×


Խանջյանի կահույքը, շոկոլադի տուփերն ու մեխակները՝ 20-րդ դարի Երեւանից

Հայաստանի առաջին հանրապետության ու Խորհրդային տարիների Երեւանին նվիրված ցուցադրություն է գործում քաղաքի պատմության թանգարանում։ Ընդամենը հարյուր տարվա ընթացքում քաղաքի արտաքին տեսքն ու մարդկանց առօրյան, բնակարաններն ու դրանց պարունակությունը գրեթե ամբողջությամբ փոխվել են։ Հենց այդ ամենին էլ ծանոթացնում է ցուցադրությունն ու ընդգծում քաղաքի կյանքում արդյունաբերության կարեւորությունը:

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Գեւորգ Օրբելյանը BRAVO.am-ին պատմել է, որ դեռ տարեսկզբին են որոշել` ցուցադրությունների հայեցակարգում փոփոխություններ են իրականացնելու։ Այդ նպատակով այցելուների շրջանում հարցում են արել եւ պարզել, որ շատերին է հետաքրքրում Խորհրդային ժամանակաշրջանի Երեւանի կյանքն ու մարդկանց կենցաղը։


«Այդ ժամանակվա Երեւանում ծանր ու թեթեւ արդյունաբերությունը բուռն ծաղկում էր ապրում, եւ գործարաններից շատերը՝ հախճապակու, ժամացույցի, պահածոների, տեքստիլի, ծխախոտի, շամպայնի ու գինիների, «Մասիս» կոշիկների ֆաբրիկան, իրենց արտադրանմուշները հանձնել էին թանգարանին։ Նաեւ մեր մշտական ցուցադրությունը վերաձեւափոխեցինք ու ներկայացրինք Խորհրդային Երեւանի տեսանկյունից»,- ասել է նա:

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Գեւորգ Օրբելյանը


Օրբելյանը խոստովանել է, որ, բնականաբար, այդ տարիներին գործածվող ոչ բոլոր իրերից ու կահույքի պարագաներից ունեին, դրա համար էլ սոցիալական հարթակներում դիմեցին երեւանցիներին։ Շատերը ոգեւորվեցին ու արձագանքեցին օգնության կոչին, ոմանք անհրաժեշտ իրերը նվերների տեսքով հանձնեցին, մյուսները թանգարանը գնեց։ 

«Մեր հավաքածուում հայտնվեցին ժամացույց, «Էրեբունի» գորգ, հեռուստացույց ու նրա տակդիրը, սեղան ու աթոռներ, ինչն էլ համադրեցինք մեր ունեցած արդյունաբերական ժառանգության հետ՝ ստեղծելով հյուրասենյակի կահավորանքը։ Ներկայացված է նաեւ ՀԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի 20-30 թվականների ննջասենյակի կահույքը»,- ասել է թանգարանի տնօրենը:


Ամբողջությամբ խորհրդային տրամադրությունը փոխանցելու համար վարագույր են գտել ու 1970-ականների պաստառ, ինչպես նաեւ իրենց ունեցած հախճապակե ջահը կախել։ 

Օրբելյանի համար հատկապես տպավորիչ է այցելուների արձագանքը: Շատերը, տեսնելով ցուցանմուշները, ասում են. «Վա՜յ, իմ տատիկի տանն այս սպասքից կամ կահույքի պարագաներից կար»։ Կարծում է, որ ցուցադրությունը կօգնի վայելել քաղցր հիշողություններն ու մտաբերել այն մարդկանց, որոնք ապրել են այդ ժամանակաշրջանում։


Թանգարանի տնօրենի խոսքով՝ քաղաքի 2807-ամյակին նվիրված ցուցադրությունը կհետաքրքրի ոչ միայն հայերին, այլեւ նախկին ԽՍՀՄ այլ երկրների բնակիչներին, քանի որ նրանց կենցաղում եւս ներկայացված առարկաներից շատերն օգտագործվել են։ 


«Ես էլ խորհրդային տարիներին եմ ծնվել, ու ցուցադրությունն ինձ համար նույնպես շատ հոգեհարազատ է։ Իմ հիշողություններում եւս պահպանվել են այդ հանրագիտարանները, դասական գրքերի ու հախճապակե իրերի պահարանները, որոնք համարյա ամեն հյուրասենյակում կային։ Այդ ամենն իմ մեջ հույզեր են արթնացնում, քանի որ հիշում եմ տատիկներիս ու պապիկներիս բնակարանները։ Բայց ցուցադրությունը հետաքրքիր կլինի նաեւ երիտասարդների համար, որոնք այդ ամենից տեղյակ չեն ու կկարողանան ծանոթանալ, թե ինչպես են ապրել իրենց ծնողներն ու ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները։ Շատ մեծ ուրախությամբ եմ մասնակցել այս ամենի ստեղծմանը»,- ընդգծել է նա: 


1920-80-ականների Երեւանում բուռն քաղաքաշինության ծաղկման, տրանսպորտի, արտադրական վերելքի ու կյանքի մյուս բնագավառների մասին թանգարանը նաեւ ֆիլմ է ցուցադրում, որն ավելի է ամրապնդում այդ ժամանակաշրջանի երեւանցու առօրյայի մասին տեղեկությունները։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW