Արհեստական բանականությամբ ստեղծված «Փոքր Մհեր» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի հիմքում «Սասնա ծռեր»-ն է: Հայկական էպոսը ներկայացված է ժամանակակից եւ նորարարական մեկնաբանությամբ։ Երեկ Կինոմոսկվայում տեղի ունեցած պրեմիերային ներկա էին Խորեն Լեւոնյանը, Անաիս Սարդարյանը, Ավետ Բարսեղյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոս Ջանիբեկյանը եւ այլ հայտնիներ՝ իրենց երեխաների հետ:
BRAVO.am-ի հարցին, թե ինչու են հենց «Փոքր Մհեր»-ին ընտրել, նախագծի բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց․ «Մտահղացման համահեղինակ Աշոտ Աբրահամյանի հետ որոշեցինք ամենաառեղծվածային կերպարին անդրադառնալ։ Քննարկում էինք՝ մենք գնանք իրենց ժամանակներ, թե Մհերին բերենք ներկա, եւ որոշեցինք՝ ինքը գա, քանզի իրեն մեզ հետ այստեղ ավելի հետաքրքիր կլիներ։ Բացեցինք Ագռավաքարի դուռը»։
Ռեժիսորի խոսքով՝ արհեստական բանակության օգնությանը դիմել են բացառապես պատկերի գեներացման համար. «Մնացածը մարդիկ են արել: Հատկապես կարեւոր էր հնչյունավորողների աշխատանքը, որոնք կյանք տվեցին մեր հերոսներին»։
Կերպարների սկզբնական էսքիզներն ու գեղարվեստական լուծումները մշակել են նկարիչները, իսկ դրանց վերջնական տեսքը, շարժողական եւ վիզուալ զարգացումը ձեւավորվել են արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Ստեղծագործական թիմը պատմում է, որ գնացել են իրականում գոյություն ունեցող գյուղ, արել բազմաթիվ լուսանկարներ, որոնք տվել են ԱԲ-ին՝ տեղանքը ճիշտ եւ իրական ստանալու համար։
«Մհերի կերպարն ամբողջությամբ պետք է լիներ ճիշտ եւ հայկական։ Որպեսզի մուլտֆիլմը թիրախ չդարձնենք այս առումով, առաջին մասնագետը, որին դիմեցինք, ազգագրագետ եւ դիզայներ Վահե Քոթանյանն էր։ Նրա հետ Մհերի արտաքինի ամեն մանրուքը քննարկեցինք՝ սկսած Փոքր Մհերի բազբանտից, որի շուրջ պատմությունը զարգանում է, մինչեւ թիկնոց եւ այլն»,- նշեց Հովհաննես Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ուղիղ ոչ մի գովազդ մուլտֆիլմում չկա. հովանավորների անուններն ու տարբերանշանները փոխված ու հարմարացված են մուլտֆիլմի իրականությանը․ «Այս առումով շատ շնորհակալ ենք եւ ուրախ»։
Պատﬕչը Խորեն Լեւոնյանն է, կերպարներին ձայնավորել են Սոս Ջանիբեկյանը, Հարություն Խաչատրյանը, Վահեն (Բոնի), Արուս Տիգրանյանը, Արեւիկ Գեւորգյանը, Լեւոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Հակոբյանը, Արեգ Գեւորգյանը, Վահագն Գասպարյանը եւ այլք։
Պապիկի դերակատար Լեւոն Հարությունյանը հրավերը ստանալուց հետո նախ ուրախացել է, որ անդրադարձ է հայկական էպոսին․ «Հատկապես այսօրվա իրականությունում, երբ էպոսները հետին պլանում են, շատ կուզեմ, որ մուլտֆիլմը նայելուց հետո երիտասարդները նորից թերթեն էպոսի էջերը՝ կրկին հասկանալու եւ ընկալելու համար։ Էպոսը կոդ է, որը պետք է կարողանանք բացել»։
Փոքր Մհերին ձայնավորող Սոս Ջանիբեկյանը առաջին ցուցադրությանը եկել էր դստեր՝ Անաիսի հետ։ «Առաջին անգամ է, որ ես նման բանի մասնիկն եմ։ Սկզբում, բնականաբար, մտավախություններ ունեի։ Միշտ մտածում եմ, որ ավելի լավ կարող էի անել, քան արել եմ, բայց դե AI-ով առաջին անգամ ստեղծված մուլտֆիլմ է, ինչն անսովոր է։ Սահուն ու լավ ընթացք ուներ, թեթեւ նայեցինք»,- նշեց դերասանը: Իսկ Անաիսը հոր կերպարից զատ, շատ էր հավանել փոքրիկ արկածախնդիր Նարեկի կերպարը։
Արուս Տիգրանյանը պրեմիերային ներկայացել իր կերպարի տեսքով՝ գանգուր եւ պեպեններով: Նրա համար մուլտֆիլմի ձայնադրումը հետաքրքիր փորձառություն էր. «Նախ ոգեւորվեցի, որ աղջիկս հայերեն մուլտֆիլմ կնայի՝ հայկական էպոսի հիմքով։ Երկրորդը՝ կտեսնի, որ մայրն է խոսում։ Հետո, երբ տեսա, թե որքան մանրակրկիտ են աշխատում, հասկացա՝ լուրջ աշխատանքում եմ ընդգրկված, ինչը հիանալի է»։
Շուշանիկին հնչյունավորող Արեւիկ Գեւորգյանը եւս իր կերպարին բնորոշ եթերային եւ նուրբ տեսքով էր եկել․ «Ինձ էլ է ամենաշատը հայկական էպոսին նոր շունչ տալու գաղափարը դուր եկել։ Շատ են հիմա խոսում, որ արհեստական բանականությունը վտանգներ ունի, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչպես այն կիրառել: Եվ այս դեպքը ցույց է տալիս, որ այն կարող է ծառայել լավը ստեղծելուն։ Շուշանը արդարությունը, ազնվությունը եւ սերը գնահատող կերպար է, ինչով էլ գրավեց Մհերին, իսկ մեր մոլորակը սիրո մոլորակ է»:
Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը թարգմանել տարբեր լեզուներով եւ հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Սցենարի հեղինակներ են Հովհաննես Մարգարյանը, Խորեն Թեւանյանը, Արտուշ Գեւորգյանը, գլխավոր պրոդյուսերները` Հովհաննես եւ Հրանտ Մարգարյանները, պրոդյուսերը` Հայկ Սիմոնյանը, հնչյունային ռեժիսորը` Դավիթ Դավթյանը, գեղարվեստական ղեկավարը` Անուշ Ղազարյան, բեմադրող օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանը, ԱԲ թիմի ղեկավարը` Լյուսի Բաղդագյուլյանը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
4,169






