×


Ռուսական Little Big խմբի երեւանյան համերգը չեղարկվել է

Օգոստոսի 12-ին Երեւանում նախատեսված ռուսական Little Big խմբի համերգը չեղարկվել է:

Խումբը հանդես է եկել հայտարարությամբ ու նշել պատճառները:

«Ցավով տեղեկացնում ենք, որ Երեւանում նախատեսված համերգը չեղարկվել է մեր անվտանգությանը սպառնալիքների պատճառով։ Կազմակերպիչները չեն կարող երաշխավորել, որ միջոցառումը կանցնի առանց միջադեպերի, դրա համար էլ համատեղ որոշել ենք համերգը չեղարկել: Ցավում ենք տեղի ունեցածի համար եւ հայցում բոլորիդ ներողամտությունը: Տոմսերի համար վճարած գումարը 14 օրվա ընթացքում ավտոմատ կերպով կվերադարձվի ձեր քարտերին: Իսկապես գնահատում ենք ձեր աջակցությունը եւ հույս ունենք, որ հասկանում եք մեզ»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր դեմ էին, որ երեւանյան համերգը կայանա՝ պատճառաբանելով դա խմբի կողմից կրոնական եւ ազգային արժեքների ոտնահարմամբ: Հայաստանի 1257 քաղաքացի գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել:


«Արցախի շրջափակման իրավիճակում այս հարցը կարող է շատ փոքր թվալ, բայց դա միայն առաջին հայացքից է: Ազգային արժեքների դեմ հարձակումը բոլոր կողմերից է:

Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ, դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները եւ վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:

Այս առիթով ձևավորված հանրային վրդովմունքը լրիվ տեղին է ու հասկանալի: Բոլորն էլ գիտակցում են, որ Հայաստանը քրիստոնեության եւ ազգային արժեքների պահպանության օրրանն է ու այն պետք է զերծ պահել անբարոյականության, թմրանյութերի օգտագործման, պղծության տարածման մշակույթը կրողներից»,- նշված էր փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Little Big խումբը հիմնադրվել է 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում:

Գագիկ Մինասյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW