×


Երեք անուն, մեկ պատմություն. Երևանում բացվել է Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մեկ սրահ և երեք ականավոր անձ, որոնց վրա կենտրոնացած է հանրության ուշադրությունը: Երեք անձ, որոնք, անկասկած, կարևոր են հայ ժողովրդի համար: Եվ երեք անձ, որոնց պատվին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպվել է այս ցուցահանդեսը: 


Օգոստոսի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց ականավոր հայ նկարիչ Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Հոբելյանի առթիվ կազմակերպիչները որոշել են իրենց և հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել նկարչի՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի նկարազարդումների վրա: Ցուցահանդեսը ստացել է հատուկ անվանում՝ «Գրիգոր Խանջյան-100. Նկարիչը և գիրքը», քանի որ անվանման երկրորդ մասը վերցվել է Խանջյանի «Նկարիչը և գիրքը» հոդվածից: 

«Անլռելի զանգակատուն»-ը 20-րդ դարի հայ գրականության ամենանշանակալի գործերից է, որն առանց չափազանցության դարձել է սեղանի գիրք գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում: Պոեմի կենտրոնում մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ճակատագիրն է, ով դարձավ հայ ժողովրդի ողբերգության սիմվոլը: Նրա հոգեկան տառապանքների միջոցով Պարույր Սևակը բացահայտում է Հայոց ցեղասպանության հետևանքները՝ ցույց տալով ամբողջ ժողովրդի աղետը մեկ մարդու ապրումների միջոցով: Գրիգոր Խանջյանը կարողացել է իր նկարազարդումներով փոխանցել կոմպոզիտորի հուզական ապրումները: Նա իր արվեստանոցի պատին շրջանակի մեջ նույնիսկ կախել էր իր էսքիզներից մեկը, իսկ նկարի կողքին՝ Պարույր Սևակի մակագրությունը նկարչին: 


«Այստեղ ցուցադրված է շատ հուզիչ ցուցանմուշ. դա Խանջյանի արվեստանոցի մշտապես կախված «Անլռելի զանգակատուն» պոեմի էջերից մեկն է, որի վրա կա Սևակի մակագրությունը․ գրաբարով է գրված՝ «Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, իմ սիրելի Գրիգոր։ Շնորհակալությամբ՝ Պարույր Սևակ», որով ինքը նաև խոստովանում է, որ նրանք հավասար են այդ գրքում»,- պատմեց ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանը։

Գրիգոր Խանջյանը նկարազարդել է նաև այլ գրքեր՝ Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին»-ը, «Սասունցիների պարը»: 


Մարինե Հարոյանը նաև նշեց, որ նկարիչը շատ լուրջ էր վերաբերվում գրքի արվեստին, և շնորհակալություն հայտնեց նկարչի դստերը՝ Սեդա Խանջյանին, թանգարանի հետ էսքիզներով կիսվելու և նկարչի աշխատանքային ընթացքը տեսնելու հնարավորություն ընձեռելու համար: 

Գրիգոր Խանջյանի ստեղծագործությունն ընթացել է փուլ առ փուլ. սկզբում դա դասական գեղանկարչությունն էր, այնուհետև վրա հասավ գրքի գրաֆիկայի ծաղկումը, ավելի ուշ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը, իսկ իր կյանքի ուշ շրջանում նկարիչն իրեն նվիրեց մոնումենտալ արվեստին:

«Կարծես կոմպոզիցիոն աշխատանքները տարան իրեն դեպի մոնումենտալ արվեստ և երևի թե մեծ համարձակություն էր այդ տարիքում, ինչպես ինքն էր ասում, սկսել մոնումոնտալ արվեստով զբաղվել: Բայց ինքը մեծ ոգեշնչում էր ապրում այդ ժամանակ»,- ասաց նկարչի դուստրը՝ Սեդա Խանջյանը: 
 


Նա ավելացրեց, որ Խանջյանի կյանքի տարբեր շրջաններում եղել են ստեղծագործական վերելքի և ոգեշնչման պահեր, որոնցից մեկը դարձավ «Անլռելի զանգակատուն» գրքի նկարազարդումների վրա աշխատանքը: Բացի այդ, Սեդա Խանջյանը պատմեց, որ հայրը շատ հայրենասեր էր, շատ էր մտածում իր ժողովրդի մասին և միշտ փորձում էր դա փոխանցել իր աշխատանքներում: 

Սուզվել պատմականորեն նշանակալի երեք մարդկանց աշխարհը, տեսնել նկարչի շուրջ 40 հուզականորեն հագեցած էսքիզներ, ինչպես նաև օֆորտի թերթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, և նույնիսկ աշխատել լինոփորագրության աշխատարանում, որի ընթացքում հնարավոր կլինի նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն․ այս ամենը հնարավոր կլինի անել մինչև նոյեմբերի 4-ը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW