է ընտրել, որը Իսահակյանի թանգարանի հարեւանությամբ է գտնվում։ «Մեծ Վարպետի՝ Ավոյի տուն էկողը, իմ տուն էլ գուկա»,-ասել է։ Ապա Շիրազը հիշել է, որ մանկության տարիներին այս տան դիմացի հաստաբուն ծառի տակ ջուր է վաճառել»:

1983 թ. տունը նվիրել են Շիրազին, իսկ մի քանի ամիս անց՝ 1984-ի գարնանը նա մահացել է՝ ոչ մի օր չհասցնելով ապրել այնտեղ, դրա համար էլ այն համարվում է  հուշատուն-թանգարան:


«Փոքր տարիքում «Ջուր եմ ծախում, սառը ջուր» երգը շուրթերին է գումար վաստակել: Շատ հաճախ մարդիկ ջուրը խմել են ու տղային ոչինչ չեն վճարել: Մեծ տարիքում սովորություն է ունեցել քաղաքում քայլելու: Հերթական զբոսանքի ժամանակ կորացած մեջքով ու ձեռնափայտով մի պապիկ մոտեցել է Շիրազին ու հարցրել. «Դո՞ւ ես Շիրազը», ինչին հպարտությամբ, որ այդ տարեց մարդն իրեն ճանաչում է, պատասխանել է. «Այո, ես Շիրազն եմ»: «Դե, որ Շիրազն ես, քեզ փող եմ պարտք»: Պարզվել է, որ տարիներ առաջ տղայից ջուրն առել է ու գլխարկը քաշել նրա աչքերին՝ առանց գումար վճարելու։ «Հիմա իմացել եմ, որ մեծ մարդ ես դարձել, ու խիղճս կտանջե, որ երբեք չեմ օգնել: Վերցրու այս կոպեկը, որ հոգիս Աստծուն հանգիստ կարողանամ տալ»,- ասել է նա»։ 10 ռուբլիանոց է տվել պապիկին. «Հայրիկ, մի շիշ օղի կգնես ու հաջողությանս կենացը կխմես», իսկ ինքը բոլորին ցույց է տվել ու պատմել, որ գտել է իր մանկության աշխատավարձը»:

«Մայրս բարի, մայրս խեղճ…»

Մայրը Շիրազի պաշտամունքն է եղել, նրա հետ անասելի կապերով է միացած եղել ու մահը չափազանց ծանր տարել։ Մահից հետո գլխաշորը թույլ չի տվել լվանալ, որ նրա հոտը չանցնի։ Ինչպես նաեւ մոր մահից հետո նրա սենյակը 3 տարի փակ է պահել, որպեսզի մատնահետքերը մնան:

«Կառավարական կազմը գնացել է Շիրազին ցավակցելու, վարորդին վերեւ են ուղարկել, որպեսզի նախազգուշացնի, եթե տանը որեւէ հակասովետական նկար կա, հեռացնի։ Բանաստեղծն ունեցել է Անդրանիկի հասակով մեկ լուսանկարն ու Եղեռնին վերաբերվող կադրեր: Դուրս է եկել պատշգամբ ու բղավել. «Պատին փակցված իմ մեկ նկարը ամբողջ ձեր կազմն արժե, նույնիսկ մուտքը կարող եք չանցնել»:


Սենյակում փակցված բանաստեղծի դիմանկարն արել է Մարտիրոս Սարյանը, բայց սարերը չի նկարել, այդ ժամանակ Շիրազը գրասեղանից վերցրել է մատիտը, ուրվագծել ու ասել. «Լույսն ու ստվերը դու կուդաս, ես միայն Մասիսներով կնկարվիմ»։ Աշխատանքի ավարտուն տարբերակը շատ է հավանել ու հակառակ կողմում գրել. «Կանգնեմ քարին, նայեմ Արարատին, չկշտանամ, մինչեւ դառնամ հող, քարը վրաս՝ նայեմ Արարատին, չկշտանամ»։

Անձնական իրերը

Թանգարանում շատ են Շիրազի անձնական իրերը՝ շքանշաններ, փաստաթղթեր, գրողների միության անդամակցության տոմս, դիպլոմ…Ձեռնափայտը նվիրել են աֆրիկահայերը, այն սրածայր է, որպեսզի Մասիս բարձրանալու դեպքում հենակ ծառայի, բայց առողջական վիճակն այդպես էլ թույլ չի տվել անել այդ ճանապարհորդությունը։

Քարը Վանա լճից է՝ մի վանուհու նվեր է, Շիրազն ամեն առավոտ արթնանալուց հետո այն հանել է պահարանից, համբուրել, հոտ քաշել ու դրել տեղը, ինչից հետո նոր միայն անցել է օրվա անցուդարձին։ Քարի պես սրբություն է համարել նաեւ մոր սանրը։ Անձնական իրերից առանձնանում են նաեւ թուղթ կտրելու համար սրածայր դանակը բաժակը, երեկույթների ժամանակ ստացած նվերներն ու կնոջ մայրության շքանշանը։


Առանձնակի հիշատակման է արժանի Վիլյամ Սարոյանի հետ ծանոթությունը:

«Երկու մեծերին ծանոթացրել են ու միասին տարել Գառնի եւ Գեղարդ։ Ճանապարհին Սարոյանը մեքենան կանգնեցրել է, իջել ու հայկական բնաշխարհով զմայլվել, զգացել է, որ խոսելիս ձայնն արձագանքում է, երեխայի պես բացականչել է. «Աաա, իիի…», Շիրազն ասել է. «Ըսիգ ինձի պես խելառ է»։

Սարոյանին բացատրել են, որ այդ բառը խենթ է նշանակում: Բոլորը մտածել են՝ կնեղանա, որ հայրենիքում նրան այդպես են դիմել։ Հետդարձի ճանապարհին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար.

«Աշխարհում ինչքան մեծեր կան, ինձ նրանց հետ համեմատեցիք, ինչ գովասանքի խոսքեր կար, բոլորիցդ լսեցի, բայց ամենաճիշտ բնութագիրը ասիգա մարդը տվեց»։

Գաբրիելյանը պատմում է, երբ 1973 թվականին Երվանդ Քոչարն ավարտել է Վարդան Մամիկոնյանի հուշարձանը, Շիրազն ուրախ-ուրախ զանգել է նրան. «Գիտեմ, թե որտեղ կարող ենք կանգնեցնել՝ Օպերայի տարածքում»։

Քոչարը համարել է, որ Օպերան ու Մամիկոնյանը անհամատեղելի են, եւ ուրիշ տարածք է պետք մտածել։ Շիրազը պատասխանել է. «Կգա հայի համար այն օրը, որ Ղարաբաղի մասին բանաստեղծությանս տողի նման հայի խիղճը կարթնանա, բռունցքները վեր կպարզի, Ղարաբաղն էլ տուն կուզի, եւ դա կլինի Օպերայի տարածքում»:


«Հայոց Դանթեական»-ն ու Անին

Թանգարանում իր ուրույն տեղն ունի «Հայոց Դանթեական»-ը, որը բանաստեղծը գրել ու վերամշակել է մոտ չորս տասնամյակ։ Թանգարանում են գրքի հին ու նոր տպագրություններ, ձայներիզներ, ասմունքի ժամանակ արված նկարներ։

70-ականներին գրքի հետ կապված մի հետաքրքիր դեպք է պատահել, փողոցում հանդիպել են Շիրազն ու Մհեր Մկրտչյանը, եւ խոսակցությունը հասել է «Դանթեականին»։
«Ֆրունզը խոսքի մեջ ասել է. «Գիտե՞ս, Շիրազ, ես կկասկածեմ՝ դու ըսքանը գրած չես էղնի»: Շիրազն իր բնավորության համաձայն զայրացել է, փոթորկվել ու դերասանի օձիքից բռնած թափ տվել. «Ի՞նչ կըսես, այ տղա, ես եմ գրել»։  

«Շիրազ ջան, մի ջղանյացի գիտես ինչի՞ համար կըսեմ, էսքանը օր գրած էղնեիր, պտի խելըռած էղնեիր»:

«Թե ըդօր համար կըսես, խելըռել, նոր եմ գրել»։

Այդպես էլ իրար վերջապես հասկացել են մեծ դերասանն ու բանաստեղծը։

2021-ին թանգարանը թվայնացրել է «Դանթեականի» ամբողջական տարբերակն ու արել գրքի շնորհանդեսը։

Հովհաննես Շիրազին է պատկանում նաեւ «Անի» պոեմը, որն ամբողջությամբ տպագրվել է 2011-ին։ Տարիների ընթացքում գործից մի քանի քառատող գեղեցիկ երգ է դարձել:

«Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթեւ,
 Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ...»:


«Շիրազին խորհուրդ են տվել անընդհատ նույնը կրկնելու փոխարեն, գնալ սահմանի մոտ, սահմանապահին մի քանի ռուբլի տալ ու մեծ հեռադիտակով ինչպես ափի մեջ տեսնել Անին։ Պատասխանն է եղել, որ գումար ունի եւ ճանապարհը գիտի, վախենում է չկարողանա իրեն զսպել եւ սահմանը անցնի, հիմա էլ դրա համար պատժվի»։

Երեխաների աշխատանքները

Առանձին սրահում պահվում են Շիրազի երեխաների աշխատանքներն ու թանգարանի ստացած նվերները։ Դրանից մեկն էլ Էդուարդ Արծրունյանի «Անի» գործն է, որում Շիրազն իր երեխաների հետ ճանապարհորդում է դեպի Անի:

Կա նաեւ Սերգեյ Փարաջանովի կոլաժը. «Ծովից ծով Հայաստանից մի բուռ ենք մնացել, համարյա այս կտորի չափ: Հայի թափված արյունն է, նրա անցած զիգզած ճանապարհը՝ վերելքներով ու վայրէջքներով, բայց դրանց ընթացքում էլ է հայը ոսկեթել երազներ հյուսել, կանաչ ճանապարհ ենք հարթել, երբեք չենք կորցրել, չենք ոչնչացվել, խառնվել այլ ազգերի հետ, որովհետեւ ունենք հավատ եւ գրականություն: Փետուրը մեր գիրն է»։

Շիրազն ասել է, որ 36 պահապան զինվոր ունենք, որը մեզ միշտ հայ կպահի՝ նկատի ունենալով տառերը։

Աշխատանքներից մեկը Սիփան Շիրազինն է, որը քանդակել է 14 տարեկանում, հայրն այն առաջին անգամ անհատական ցուցահանդեսի ժամանակ է տեսել ու անակնկալի եկել, միանգամից գլխարկը հանել ու դրել քանդակի վրա՝ ասելով. «Բարեւ, Շիրազ, գործերդ ի՞նչըխ են»: Որդին ուրախացել է հոր անկեղծ արձագանքից:


Դիմացի սրահում հիմնականում Արա Շիրազի քանդակներն են, պահարանում էլ Շիրազի իրերն ու երեկույթների ժամանակ ստացած նվերների մի փոքր մասն է։

Հրաբուխ բանաստեղծը

Թանգարանն այցելուներ շատ է ունենում, գալիս են հիմնականում Երեւանից ու մարզերից։ Ամենաակտիվ եռուզեռն ամռանն է լինում ու հատկապես՝ հանգստյան օրերին։

«Գյումրվա կոլորիտն է զգացվում, շենքի կառույցը բավական հին է՝ 1868 թ-ի, նրա ճարտարապետական տեսքը, լուսամուտների ու հին դռների պահպանված ձեւը գրավում է մարդկանց»։

Իսկ վերջում՝ որպես արդեն ավանդույթ դարձած հարցն եմ տալիս ինձ ուղեկցողներին,  թե իրենք ո՞ր գործն են ամենաշատը սիրում։ Գաբրիելյանի համար ամենահարազատը մոր մասին բանաստեղծություններն են, բայց դպրոցական տարիներից շատ է սիրում «Էքսպրոմտ»-ն ու «Բիբլիական»-ը եւ մի հետաքրքիր դեպք է հիշում.

«Չեմ կարծում, որ Շիրազի նման 2-րդ հանճարը կլինի՝ այդքան հայրենասեր ու լավի հանդեպ հավատ ունեցող։ Բառաստեղծ եւ հրաբուխ բանաստեղծ էր:

Մի տեղ նստած են եղել՝ համարյա բոլորը գինովցած, մի նախանձ ու միջակ գրող կենաց է ասել. «Որպես  ստեղծագործող հանճարեղ ես, թե այս դարում, թե հետագա դարերում քեզ հավասար երբեք չի լինի, բայց որպես մարդ կեղտ ես»։ Շիրազը տեղից հանգիստ բարձրացել է, կենացի համար շնորհակալություն հայտնել ու ավելացրել.  

«Առաջինը շադերի մոդ ու շուդ-շուդ ըսա, իսկ երկրորդը՝ կպահես բերանդ, համը չմոռնաս»։


Այդպես էլ բակում ավարտում ենք մեր զրույցը՝ շրջապատված վարդերով լի այգով, որոնք կարծես դեմ են բնության օրենքներին ու այստեղ ծաղկում են կլոր տարին։ Կարինե Գաբրիելյանն այսպես է բացատրում. «Վարդերը մեր թանգարանում շատ են, որովհետեւ Շիրազը Պարսկաստանի նույնանուն քաղաքի վարդի յուղի հայրենիքի անվանումն է, թանգարանի բակն էլ մի փոքր վարդաստան է»։

Բակում վեր է խոյացած Արա Շիրազի քանդակը, որը տեղադրվել է 2003 թվականին: Բանաստեղծի եւս մեկ արձան, որը եւս Արա Շիրազի ձեռքի գործն է, գտնվում է Գյումրու թատերական հրապարակում, այնտեղ է նրա եւս մեկ հանճարեղ աշխատանք՝ Մհեր Մկրտչյանինը։

Լուսանկարները եւ տեքստը՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW