Երեկոյան Սունդուկյանի անվան ազգային թատրոնի փոքր դահլիճը լցված էր Հայաստանի վաստակավոր արտիստ եւ Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Աննա Էլբակյանով: Ամենուր նրա նկարներն էին, գործընկերներն ու ընկերները, հարազատներն ու թատերական աշխարհի մարդիկ, որոնք հավաքվել էին դերասանուհու 60-ամյակը նշելու:
Ծաղիկները, նվերները, շնորհավորանքներն ու անակնկալները բազմաթիվ էին: Հոբելյարը հայտնվեց «Երեւանի սիրուն աղջիկ» երգի հնչյունների ներքո՝ ամեն ինչ խորհրդանշական էր ու զուգահեռ տարված Պապին Պողոսյանի երգի հոլովակի հետ, որում Էլբակյանը պատշգամբում է:
Նա եկավ երկար ծափահարությունների ներքո, գրկեց հյուրերից մի քանիսին, ստացավ ծաղկեփնջեր ու դահլիճում իր տեղը զբաղեցրեց՝ ինքն էլ չիմանալով, թե դեռ ինչ անակնկալների է արժանանալու: Երեկոն լի էր երաժշտական ու բեմական համարներով, հումորով, իսկ ամենակարեւոր իրադարձությունը «ԱՆ» մրցանակաբաշխությունն էր: «Լավագույն վարպետ» մրցանակը հանձնեց Անահիտ Աղասարյանը, այն ստացավ Նիկոլայ Ծատուրյանը, որի բեմադրած մի քանի ներկայացումներում Էլբակյանը խաղացել է:
«Այնքան երկար ենք աշխատել այս սիրունիկի հետ, առաջին անգամ, երեւի, 30 տարեկան էիր»,- ասաց Ծատուրյանը:
«Երբ ինձ առաջին անգամ տեսաք, ասացիք. «Յախք, սրա ձենը»,- տեղից բացականչեց Էլբակյանն, ու բոլոր հավաքվածները ծիծաղեցին:
«Անկա ջան, այդ խոշոր, հսկա աչքերով ու սիրունիկ դեմքով, քո հրաշք տաղանդով երկար եւ երջանիկ ապրիր»,- ավելացրեց Ծատուրյանը:
«Լավագույն խաղընկերոջ» անունը հայտնեց Արաքսյա Մելիքյանը, որն Էլբակյանի հետ նույն բեմում եւս հանդես է եկել: Դերասանուհու նմանությամբ արձանիկը նա հանձնեց Հարություն Մովսիսյանին:
«Այս մրցանակը շատ գեղեցիկ ու հետաքրքիր է: Մեծ սիրով ենք միասին ստեղծագործել, Աննան ինձ համար միշտ մնացել է տարօրինակ կերպով շատ սիրելի։ Կարծում եմ՝ դեռ իր դերը պետք է խաղա: Աննա ջան, հավերժ երջանկություն եմ մաղթում, մեզ հետ լինես՝ Սունդուկյանի թատրոնում, քո ստեղծած ընտանիքով՝ Արմենի հետ, երկար կյանք՝ հայոց երկրի ու քեզ սիրող հանդիսատեսի հետ», - ասաց դերասանը:
«Լավագույն երաժշտական կատարման» մրցանակը Գարիկ Պապոյանինն ու Սոնա Ռուբենյանինն է՝ Էդգար Էլբակյանի «Մորս» երգի համար, որը նրանց կատարումից հետո ավելի շատ հայտնի դարձավ «Լուսին» անունով: Հավաքվածները եւս մեկ անգամ լսեցին այդ գեղեցիկ երգը:
Տարիներ առաջ Երիտասարդական պալատում Ֆորշն ու Աննա Էլբակյանը նկարահանել են «Ձեռքդ դիր ուսիս» երգը, որն այս անգամ կատարեցին իրենց դեմքերով խամաճիկների ուղեկցությամբ:
Ելույթից առաջ Էլբակյանը խոստովանեց. «Բայց չենք փորձել», Ֆորշն էլ հիշեցրեց, որ ուղիղ 33 տարի առաջ են միասին երգել ու դրանից հետո էլ չեն վերադարձել երգին:
Ապա Գարի Քյոսայանը նվագեց «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման համար գրված իր հուզիչ երաժշտությունը, ինչից հետո նրա հետ ելույթ ունեցավ նաեւ կինը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը: Հոբելյարին շնորհավորելու էր եկել նաեւ Գոռ Սուջյանը եւ նրան գեղեցիկ կատարում նվիրեց: Բեմ բարձրացան նաեւ հայր ու որդի Համո եւ Էդգար Ադիյանները եւ հոբելյարին Երեւանի մասին ռեփ նվիրեցին:
«Կյանքի լավագույն ուղեկից» մրցանակն իրենց պապիկին՝ Արմեն Էլբակյանին, հանձնեցին թոռները՝ Էլմիրան ու Էդգարը:
«Ճիշտն ասած՝ անսպասելի էր: Կյանքում շատ-շատ մրցանակներ եմ ստացել՝ տարբեր երկրներում ու տեղերում, նաեւ ապտակներ եմ ստացել ու հարվածներ ուղիղ սրտիս մեջ, որոնք մինչեւ այսօր ծանր եմ տանում: Բայց մրցանակը, որ ինձ միշտ երջանկություն է պարգեւել, Աննայի լինելն է իմ կողքին։ Շնորհավո՜ր»,- կնոջը գեղեցիկ շնորհավորեց Էլբակյանը:
Ապա բեմ բարձրանալու հերթն Աննա Էլբակյանինն էր՝ որոշելու «Լավագույն ԱՆ» մրցանակը, բայց նախ իր շնորհակալությունը հայտնեց ու կարողացավ շարժել ներկաների սրտերը. «Շատ շնորհակալ եմ, որ բոլորդ եկել եք, այն ամենն, ինչի մասին այդքան խոսեցին ու գովեցին, իհարկե, այդպես չէ։ Ես միայն լավ դերասանուհի եմ, հաստատ 60 տարեկան եմ, մնացած ամեն ինչն այնքան էլ լուրջ չի, բայց ձեզ շատ եմ սիրում։ Չգիտեի, թե այստեղ ինչ է կատարվելու, որոշ բաներ ականջի պոչով էի լսել, շատ անակնկալներ եղան: Խնդրում եմ, բոլորդ թուլացեք, ուղղակի եկեք իրար սիրենք, ինչն այնքան քիչ է պատահում մեր օրերում։ Հիմա, երբ 60 տարեկան եմ, հասկանում եմ, որ այս աշխարհում սրտից բացի, ոչինչ արժեք չունի, որովհետեւ ինչքան էլ կատարյալ բան անես, այն մի քիչ անկատար է, դրա համար էլ գեղեցիկ է ու քոնն է։ Որպեսզի ոչ մեկդ չնեղանաք, ուզում եմ այս մրցանակը հանձնել ավագ եղբորս՝ Սամվել Աբրահամյանին, որին անչափ սիրում եմ»։
Երեկոյի ավարտին Էլբակյանը կատարեց որդու մասին իր գրած երգն ու շատերին ստիպեց արտասվել: Իսկ վերջին անակնկալը տորթն էր, որը հայտնվեց երեկոյի հաղորդավար Մարիամ Շահինյանի երգից հետո: Նա Մերլին Մոնրոյի ոճով շնորհավորեց:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: