Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան էր: BRAVO.am-ը ներկա է եղել առաջին ցուցադրությանը, իսկ մինչ այդ հետեւել է հյուրերին ու մի քանիսի հետ քննարկել նրանց ընտրած զգեստները:
Ֆիլմի անվանը համապատասխան՝ ցանկալի էր, որ հյուրերը ներկայանային սեւ զգեստներով, ինչն էլ մեծ մասն արել էր:
Ելենա Վարդանյան
Ֆիլմի գլխավոր հերոսուհիներից Ելենա Վարդանյանը խոստովանեց, որ պրեմիերայի համար հագուստ ընտրելը բավական բարդ է եղել:
«Ցուցադրությունից 2 օր առաջ ընկել եմ ու ձեռքս վնասել. 11 կար են դրել, դրա համար էլ որոշակի խնդիրներ էին առաջացել: Բարեբախտաբար, արագ կողմնորոշվեցի, թե ինչ եմ հագնելու: Քանի որ ձեռքս պետք է որեւէ կերպ քողարկեի, ընտրել եմ այն, ինչն ամենահարմարն էր այս պարագայում: Այսօր մեծ հաճույքով կկրեի նաեւ ֆիլմի իմ զգեստը, այն 50-60 ականների ոճով է եւ շատ էլեգանտ, ինձ միանգամից օգնեց կերպարի մեջ մտնել»,- նշեց դերասանուհին:
Վարդանյանը նաեւ խոստովանեց, որ առհասարակ սեւ հագուստ սիրում է, քանի որ շիկահեր է, այդ գույնն իրեն առանձնահատուկ է սազում:
Լիկա Մեսրոպյան
Իր երկար ու էլեգանտ զգեստով առանձնանում էր նաեւ Լիկա Մարտիրոսյանը, որը ֆիլմը դիտելու էր եկել որդու հետ:
«Քանի որ պրեմիերան սեւազգեստ կանանց մասին է, ինքս էլ սեւ եմ ընտրել: Այս գույնը շատ եմ սիրում, այն ավելի է հավաքում ու կոկիկացնում մարդուն: Հյուրերից դեռ շատերին չեմ հասցրել տեսնել, ընդհանրապես այնքան վատ բնավորություն ունեմ՝ չեմ նկատում, թե մարդիկ ինչ են հագնում. արտաքինի վրա ուշադրություն չեմ դարձնում, բայց փոխարենը նրանց ներքին գեղեցկությունն եմ տեսնում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆիլմի հերոսուհիների զգեստներին, որոնք հատուկ ցուցադրվում էին այդ օրը, Լիկան նշեց, որ հատկապես հավանել է Լուիզա Ներսիսյանի եւ Ելենա Վարդանյանի կերպարները:
Անի Լուպե
Դերասանուհին պատմեց, որ երկար է սպասել ֆիլմի պրեմիերային եւ դրա համար շատ լավ պատճառ ունի՝ երկրորդ ռեժիսորն իր հարսն է՝ Լիլիթ Ֆրանգուլյանը:
«Հաճախ է խոսել ու պատմել ֆիլմի մասին: Գոռի հետ աշխատել է նաեւ «Ազնիվ գողեր» ֆիլմի համար: Գիտեմ, որ նկարահանումը շատ լավ է անցել»,- ասաց Անին:
Նա նշեց, որ զգեստապահարանում թեեւ շատ սեւ զգեստներ չունի, բայց ընտրությունն արագ է կատարել. «Սեւ տաբատ եմ ընտրել, տոպ, երկար թիկնոց ու զարդեր, եւ վերջ՝ կերպարս պատրաստ է»:
Իվետա Մուկուչյան
Ֆիլմի հերոսուհիներից Իվետա Մուկուչյանը որոշել էր այլ ոճով ներկայանալ ու այդ առիթով համագործակցել է ոճաբանի հետ. «Միշտ սիրում եմ փոփոխությունների ենթարկվել, այսօր նոր Իվետա է՝ վայրի եւ ոճային: Ամեն ինչից ոչ շատ ու չափի մեջ եմ օգտագործել ՝ հայկականն ու «իվետականը» պահպանած»:
Նշեց, որ աշխատանքային նորություններ էլ առաջիկայում կլինեն, բայց գործը դեռ լռություն է սիրում եւ դրանց մասին կպատմի միայն իր լսարանին հանձնելուց հետո:
Մադոննա Հարությունյան
Բլոգերը սովորաբար աչքի է ընկնում իր ոճով, պրեմիերային էլ տարբերվող էր՝ ամբողջությամբ սեւ կերպարում առանձնանում էին ոսկեգույն ականջօղերը:
«Փորձել եմ կերպարս մի քիչ հետաքրքիր դարձնել ու 80-90-ականների ոճից տարրեր կիրառել: Ֆիլմի մասին շատ բան գիտեմ, նույնիսկ սցենարն եմ կարդացել։ Բացեմ փակագծերն՝ առաջարկ էի ստացել ներկայանալ որպես դերասանուհի, բայց չեմ ասի՝ որ դերի համար: Դրա համար էլ ծանոթացել էի սցենարին, բայց քանի որ կերպարն ինձ այնքան էլ համապատասխան չէր, չընդունեցի առաջարկը»:
Հարությունյանը խոստովանեց՝ ուրախ է, որ իր ընկերները պահել են միջոցառման դրես կոդն ու հետաքրքիր ոճով են ներկայացել, իսկ հավանել է հատկապես Դիանա Մալենկոյի զգեստը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: