Հասմիկ Սողոմոնյանը մանկուց է սիրում զբաղվել ձեռագործությամբ ու իր սեփական աշխարհն է ստեղծել՝ լցված արվեստով եւ գեղեցկությամբ: Նա երկար ու դժվար ճանապարհ է անցել, մինչեւ կարողացել է իր բրենդը հիմնել եւ հաճախորդներ ունենալ: Դիլիջան տեղափոխությունը լրիվ նոր էջ է բացել դիզայների կյանքում՝ օգնել նորովի բացահայտել իրեն ու աշխատանքը: Վերջին մեկ տարվա ընթացքում էլ սկսել է հետաքրքրվել արհեստական բանականության միջոցով զարդեր ու հագուստներ ստեղծելու արվեստով:
- Հասմիկ, արդեն երկար ժամանակ է զբաղվում եք զարդերի ու աքսեսուարների արտադրությամբ, ինչպե՞ս է առաջացել այդ ամենի նկատմամբ սերը:
- Դեռ դպրոցական տարիքից եմ զբաղվել տարբեր ձեռագործներով, տիկնիկներ եմ պատրաստել, իկեբանաներ, զարդեր: Ուսանողական տարիներին ինձ ու քրոջս համար զգեստներ էի կարում, որովհետեւ մեր ուզածը Երեւանում հնարավոր չէր գտնել։ Կտոր էի գնում ու վրան նկարում, միշտ ձգտել եմ տարբերվող ոճ ունենալ, նույնիսկ կոշիկներ էի կարում: Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում ու դիպլոմայինս հենց աքսեսուարներ եմ հանձնել՝ կոշիկներ ու պայուսակներ։ Այն տարիներին նյութեր գտնելը շատ դժվար էր, բայց դժվարությունները քեզ անընդհատ մղում էին եղածով լավ բաներ ստեղծել: Փորձում էի գործերս տարբեր տեղերում վաճառել, Վերնիսաժ ու հուշանվերների խանութներ էի տանում, շատ դժվար էին վերցնում եւ հաճախակի մերժում։
Հասմիկ Սողոմոնյանը
- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ՝ չէ՞ին հավանում, թե որպես սկսնակ դեռ չէին վստահում Ձեզ:
- Քամահրանքով էին վերաբերվում կամ անգամ չէին նայում զարդերին, բայց ասում էին, որ իրենց պետք չէ։ Բայց որոշ ժամանակ անցավ ու ֆեյսբուքյան էջի շնորհիվ մեծ հաջողություններ ունեցա: Զանգում էին ու առաջարկում վաճառել, բայց էլ իրենց կարիքը չունեի, իմ հարթակն արդեն կար:
- Ի՞նչ նյութերով եք հիմնականում աշխատել ու գտել Ձեզ հոգեհարազատը:
- Շատ տարբեր նյութերով, երեւի չկան այնպիսիք, որոնք չեմ փորձարկել, ինձ միշտ հետաքրքրում է նոր բանի հետ աշխատել: Բայց տեղափոխվեցինք Դիլիջան ու այնտեղ որոշ ժամանակ շատ դժվար էր, որովհետեւ բոլոր հաճախորդներիս կորցրի ու պետք էր զրոյից սկսել: Նախ դասավանդեցի «Հենդմեյդ» կենտրոնում, որի ղեկավարն եմ հիմա, ու իմ գիտելիքներով կիսվեցի կանանց հետ: Շատ լավ ծրագիր է, որի նպատակն է օգնել համայնքում ապրող կանանց, որպեսզի գիտելիքներ ձեռք բերեն։ Զուգահեռ սկսեցի մետաղից զարդեր ստանալ, միշտ եմ մտածել արծաթագործ դառնալու մասին, բայց ոչ մեկ չէր ցանկանում իր իմացածը փոխանցել: Ինքս հանգիստ կիսվում եմ ու ոչ մի գիտելիք չեմ թաքցնում, քանի որ ամեն մեկն իր ձեռագիրն ունի։ Պետք է բավական հասուն լինել, որ պատրաստ լինես տալ։
- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ 2014 թվականին հայտնվեցիք Դիլիջանում։ Որքան գիտեմ, մեկ տարբերակ էլ ունեիք՝ հեռանալ Հայաստանից:
- Պետք է ընտանիքով մեկնեինք Կանադա, նորաստեղծ ընտանիք էինք ու Երեւանում շատ դժվար էր ապրել, տուն ու կամ որեւէ այլ բան չունեինք: Ինքս Դիլիջանից եմ ու ծնողներս այնտեղ էին ապրում, որոշեցինք պարզապես գնալ հանգստանալու եւ իմացանք, որ «ԱՅԲ» դպրոցն իր մասնաճյուղն է բացում, թեեւ հույս չունեինք, որ մեր տղան կընդունվի, քանի որ մրցակցությունը շատ մեծ էր, բայց դիմեցինք:
Մեր ընտանիքում որակյալ կրթությունը շատ ենք կարեւորում, ընդունելությունը 3 փուլից է բաղկացած, որոնցից երկուսն անցում է երեխան, իսկ վերջինը՝ ծնողները։ Առաջին հարցը, որ մեզ տվեցին, թե ինչու ենք ուզում Դիլիջանում ապրել: Պատմեցինք, որ նպատակ ունենք հիմնել հուշանվերների արտադրություն ու հենց մարզում ձեռարվեստով զբաղվել: Մեզ հավատացին, տղաս ընդունվեց, ինքներս էլ ամեն ինչ արեցինք մեր պլանները կյանքի կոչելու համար։ Երբ նոր էինք եկել, միայն մեկ ամսվա տան վարձի գումարն ունեինք, հետագայում դիմեցինք ՓՄՁ աջակցության ծրագրին ու լազերային հաստոց վերցրինք, ամուսինս հիմնեց իր «Մի կաշի» բրենդը եւ բացեցինք մեր հուշանվերների խանութը։
- Ինչպիսի՞ն էր նոր գործ սկսելու ու լրիվ անծանոթ միջավայրում աշխատելու սկզբնական փուլը:
- Շատ դժվար էր, անգամ խորը դեպրեսիա ունեի, որովհետեւ իմ ստեղծած ամեն ինչից հրաժարվել էի: Այստեղ տուն կառուցեցինք ու ամեն ինչ հաղթահարեցինք, եթե մնայի Երեւանում, հաստատ չէի լինի այն, ինչ հիմա եմ: Դիլիջանն ինձ թույլ տվեց հնարավորինս ինքնաարտահայտվել, հիմա է քաղաքը ծաղկման շրջանում է, բայց այն ժամանակ մեռած էր, երեկոյան ժամը 6-ից հետո դրսում մարդ չէիք տեսնի: Սեփական ոտքերի վրա ամուր կանգնելը որոշակի ժամանակ է պահանջում, թվում էր՝ չենք հաղթահարի, բայց իրար աջակցելով՝ երկուսս էլ հասունացանք։ Ամուսինս էլ դիզայներ է, ամեն մեկս իր ուղին ունի, իրար չենք խանգարում կամ նախանձում, զուգահեռ ենք քայլում:
- Խոսենք արհեստական բանականության միջոցով Ձեր ստեղծած գործերից, ինչո՞ւ որոշեցիք այդ նոր ուղղության մեջ փորձել ուժերը:
- Հաճախ եմ ուսումնասիրում, թե աշխարհում ինչ նոր միտումներ կան, այլապես հետ կմնամ։ Երբ արհեստական բանականության մասին սկսեցին առավել շատ խոսել բացասական առումով, ցանկացա ինքս հասկանալ, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Կայքն աշխատեցնելու հմտություններ չունեի ու տղայիս խնդրեցի ինձ օգնել: Հենց նա էլ գրանցեց ինձ ու ցույց տվեց աշխատելու ձեւը, ապա համացանցով դասընթացներ նայեցի, առաջին մի քանի փորձը շատ անհաջող էին՝ նույնիսկ հիասթափվեցի։ Սկսել եմ օգտագործել իմ «Հելգա» բրենդի համար, որն արդեն Դիլիջանին նվիրված իր ձեռագիրն ուներ՝ մեկ ճյուղ, մարգարիտ ու տերեւ։ Նկարագրություն գրելն արվեստ եմ համարում, որովհետեւ քո ուղեղում պատկերացնում ես, թե ծրագրից ինչ ես ուզում, ոչ թե տվածն ես ընդունում։ Սկզբնական տարբերակներն ավելի վատն էին, քան իմ իրական գործերը, բայց կամաց-կամաց կարողացա ստանալ իմ փնտրածը: Երբ համացանցում տեղադրեցի, շատերը չէին տարբերում իմ գործերից։ Նախ ինքս չեմ թաքցնում, որ արհեստական բանականության միջոցով եմ ստացել, բացի այդ էլ նկարներն էին ոչ սովորական:
- Իսկ ինչպիսի՞ն էին արձագանքներն ու վերաբերմունքը գործերին:
- Մինչեւ հիմա էլ մարդկանց համար դժվար է հասկանալ: Բացատրում եմ, որ արհեստական բանականությունը պարզապես գործիք է, ինչպես եւ Ֆեյսբուքը, որը բոլորս օգտագործում ենք, ու դրա մասին կարելի է եւ դրական, եւ բացասական կարծիքներ ունենալ: Սարսափելի բաներ էին գրում, որ իմ եսը կկորցնեմ, բայց չէ՞ որ ես եմ նրան կառավարում: Այ, երբ բանականությունն առանց մարդու սկսի արարել, կարելի է վախենալ: Փոքր ժամանակից ուզել եմ մոդելավորող դառնալ, բայց, քանի որ մեզ մոտ այդ ոլորտում կայանալու դժվարությունները բավական շատ են, մոռացել էի այդ երազանքիս մասին, իսկ հիմա կարողանում եմ կյանքի կոչել: Մեծ արագությամբ ստանում եմ հայկական ասեղնագործ վուշի կտոր, ամիսներ պետք կլինեին, որ նույն արդյունքը լիներ: Բացի այդ էլ, հաշվի առնելով, որ 2 տեղ եմ աշխատում ու ընտանիք ունեմ, հաստատ չէի կարողանա:
- Ինչպիսի՞ն է ստեղծման բուն ընթացքն ու հետագայում դրանք ինչպե՞ս են կյանք ստանում եւ դառնում իրական կտոր կամ զարդ։
- Ծրագրի միջոցով նաեւ ինտերիերի դիզայն եմ արել ու գրքերի պատկերազարդումներ: Շատ կարեւոր է իմանալ, որ նկարագրությունը տալուց հետո ծրագիրը 4 տարբերակ է առաջարկում, ու թե որը կընտրես, դրանից է կախված վերջնական տարբերակը։ Երբ մարդիկ ասում են, թե ես չեմ ստեղծել, այլ արհեստական բանականությունը, չեմ համաձայնվում, քանի որ ընտրությունն ինքս եմ անում՝ իմ ճաշակի ու պատկերացումների համաձայն: Ամեն նոր քայլ անելիս էլի 4 նոր տարբերակ է առաջարկում, ունեմ զարդ, որ 43 անգամ փոխել եմ, որպեսզի հասնեմ հենց իմ ուզածին: Կամ ամեն ինչ անում էի, որ զարդը լինի հայ կնոջ վզին, սկզբում հնդկական դիմագծերով էր պատկերում նրան, մինչեւ որ ծրագրից այնքան պահանջեցի, սկսեց հասկանալ: Նաեւ մենք ենք սովորեցնում արհեստական բանականությանը, այն վերցնում է ու ուժեղանում, եւ հարց է, թե այդ երեւույթը որքանով է լավ կամ վատ: Սեւ ու սպիտակ հավաքածուից բացի, որը ֆենթզի է, մնացած բոլորն իրականացնելու եմ, հենց հիմա էլ այդ էսքիզներով ամուսնուս ու աղջկաս համար հագուստներ եմ անում։
- Ինչպե՞ս է Դիլիջանն իր բնությամբ ու գեղեցկությամբ ոգեշնչում Ձեզ եւ արտացոլվում Ձեր ստեղծագործություններում։
- Շատ կարեւոր է, թե ինչ ես տեսնում ամեն օր: Դիլիջանը շատ առանձնահատուկ է, քեզ անընդհատ զարգացման ու ինքնաճանաչման է դրդում: Քանի որ շատ բան չկար անելու, սկսեցի ինքս ինձ ճանաչել, իսկ մեծ քաղաքներում ռիթմն այլ է ու ինքնդ քեզ հետ մնալու անգամ 2 րոպե ժամանակ չես ունենում: Երբ նոր էինք տեղափոխվել, Դիլիջանում ոչ ժամանցի վայրեր կային, ոչ էլ ռեստորաններ, պետք է գրքեր կարդայինք, ստեղծագործեինք կամ էլ բնության մեջ քայլեինք: Նման մենակությունը ստիպում է արարել, այստեղ ավելորդ աղմուկ չկա, որը կշեղի ու կխանգարի:
- Բայց Ձեր ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ պատրաստվում եք հեռանալ Դիլիջանից, ինչո՞վ է դա պայմանավորված:
- Դեռ չենք տեղափոխվում, որովհետեւ դրա համար ֆինանսական մեծ ռեսուրսներ են պետք, պարզապես վարկով հող ենք գնել ու երկար ժամանակ գումարը փակելու ենք։ Քանի որ Դիլիջանն էլ հիմա դառնում է հերթական աղմկոտ քաղաքը, մեզ անհրաժեշտ կուսական լռությունը գտանք Աղավնավանքում։ Մարդը մեծանալուն զուգահեռ մաքրման ճանապարհ է անցնում ու ձգտում մոտ լինել բնությանը:
- Դրա համար որոշեցի՞ք հերթական փախուստն իրականացնել:
- Ամուսնուս գաղափարն է, հիմա, երբ նորից եմ մոտեցել երազանքիս, պետք է նորից թողնեմ ու հեռանամ գյուղ, հնարավոր է՝ հերթական անգամ խորը հիասթափվեմ: Ներսումս մի քիչ կռիվներ են ընթանում, վստահ չեմ, որ այնտեղ կկարողանամ հարմարվել, քանի որ նույնիսկ Դիլիջանում հասարակ կտորի խանութ գտնելու խնդիր կա, ուզում ես ստեղծագործել, բայց անհրաժեշտ նյութերը չկան, եւ հետ ես մնում: Աղավնավանքում այդ առումով էլ ավելի բարդ կլինի։ Բայց կյանքն ինձ սովորեցրել է՝ եթե ինչ-որ դուռ է բացվում, առանց վարանելու պետք է ներս մտնել:
- Իսկ Ձեր ամուսինն ինչո՞ւ է այդ լռության փնտրտուքների մեջ, ի՞նչն է նրան դրդում ներդաշնակության այդ տարբերակին:
- Ժամանակի ընթացքում է նման տրանսֆորմացիայի ենթարկվել: Ողջ կյանքում Երեւանում է ապրել, երբ նոր էինք ամուսնացել, առաջարկում էի մերոնց հյուր գալ, հրաժարվում էր. «Այդ տխուր քաղաքում ի՞նչ անեմ»։ Բայց Տավուշ տեղափոխվելուց հետո Երեւանում կեմ ժամ էլ չի դիմանում, հիմա էլ սկսել է Դիլիջանում չկարողանալ մնալ, ուզում է բնության մեջ ապրել ու ստեղծագործել: Կատակում եմ, թե հետո էլ առաջարկելու է ճգնավորի կյանքով ապրել, հաստատ չեմ հետեւելու նրան (ծիծաղում է,-հեղ.): Բայց, միգուցե, եւ գնամ:
- Նա պատերազմին է մասնակցել, կարծո՞ւմ եք, որ վերափոխման վրա դա էլ է իր հետքը թողել:
- Առհասարակ մեր ընտանիքի վրա է պատերազմը խորն ազդեցություն թողել: Մեկ անգամ պատերազմ գնացած մարդն այնտեղից էլ հետ չի գալիս։ Հենց հիմա Տավուշի Նոյեմբերյանի շրջանում կամավոր է գրանցված, իր զգեստները եւ զինվորական պարագաները մեր միջանցքում դրած են: Հենց առաջին զանգից գնալու է, ընդունել եմ այդ փաստն ու պատրաստ եմ դրան, որքան էլ ծանր է: Իր ընտրությունն է, ինչպես եւ ժամանակին որոշեց գնալ պատերազմ: Հարցնում է. «Եթե չգնամ, կգան մեր տան դռան մոտ, ուզո՞ւմ ես այդպես լինի», այդ հարցին «ոչ» եմ պատասխանել։
Աղավնավանքը սահմանամերձ է, շատերն են մեզ խելագար համարում, բայց հիմա էլ ամուսինս այսպես է ասում. «Կնստեմ խրամատում ու իրենց կդիմավորեմ»։ Երբ նոր էր եկել պատերազմից, չէր ուզում Հայաստանում մնալ, թեեւ հայրենասեր է, բայց պնդում էր, որ ընտանիքով ԱՄՆ մեկնենք: Չէր ուզում տեղի ունեցածի մասին լսել, քանի որ իրենց օգտագործել էին ու պարզապես «մսի» տեղ դրել, տեսել էր իր ընկերների մահն ու այդ ամենի պատճառով խորը հիասթափված էր: Մեծ տարաձայնություն ունեցանք, որովհետեւ չէի պատկերացնում կյանքը Հայաստանից դուրս, բայց աստիճանաբար դուրս եկավ այդ իրավիճակից, կամավոր գրվեց, նորից առաջվա հայրենասերը դարձավ եւ ուզում է Աղավնավանքում խրամատ փորել։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: