×


«Չեմ հիշում, թե ես ով եմ եղել մինչեւ հայր դառնալը». «Լավ էլի»-ից Մհեր Մանուկյանի բացահայտումները

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Լավ էլի» խմբի վոկալիստ, երգահան եւ կիթառահար Մհեր Մանուկյանի հետ:

- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Խաղացել եմ մեր ֆակուլտետի բասկետբոլի հավաքականում: 10-րդ դասարանում լուսանկարչությամբ փող եմ վաստակել: Երազել եմ դառնալ կենդանաբան:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Շատ դժվար է եռյակ ընտրելը: Ռուդոլֆ Շտայների ու Էդիթ Մարիոնի «Մարդկության ներկայացուցիչը», Սանդրո Բոտիչելլի «Գարունը», «Վեներայի ծնունդը», Միքելանջելոյի «Պիետա»-ն: Ասում էի, չէ՞, դժվար է ընտրել (ծիծաղում է,-հեղ.):

Մհեր Մանուկյանը


- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:

- Վերջերս իմացա, որ «Լավ էլի»-ի գյումրեցի երկրպագուներն իրար մեջ ինձ «բոյով Մհեր» են կոչում (ծիծաղում է,-հեղ.):

- Երաժշտություն ստեղծելու ամենասիրելի կողմերը:

- Բուն գործընթացը շատ հաճելի է։ Ընդհանրապես, երեւի, ստեղծել բառն այնքան էլ տեղին չէ։ Գուցե աշխարհ բերե՞լ, փոխանցե՞լ։

- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Երբ չես կարողանում առաջ շարժվել, դոփում ես տեղում ու չի ստացվում ավարտել սկսածդ։

- 3 պատճառ, թե ինչու է երաժշտությունն այդքան հոգեհարազատ Ձեզ:

- Աստված գիտի։ Երաժշտությունը հոգու հետ չմիջնորդավորված հարաբերության մեջ է, այսպես ասած՝ ուղիղ մուտք ունի։ Եթե ծանոթ չեք, անպայման նայեք՝ ինչպես են ձեւավորվում Խլադնիի պատկերները։

- Ձեր կատարմամբ 3 ամենասիրելի երգերը:

- Ժամանակի ընթացքում փոխվում են։ Հիմա՝ «Կհանդիպենք», «Միայնություն», «Ես տեսնում եմ»։

- Մի քանի բնութագիր, որ հատուկ է գրեթե բոլոր խմբերին:

- Դժվարանում եմ պատասխանել։ Միայն կարող եմ ասել, որ երաժշտախմբի դեպքում լավն այն է, որ խումբն ավելի մեծ լինի, քան նրա անդամների սոսկական հանրագումարը։


- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:

- Հանդիսատեսի հետ շղթայական կապի մեջ լինելը, երբ դահլիճից հորդող էներգիան լիցքավորում է քեզ, ու դու այն վերադարձնում ես դահլիճին։ Երախտագիտություն հանդիսատեսին՝ սիրված լինելու երջանկության համար։ Կոկորդդ սեղմվում է, երբ հարյուրավոր, մեկ-մեկ էլ՝ հազարավոր մարդիկ քո երգը միաձայն երգում են հետդ, երբեմն էլ՝ առանց քեզ։

- Խմբում հանդես գալու 3 առավելություն:

- Ստիպված չես բոլոր գործիքներն ինքդ նվագել։ Միասին ճամփորդելը շատ ավելի ուրախ բան է։ Մի գլուխը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ։

- Ժամանակակից հայ երաժշտությունը՝ մի քանի բառով:  

- Այս հարցին պատասխանելու համար չեմ կարող ինձ վերագրել ժամանակակից հայ երաժշտության բավարար իմացություն։ Միայն կասեմ, որ հիմա շատ բազմազան, հետաքրքիր, երբեմն մեծ բաներ են կատարվում, օրինակ՝ Մանսուրյանի «Ռեքվիեմը», Տիգրան Համասյանի, Արա Դինքջյանի, Լիլիթ Պիպոյանի երաժշտությունը։ Հետաքրքիր գույներ են The Deenjes-ը, Jinj-ը, FIX-ը, «Տիեզերքը», «Ռոզեն Թալը», շատ ու շատ այլ երաժիշտներ ու խմբեր։ Շատ հավես է, որ մեր Ռոզա Լինն իր երաժշտությամբ հասել է տեղեր, ուր մինչ այժմ հայաստանցի երաժիշտները չէին եղել։ Երեւի, միակ դարդս երգերի խոսքն է, որ դեռ շատ հետ է երաժշտությունից։

- Արվեստագետ, որի հետ դեմ չէինք լինի զրուցել:

- Որեւէ արվեստագետի հետ դեմ չեմ զրուցել։

- Իսկ ի՞նչ հարց կտայիք նրան:

- Իսկ Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է հոսում գետը։

Մհեր Մանուկյանը


- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի երգ:

- Չեմ կարծում, որ կան այդպիսի բառեր։

- 3 վայր, որտեղ երգելն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:

- Երեքով չեմ կարող սահմանափակվել՝ Վանաձորի տիկնիկային թատրոնում, երբ նոր էինք սկսում, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ մեր 20-ամյակի համերգներին, «Այրարատ» կինոթատրոնում ու Մարզահամերգային համալիրում՝ «Բամբիռ»-ի հետ, Ստեփանակերտում՝ պատերազմից հետո, Նյու Յորքում՝ Մանհեթենի «National Opera Center»-ում՝ իմ ամենասիրելի երաժիշտներից մեկի՝ Արա Դինքջյանի հետ, Բոստոնում՝ հռչակավոր ուդահար Ջոն Բերբերյանի հետ: Շատ-շատ են:


- Դուստրերի հետ ելույթ ունենալու ամենասիրելի կողմերը:

- Պատասխանը պարունակվում է հարցում։ Նաեւ շատ հարմար է. փորձ անելու համար տնից դուրս գալ պետք չէ (ծիծաղում է,-հեղ.):

- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք հայր դառնալուց հետո:

- Հիշողության կորուստ։ Չեմ հիշում, թե ես ով եմ եղել մինչեւ հայր դառնալը (ծիծաղում է,-հեղ.):

- Իրավիճակներ, որ կարող են պատահել միայն երաժիշտների տանը:

- Երաժշտական գործիքների մեծ կուտակումներ, հանպատրաստից համերգներ։ Տան ոչ երաժիշտ անդամները հրաժարվում են համերգի գալ, որովհետեւ արդեն հազար անգամ լսել են այդ ամենը։

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Բոլոր այն արհեստներին եւ հնարքներին, որոնց դեռ չեմ տիրապետում։

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Փայտի հոտը, հատկապես՝ հաճարի։ Այրվող քարածխի, թարմ լրագրերի, ամսագրերի ու հին գրքերի հոտը։  

- Նշեք Ձեր բնավորության գծերից 3-ական, որոնք ամենաշատն եք սիրում ու որոնցից կուզեիք հրաժարվել:

- Ես գործնականում բնավորության սիրելի գծեր չունեմ։ Կուզեի հրաժարվել ծուլությունից, անվճռականությունից ու սկսած գործը մինչեւ վերջ չհասցնելու արատից։

- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

- Վանաձորի նոտարական գրասենյակներից մեկի աշխատակիցները։

- Վանաձորի թաքնված ու Ձեզ հարազատ տեղերը:

- Մեր այգին, դրա վերեւի սարերը, մեր տան մոտի՝ հիմա արդեն քարուքանդ հիվանդանոցի բակը, որտեղ փոքր ժամանակ ֆուտբոլ էինք խաղում, այդ նույն հիվանդանոցի տարածքում մի փոքրիկ բլուր, որի վրա պառկում էի մեջքի վրա, ու երեւում էր միայն երկինքը, թվում էր, թե երկնքում ես։ Իմ ընկեր, բրուտ Պարսամյան Գոռի արվեստանոց/արհեստանոցը, որտեղ հավաքվում ենք ընկերներով։ Մի քանի հարազատ տեղեր այլեւս չկան՝ «Վիլոյի մոտ» սրճարանը, որտեղ հավաքվում էր Վանաձորի բոհեմը, իմ մանկական գրադարանը, որի տեղը հիմա «Լոֆթն» է, հետերկրաշարժային տնակը, որտեղ ապրում էր իմ սերը։

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:

- Լավ կլիներ՝ նորից թողնեի խմելը։

- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:

- Շատ ցավալի մի բան, որի մասին չէի ուզի խոսել։


- Այս տարվա լավագույն պահի կադրը:

- Լավագույն պահի կադր չկա։ Լավագույններից մեկը ընտանիքով իտալական արձակուրդն էր՝ գեղեցկության, գրեթե, անտանելի քանակության հետ հանդիպումը, նաեւ շվեցարական Դոռնախում այցելությունը Գյոթեանում։

- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:

- Վճռականությունը, աշխատասիրությունը եւ նպատակասլացությունը։

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Ամեն ինչի։ Սովորել կյանքի բերած ամեն ինչի համար շնորհակալ լինել՝ ցանկացած մարդու զարգացման թեեւ դժվար, բայց անհրաժեշտ նախապայմաններից մեկն է։

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Թերեւս նման բան չկա։

Մհեր Մանուկյանը


- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Խմբագրել եւ տպագրել Միխայել Էնդեի «Անվերջանալի պատմությունը», որի թարգմանությունը նոր եմ ավարտել։ Ավարտել, ձայնագրել ու թողարկել «Լավ Էլի»-ի, «3 ՄԱՆՈՒԿ» ալբոմները, տեսահոլովակներ նկարել ու թողարկել, ի վերջո նստել ու գրել վաղուց մտահղացած պատմվածքների եւ ծալապակաս ոտանավորների ժողովածուն, լիքը վերանորոգում անել, կահավորել ձայնագրման ստուդիաս, զբաղվել մեր այգով ու պարտեզով, զբաղվել ատաղձագործությամբ։ Եվ սա դեռ ամենը չէ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ «Լավ էլի»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW