Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը 56 տարվա պատմություն ունի: Այդ ընթացքում այն հասցրել է մեծ հետք թողնել հայկական թատերարվեստում ու նշանակալի անուններ տալ:
BRAVO.am-ն իր «Ներսից» շարքի համար թատրոնի դերասան ու տնօրեն Արտաշես Մխիթարյանի հետ շրջել է դրամատիկականում, իմացել նրա արժեքները, աշխատելու սկզբունքները, 3 սերունդների համերաշխ համագործակցության գաղտնիքն ու ապագայի ծրագրերը:
Մուտքը թատրոն
Մեր զրույցը սկսում ենք ընդհանուր դահլիճից, որտեղ էլ Մխիթարյանը պատմում է իր անցած ճանապարհի ու թատրոնում հայտնվելու մասին։
Դրամատիկականում է արդեն 18 տարի է՝ եկել է որպես դերասան, վերջին 10 տարիներից 3-ը եղել է գեղարավեստական ղեկավարի օգնական, 7-ը՝ տնօրենի տեղակալ, իսկ վերջին 8 ամիսների ընթացքում՝ կատարել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
«2002 թ. ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող էի, երբ Արմեն Խանդիկյանի ռեժիսորական կուրսը «Ատամնաբույժն արեւելյան»-ն էր անում, ինձ հրավիրեցին մասնակցել։ Այն պետք է նաեւ թատրոնում ներկայացվեր՝ որպես դրամատիկականի ապագա ռեժիսորների ստեղծագործական աշխատանք։ Ելույթից հետո առաջարկ եղավ ուժերս փորձել թատրոնում, ընդունվեցի, բայց մեկ տարի հետո զորակոչվեցի բանակ։ Երկու տարի ընդհանրապես չեմ զբաղվել թատրոնով, բայց ինձ նորից հիշեցին ու վերադարձա դրամատիկական»։
Դրամատիկականի պահանջները
Տարիների ընթացքում Մխիթարյանն ուղն ու ծուծով հասցրել է ճանաչել թատրոնը եւ մեզ համար էլ առանձնացնում է դրամատիկականի դավանած արժեքները: Դրանց թվում նշում է պահանջկոտ, կարգապահ, պահպանողական լինելն ու անընդհատ առաջ շարժվելը:
«Պահպանողական ենք, որովհետեւ որոշակի մշակութային արժեքներ սերնդեսերունդ մեզ են հասել։ Մտքով հասունանալով ու դրանք հասկանալով՝ գիտակցում ենք, որ ինքներս էլ պարտավոր ենք պահպանել՝ սկսած նիստուկացից, ինքնակրթումից եւ զարգացումից։ Դրամատիկը միշտ պահանջում է որպես արտիստ ու քաղաքացի պատրաստ լինել։
Կարգապահական խախտումներ մեզ մոտ համարյա չկան, այդ ամենը պայմանավորված է Խանդիկյանով, նա 35 տարի թատրոնը պահել ու առաջ է տարել։ Մեր ավագ սերնդից ժառանգած ուսմունքներն ու սովորույթները ինքներս էլ շարունակում ենք»։
Մի պահ զրույցն ընդհատում ենք ու գնում դահլիճ, որտեղ պատրաստվում են «Մեծ լռություն» ներկայացմանը, որը երեկոյան են խաղալու, դերակատարներից մեկն էլ Մխիթարյանն է։ Ներկայացումը 40 տարվա պատմություն ունի ու ժամանակի ընթացքում միայն դերասաններն են փոխվել։
Մխիթարյանը շարունակում է պատմել, որ թատրոնում առավելագույնս պահանջկոտ են աշխատանքի նկատմամբ։
«Գարնանը Գյումրիում թատերական փառատոն էր, որի բացման ներկայացման պատիվը մեզ էր տրված։ Փորձերի ընթացքում նկատել էին, թե բոլորս իրար նկատմամբ որքան ուշադիր ենք։ Չենք ասում, որ թատրոնը մեր երկրորդ տունն է, բայց այստեղ տանից ավելի շատ ենք լինում ու մեր հարազատներից ավելի շատ տեսնում։ Խանդիկյանը մի լավ խոսք ունի. «Թատրոնը մեր տունն է, բայց մեր կենցաղը չի»։
Աշխատակազմն ու միասին ժամանակ անցկացնելը
Վերջին շրջանում այնքան էլ հաճախ չեն կարողանում բոլորով միասին ժամանակ անցկացնել, պատճառը խիտ գրաֆիկն է։ Վերջին անգամ ապրիլի 7-ին են կանանց համար առիթ ստեղծել, որ միասին հավաքվեն ու ուրախանան։
Դրամատիկականի դերասաններն ամբողջ թատրոնի, գրեթե, կեսն են կազմում՝ 45 հոգի են։ Մխիթարյանը նշում է, որ ունեն բոլորով հանդիպելու մտահաղացում, բայց չգիտեն, թե երբ կստացվի, քանի որ շաբաթը 7 օր աշխատում են՝ մտածում են ոչ միայն ընթացիկ ներկայացումների մասին, նորերով են զբաղվում, քննարկումներ ունենում, նոր կադրեր պատրաստում, թատրոնից հեռացող դերասաններին փոխարինողներ գտնում։
Սովորաբար ամառը թատրոններն օգտագործում են նոր ներկայացումներ ստեղծելու համար, Մխիթարյանի խոսքով՝ իրենց այդ առումով 12 ամիսների ընթացքում են համաչափ աշխատում։
«Հիմա խաղացանկում ունենք 19 ներկայացում, աշնանը նորը կունենանք, բեմական աշխատանքներն ապրիլին են սկսվել։ Խանդիկյանը բեմադրում է Ալֆրեդ Դեմյուսեի «Լորենցաչչո»-ն, զուգահեռաբար քննարկվում են հաջորդ տարիների աշխատանքները, բեմադրիչների ներկայացրած ստեղծագործությունները, ամեն տարի Ամանորի ներկայացում ենք ունենում, հանդիսատեսն էլ այդ սովորույթի մասին գիտի ու սպասում է»։
«Լորենցաչչո»-ում ներկայացնելու են Ֆլորենցիան ու Մեդիչիներին։ Մխիթարյանը շեշտում է, որ վաղուց այդքան մեծ կազմով չեն աշխատել, նորից վերականգնել են դրամատիկականի հին ավանդույթներն ու բեմում հանդիսատեսը կտեսնի թատրոնի դերասաններից մոտ 22-ին։
Նոր համալրումներն ու 3 սերունդները
Թատրոնում երկար տարիներ լսումներ են անցկացրել, որի ընթացքում էլ նոր կադրեր են ընտրել, բայց վերջին շրջանում դադարել են, քանի որ էլ համալրումների տեղ չունեն, արտահաստիքային դերասաններ ունեն, որոնք արդեն պաշտոնապես իրենց աշխատակիցներն են դարձել:
«Թատրոնում սերնդափոխությունը միշտ առողջ է եղել, երիտասարդների համար ճանապարհը բաց է։ Երբ ինքս 2005-ին եկա թատրոն, հոգատարություն զգացի։ Ճիշտ է՝ գլխի տակ փափուկ բարձ չէին դնում, բայց բարենպաստ պայմաններ էին ստեղծվում, որպեսզի դու եւ թատրոնը հասկանաք, թե ինչքանով եք լուծվում եւ դառնում միաձույլ։ Այս պահին թատրոնի 3 սերունդներն էլ համալրված են»։
Նորեկների փորձաշրջանի ժամկետն անհատական է, ամեն մեկն իր ճանապարհը յուրովի է հարթում։ Ոմանց դեպքում այն մեկ տարի է տեւում, մյուսների՝ 3-4 ամիս։ Ներգրավում են աշխատանքներում ու տեսնում, թե որքանով են պատրաստ մտնելու ծանր մրցարշավի մեջ ու խաղալու նոր դերեր։
Մխիթարյանը պատմում է, որ դրամատիկականի 3 սերունդն էլ իրարից սովորելու շատ բան ունի, դրա հետ մեկտեղ պահպանում են առողջ հարաբերություններն ու հոգատար են իրար նկատմամբ։
«Առանց չափազանցության՝ մեծի հանդեպ մենք ենք հոգատար, իրենք էլ բոլոր առումներով ուշադիր են մեզ հետ։ Այդ ամենը Խանդիկյանի ստեղծած համակարգի շնորհիվ է, որի հիմքում մարդկային հարաբերություններն են, հավատացեք, այնքան էլ հեշտ չէ արտիստախումբ պահել։ Ամեն մեկը մի աշխարհայացք ու տեսակետ ունի, բայց այստեղ բոլորս միակերպ ենք մտածում»։
Ոչինչ չեն թափում
Մինչ մենք զրուցում ենք, բեմի լույսերն են կարգավորում, ու մասնագետ Մհերը ցույց է տալիս գրատախտակը, որի վրա էլ գրել հնարավոր չէ։ Մխիթարյանը հիշեցնում է, որ միմյանց նկատմամբ ուշադիր լինել ասելով, նաեւ դա նկատի ուներ։
Նշում է, որ նման ընթացիկ հարցեր բազմաթիվ են լինում, չեն թողնում՝ որեւէ իր փչանա, նկատելուն պես ժամանակին կանխում են։
Ուղեւորվում ենք դեկորների պահելու վայր, որտեղ ամեն ներկայացման համար առանձին տեղ է հատկացված։ Փորձում են ոչինչ դեն չնետել, եթե որեւէ ներկայացում խաղացանկից դուրս է գալիս, նրա դեկորների պիտանի մասերը մշակում են ներքեւի հարկում եղած արտադրամասում, ունեն ատաղձագործ, փայտագործ, երկաթագործ, դերձակներ, բուտաֆորիայի մասնագետներ։
«Թատրոնում ոչինչ չի թափվում, առանց այն էլ դժվարությամբ է ձեռք բերվում, մենք ինքներս ենք ստեղծում։ Հագուստների մեծ մասը կարում ենք, բայց վերջերս ժամանակակից ներկայացումներ ենք արել ու փորձել հագուստները ձեռք բերել մատչելի գներով։ Երբ որեւէ ժամանակաշրջան պետք է ստեղծել, փորձում ենք հագուստները ճշգրիտ ստանալ։ Ունենք 30 տարվա պատմություն ունեցող զգեստներ, նույնիսկ՝ արքայական հագուստներ, որոնք ժամանակ առ ժամանակ քիմմաքրման ենք ենթարկում եւ օգտագործում»։
Ճախրելու վայրն ու աշխատանքի համատեղումը
Մի քանի անգամ թատրոնը ծայրից ծայր անցնելու հետո փորձում եմ պարզել, թե որն է Արտաշես Մխիթարյանի սիրելի վայրը։ Խոստովանում է, որ որեւէ տեղ չկա, բայց որպես դերասան, իհարկե, բեմն է առանձնանում նրա համար։
«Անբացատրելի է այն հարաբերությունն ու զգացողությունը, որ կա դերասանի ու բեմի միջեւ։ Եթե որպես դերասան կաս ու բեմը քեզ ընդունել է, ժամանակի հետ ոչինչ չի փոխվում։ Կարեւոր է, թե մեկնարկն ինչպես ես տվել։ Ուզում է 100 անգամ ներկայացումը խաղաս՝ առանց անհանգստությունների ու հույզերի չի լինի: Վաղը մտնես բեմ, նորից այդ պատասխանատվությունն ու լարվածությունը կզգաս, եթե, իհարկե, պրոֆեսիոնալ ես»։
Փորձում եմ ճշտել, թե ինչպես է ստացվում համատեղել դերասանի ու տնօրենի պարտականությունները։ Պատմում է, որ սկզբում է դժվար եղել, դերասանը սովոր է իր համար պատասխանատու լինել, բայց փոխտնօրեն լինելու ընթացքում սովորել է հոգ տանել ողջ թատրոնի մասին։
«Բարդ է 2 կարեւոր ու պատասխանատու աշխատանք կատարելը, էլի Խանդիկյանի խոսքը կհիշեմ, որը միշտ գլխիս մեջ է. «Եթե կզգաս իրար խանգարում են, մեկին նահանջել տուր, հրաժարվիր դրանից, իրավունք չունես երկուսն էլ պահել ու թերի լինել»։ Նա հումորով իր օրինակն է բերել, դերասանության ու ռեժիսուրայի մեջ ընտրելով բեմադրիչ լինելը։ Դեռ կարողանում եմ պահել, ցավոտ հարց եք տալիս, թե որից կհրաժարվեմ։ Որպես դերասան փոքր քայլերով եմ սկսել կայանալ ու ձեւավորվել։ Այս տան մեջ եմ մեծացել ու լավ գիտեմ նրա խնդիրները, թե ինչ է պետք անել, որ ծաղկուն օրեր ունենա։ Ուժերիս ներածին չափով փորձում եմ օգտակար լինել, տուժում է ընտանիքը, որի հետ քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց նրանք էլ ինձ հասկանում են ու գիտեն, որ սա իմ ճախրելու տեղն է։ Այս ամենը միայն ինձ չի պետք՝ նաեւ հետագա սերունդների համար է։ Մեր երկրի համար կարեւոր է, որ ամեն մեկս մեր աշխատանքում խստապահանջ լինենք»։
Խանդիկյանից ստացած արժեքները
Քանի որ զրույցի ընթացքում մի քանի անգամ հիշատակում է Արմեն Խանդիկյանին, հարցնում եմ, թե իր ու թատրոնի վրա նա ինչ ազդեցություն է թողել։
Մխիթարյանը նախ նշում է Խանդիկյանի ներքին կարգապահությունն իր ու աշխատանքի նկատմամբ եւ մարդկային արժեքները, որոնք էլ 18 տարի նրա կողքին աշխատելու ընթացքում յուրացրել է:
«Մեր գործը միայն արվեստ չէ, այն մարդաճանաչողական է, ինչը պարոն Խանդիկյանը փորձել է մեզ էլ փոխանցել՝ մի քիչ խիստ, մի քիչ հումորով, ով կարողացել, վերցրել է։ Իր անունը շատ տալով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում, նրան հաջողվել է բավական ծանր ժամանակներով տանել թատրոնն ու պահել նրա դեմքը։ Դրամատիկականը միշտ փորձել է պահպանել իր ուրույն տեղը մայրաքաղաքում ու միջազգային հարթակներում»։
Խնդիրների հաղթահարումը
Երկար տարիներ չեն դադարում զրույցներն այն մասին, որ թատրոնում աշխատավարձերը ցածր են։ Մխիթարյանը նշում է, որ այդ առումով ձեռքերը ծալած չեն նստում ու փորձում են քայլեր ձեռնարկել։ Երբ համավարակի ժամանակ գումարի տնտեսում եղավ, փորձեցին 4-5 տոկոսով աշխատավարձերը բարձրացնել։
Գտնում է, որ արտիստը պետք է լավ վճարվի, որպեսզի կենցաղը չսպանի նրան ու չխանգարի ստեղծագործել։
Հատկապես դժվար են եղել քովիդով պայմանավորված դադարն ու պատերազմը։
«Այդ դժվարությունները համախմբված հաղթահարեցինք, պատերազմի ժամանակ մեր մասնակցությունն ունեցանք, պանդեմիային արխիվային նյութեր հրապարակեցինք ու թույլ չտվեցինք մարդկանց զերծ մնալ թատրոնից։ Բոլորի պես առցանց փորձեր էլ չնահանջեցինք ու հետ չգնացինք։ Չտրվեցինք խնդիրներին ու ամուր մնացինք, որովհետեւ երկրում ինչ իրադարձություն էլ լինի, մշակույթը պետք է անխախտ մնա, դրանք մի օր ավարտվելու են, գոնե, ներսը պետք է ամուր պահենք։ Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է նրա համար ամեն ինչ անես, քո անձը դնես մի կողմ ու երկրի համար պիտանի լինես»։
Թատրոնի ապագան ու հանդիսատեսը
Մխիթարյանը պատմում է, որ փորձում են դրամատիկականն ավելի ժամանակակից դարձնել ու 21-րդ դարի գործիքակազմ կիրառել, բայց չվնասել արդեն արմատացած ավանդույթներին։ Շատ է կարեւորում, որ թատրոնի ասելիքը չփոխվի, ներկայացումներն էլ շարունակեն կարեւոր ուղերձով ու բարձր որակի մնալ։
«Մուտքից սկսած հանդիսատեսը հասկանում է, որ դրամատիկականում է։ Թող գոռոզություն ու մեծամտություն չթվա, բայց այստեղ գալիս են որակի ու իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։ Խանդիկյանն ասում է, որ անճաշակն ու անորակը մեզ պետք չեն, մեր մյուս բեմադրիչներն էլ այդպես են գտնում։ Հրաչյա Հարությունյանը մի քանի ներկայացում է բեմադրել, գլխավոր ռեժիսոր նշանակված Գրիգոր Խաչատրյանն էլ պահանջկոտ է, բոլորս նույն կերպ ենք մտածում»։
Ընդգծում է, որ վերջին շրջանում համարյա բոլոր ներկայացումների տոմսերը սպառվել են։ Հանդիսատեսը տարբեր է ու բոլոր տարիքների, որոշակի փուլում նկատել են, որ մոտ 80 % կանայք են, հետո սկսեցին ավելանալ երիտասարդ զույգերը։
Մխիթարյանն իրեն լավ հանդիսատես չի համարում, անգամ դրամատիկականի պրեմիերաները չի հասցնում նայել, հիմնականում փորձում է կենտրոնանալ խնդիրների ու բացթողումների վրա։
Խորհուրդ է տալիս դրամատիկական թատրոնում պարտադիր նայել ազգային դրամատուրգիան ու դասական գործերը, հավանում է իրենց կատակերգությունները, նշում է «Չաոն», որը վերաբեմադրվել է ու սիրվել հանդիսատեսի կողմից, առանձնացնում է «Չուչել»-ը, որում խոսվում է կարեւոր թեմայի՝ բուլինգի մասին։
2019 թվականին թատրոնի ձայնային եւ լուսային համակարգն ամբողջությամբ թարմացվել է, տեղադրվել է օդափոխության համակարգ ու վերազինվել են նոր աթոռներով։ Մխիթարյանը նշում է, որ հիմա մեծ խնդիրներ չունեն, փորձում են թատրոնը լավ վիճակում պահել ու առաջ գնալ։
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը։
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ դրամատիկական թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: